Երկրի ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական անմեղսունակության շքերթը շարունկվում է, անգամ պատերազմը, ստորացուցիչ պայմաններով կապիտուլյացիան չփոխեց իրավիճակը։ Բոլորը լուրջ դեմքով հայտարարում են՝ չստորագրելու այլընտրանք չկար։ Անիմաստ եմ համարում ամեն դեպքում այս մարդկանց բացատրել, որ այլընտրանքը հենց իրենք են ոչնչացրել, բացառել, դարձրել անհնար։ Բացեք ցանկացած դասագիրք՝ ռազմաքաղաքական ղեկավարության գործառույթը հանգում է նման հանգուցալուծումը բացառող այլընտրանքներ գտնելուն, ստեղծելուն։ Հպարտ դեմքով հայտարարում են, թե բազմաթիվ դավաճանություններ ու դավաճաններ են եղել, բայց չեն հասկանում, որ իրենց գործառույթն էր բացառել դավաճանությունը, կանխել, հայտնաբերել և չեզոքացնել դավաճաններին։ Ասում են, ռազմաճակատ գնացող չկար, բայց պարզվում է տանող չի եղել, տանողն էլ իրենք պետք է լինեին։ Ասում են՝ լիքը դասալիք կար, բայց դասալքությունը թույլ չտվողը, պատժողը իրենք պետք է լինեին։ Ասում են՝ զենք չկար, բայց զենք ապահովողը իրենք պետք է լինեին։ Ասում են՝ կապիտուլյացիայի թուղթը իրենք չեն գրել, բայց իրենք են ստորագրել։ Ասում են՝ 25 հազար զինվոր հայտնվում էր շրջապատման մեջ, բայց շրջապատման սպառնալիքն իրենք են ստեղծել։
Հազար անգամ խնդրել ենք՝ գոնե մի խոսեք, այն ամենը, ինչ ասում եք, օգտագործվելու է ձեր դեմ դատարանում։ Իսկ դատ լինելու, սիրելի տղաներ և աղջիկներ։ Չկասկածեք, այս անգամ իսկապես ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու։ Պոկվող թերթիկներով օրացույցներ առեք ու սկսեք պոկել թերթիկները։