Զարմանալիորեն այդ մարդը ընդհանրապես արժանապատվության զգացում չունի և այս ամենից հետո շարունակում է կառչած մնալ աթոռին և շարունակում է ինչպես նախկինում ահաբեկել այն պետական կառույցներին, որոնք իր կարծիքով իրեն չեն ենթարկվում։ Սա կարելի է ասել դատարանների երկրորդ շրջափակում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և դատական իշխանության ներկայացուցիչների հանդիպմանը։
«Գործադիր իշխանությունը շրջափակում և ճնշում է դատական իշխանությանը»,-նշեց Իշխանյանը՝ հավելելով, որ զարմանում է նաև դատավորների վրա, որոնք Սահմանադրությամբ անկախ են և չպետք է այդ հրավերն ընդունեին, ինչ կապ ունեն նրանք գործադիր իշխանության հետ։
Ըստ նրա՝ նրանք, որոնք չեն եկել, ունեն դատավորի արժանապատվության զգացողություն։
«Գուցե ոմանք ուղղակի հարգելով պաշտոնը՝ որոշել են գալ։ Շատ լավ կլինի, որ բացատրություն տան՝ ինչու են եկել և ինչ խորհրդակցություն է եղել։ Այս հանդիպումից հետո մենք կտեսնենք, թե ինչ գործընթացներ են իրականանանում»,- նշեց Իշխանյանը։
Իշխանյանը չի բացառում, որ կհարուցվեն նոր քրեական գործեր և գտնում է, որ նպատակը դատավորներին ճնշելն է, որ հարուցված քրեական գործերով կատարել իր հրահանգներ, ինչպես՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական մարմինները։
«Նրա նպատակն այն է, որ դատավորները նույնպես կատարեն իր հանձնարարությունները և իր կարծիքով վտանգավոր, ընդդիմադիր գործիչները հայտնվեն անազատության մեջ և ինքը հանգիստ շարունակի երկիրը հանձնել թշնամուն» ,- նշեց Իշխանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։