Բոլոր կուսակցություններն էլ ունեցել են վարչապետի իրենց թեկնածուն և իրենց պատկերացումները, թե իրենց քաղաքական ուժից ո՞վ կարող է ճգնաժամային այս իրավիճակում ստանձնել այդ պատասխանատվությունը, սակայն բոլոր քաղաքական ուժերն իրենց ամբիցիաները դրել են մի կողմ և թեկնածուի հարցում եկել են կոնսենսուսի՝ հաշվի առնելով թե՛ Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը, թե՛ հակաճգնաժամային գործընթացներում նրա կարողունակությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մենք այս հարցում ունեցել ենք կոնսենսուս, այո՛, Վազգեն Մանուկյանը առաջադրվում է, որպես անցումային ժամանակաշրջանի Կառավարության ղեկավարի թեկնածու: Առավել քան վստահ ենք, որ նա բոլոր քաղաքական ուժերի և փորձագիտական շրջանակների աջակցությամբ և կարող թիմի մասնակցությամբ՝ Կառավարության կազմով կարողանալու է անցումային այս ժամանակահատվածում երկիրը դուրս բերել ստեղծված օրհասական և ճգնաժամային իրավիճակից»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե Խորհրդարանում ինչպիսի գործընթացներ են տեղի ունենալու, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն լիահույս է, որ «Իմ քայլը»–ում կան ազգային մտածողությամբ օժտված մարդիկ, ովքեր գիտակցում են ստեղծված ճգնաժամային իրավիճակի լրջությունը և հասկանում են, որ այսօր պարտված իշխանությունները որևէ կերպ չեն կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացին:
«Ինչ վերաբերում է Խորհրդարանական գործընկերներին, դուք շատ լավ գիտեք, որ ռազմական դրության պայմաններում իմփիչմենթի գործընթացի ձեռնարկումը տեխնիկապես անհնարին է, բայց ես առավել քան վստահ եմ, որ տեխնիկական խնդիրները լուծվելու են և մենք խորհրդարանական մեր գործիքակազմը օգտագործելով և արտաքին հանրության ճնշման ներքո հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, նոր անցումային կառավարության ձևավորման և խելամիտ ժամկետներում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը»,– ասաց նա:
Հարցին, թե արդյոք «Լուսավոր Հայաստան»-ի հետ քննարկումներ եղել են, նոր թեկնածուի վերաբերյալ, Տոնոյանը նշեց, որ ԼՀԿ-ի հետ քննարկումներ չեն ունեցել, բայց Փաշինյանի հրաժարականի հետ կապված ԼՀԿ չի ունեցել բացասական դիրքորոշում, և կարծում է, որ դեմ չեն արտահայտվի:
Պատգամավորը նշեց, որ շաբաթ օրը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը ներկայացնելու է ճանապարհային քարտեզը և առաջիկա այն քայլերը, որոնցով հնարավոր է երկիրը դուրս բերել օրհասական ճգնաժամից: