Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին «Украина 24» «հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մոտ ապագայում երկրի տնտեսությանն անխուսափելի աղետ է սպասվում և կոչ է արել ուկրաինական իշխանություններին «ինչ-որ բան անել»: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ 2021 թ․ սկզբից երկիրը սոցիալական վճարների հետ կապված խնդիրներ կունենա: Ըստ քաղաքական գործչի, տնտեսության «փլուզումը» կարող է հետաձգվել մի քանի ամսով, եթե ուկրաինական կողմը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ ևս մեկ համաձայնագիր ստորագրի:
«Բայց սա կբավականացնի ևս մի քանի ամիս, հակառակ դեպքում հիմնական սոցիալական պարտավորությունների և աշխատավարձերի վճարման հետ կապված մեծ խնդիրներ կառաջանան: Ուկրաինայում 1990-ական թթ․ ի վեր նման բան չի եղել», - ասել է Սահակաշվիլին:
Նա հավելել է, որ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրում իշխանությունները կարծես «զուգահեռ աշխարհում» են գտնվում: