60 տարեկան հասակում կյանքից հեռացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: Գրում է Russian.rt.com-ը։
El Clarin-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը սրտի կաթված է ստացել Բուենոս Այրեսի արվարձանում գտնվող իր տանը: Նա այնտեղ տեղափոխվել էր վերջերս կատարված վիրահատությունից հետո:
Հոկտեմբերի 30-ին Մարադոնան բժշկական հետազոտության համար հիվանդանոց էր տեղափոխվել։ Նոյեմբերի 2-ին Մարադոնան ընդունվել էր Լա Պլատա քաղաքի հիվանդանոց: Նրա մոտ սուբդուրալ հեմատոմա էր ախտորոշվել, Մարադոնան ուղեղի վիրահատության էր ենթարկվել: Նոյեմբերի 11-ին ֆուտբոլիստը դուրս էր գրվել հիվանդանոցից:
Մարադոնան խաղացել է տարբեր ակումբներում։ Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 91 հանդիպում և խփել 34 գոլ: 1986 թ. աշխարհի չեմպիոն էր դարձել։
1986թ․ ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Անգլիայի հետ խաղում Մարադոնան խփեց «Դարի գոլը», նույն խաղում գնդակը խփեց ձեռքով, այս դեպքը հայտնի դարձավ որպես «Աստծո ձեռք»:
Նա աշխատել է որպես Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ, որի հետ հասել է 2010 թ․ աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Ավելի ուշ նա մարզչական կարիերան շարունակեց ակումբներում: