Սա անիշխանություն է, Կառավարությունն ամբողջությամբ մատնված է անգործության, ԱԺ-ն էլ գործում է պատվերով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ հանրության շրջանում մեծ հիասթափություն կա, քաղաքացիները ցանկություն են հայտնում արտագաղթել։
Ապագայի նկատմամբ, ըստ պատգամավորի, քաղաքացիները տեսլական չունեն։
«Բա իր նշանակումներին հլը նայեք, հնի եւ նորի արհեստական բաժանումը։ Ով իրեն հլու-հնազանդ ծառայում է՝ համարվում է նոր, ով իրեն չի ենթարկվում, համարվում է հին։ Հիմա պարզ հարց եմ տալիս, ո՞ւմ նշանակեց Պաշտպանության նախարար, իր գլխավոր խորհրդականին, որը նախկին կադր էր։ Նշանակեց մի մարդու, որը փաստորեն ոչ միայն չպիտի նշանակվեր, այլեւ պաշտոնանկ պիտի արվեր, որովհետեւ նրա խորհրդակցությամբ ինքը պատերազմը տանուլ է տվել»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։
ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս սահմանադրական կարգն է տապալել եւ գիտակցում է, որ երբ հրաժարական տա, հայտնվելու է իրավապահների ուշադրության ներքո, դրա համար էլ երկարաձգում է իր իշխանությունը։
Հնչող քննադատություններին, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները պաշտոնի համար են կռվում, Գեւորգ Պետրոսյանը նշում է, որ ինքը հիմա բարձրաստիճան պաշտոնյա է, եւ ինչո՞ւ պետք է ինքը շահագրգռված լինի պաշտոնակռվի համար։
«Եթե մեզ այսօր հետաքրքրեր մեր պաշտոնը, մեր փափուկ կյանքը, կասեինք՝ մենք գործ չունենք, ձայն չհանենք, աշխատավարձ, խրախուսում ստանում ենք եւ այլն։ Մենք պաշտոնի կարիք չունենք, մենք այսօր պաշտոն ենք զբաղեցնում»,- ասաց նա։