Երկրի վիճակն ահավոր ծանր է, վտանգավոր, մենք անդունդի մեջ ենք, ես 5-6 ամիս առաջ, որ զգուշացրել էի Արցախի համար, հիմա նույն վտանգները Հայաստանի առաջ են ծառացած։ Փոփոխություններ պետք է լինեն, այնպիսի մարդ պետք է լինի, որ կարողանա այս ծանր վիճակից՝ տնտեսական, քաղաքական, նաեւ բանակցություններում դուրս բերի մեզ այս վիճակից։ Այս մասին մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հացազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Հիմա 100 հազար մարդ պետք է դուրս գար փողոց, դուրս են գալիս 20-25 հազարը, պետք է հասկանանք, որ հազարավոր մարդիկ սգի մեջ են, կոտրված են, այնպես չէ, որ լավ օրից չեն դուրս գալիս, զավակ ու տուն են կորցրել, ամուսին ու հայր, շատերը իրենց զավակների մարմիններն են որոնում, որ վաղը տեղ ունենան այցելելու», ասել Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ նախագահը հիշեցրել է, որ հունիսի 5-ին ինքն ահազանգել էր, որ երկրին քաղաքական, տնտեսական, կորոնավիրուսի համավարակի ու Արցախի հարցում ծանր օրեր են սպասվում, պետք է լիարժեք զբաղվել խնդիրներով։
«Ասում են՝ գործ ենք հարուցել, այդ պատճառով էլ խոսում է։ Գործը հարուցվել է իմ հայտարարությունից հետո։ Այսօր ես ուզում եմ՝ հանրությունը գնահատականը տա։ Պետք էր լսել Ծառուկյանին, որ այսպիսի ճակատագրի արժանանայինք։ Սխալը կառավարումից է գալիս, անփորձ են։ Հիմա հազարավոր զոհեր ունենք, հաշմանդամներ, 40 հազար մարդ անտուն է մնացել, առաջահերթ այս խնդիրներով է պետք զբաղվել։ Տարատեսակ հայտարարություններով՝ զրոյից ենք սկսում, ինչ-որ պետք է՝ այն էլ բանակցում ենք, պետք է ձեռնտու լինի Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին, հետո էլ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Տավուշում մի ուազիկի պատմությունը սարքեցին մի կաթիլ մեղրը, հարյուր մեդալ շնորհեցին, ոնց որ առիթ տվեցին այս պատերազմը սկսելու», նշել է Գ․Ծառուկյանը։
Ըստ ԲՀԿ առաջնորդի ստեղծված վիճակից դուրս գալը մեկ քաղաքական ուժերից վեր է, բոլոր խնդիրներն է լուծելի են, բայց համախմբում է պետք, պետք է այն մարդու ուսերին դնել, որը կարող է դրանք լուծել։
«Ես իմ համաձայնությունը տվել եմ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, որովհետեւ նա ունի ճգնաժամային կառավարման փորձ, եղել է այս հանրապետությունը ստեղծողներից մեկը, վարչապետ, պաշտպանության նախարար», ասել է նա։ Ի պատասխան իր թեկնածությունը չառաջադրելու մասին հարցին, Գ․ Ծառուկյանը նշել է, որ դա իր անձնական որոշումն է եւ հետագայում առիթ կլինի այդ թեմայով խոսելու։
Երկրի համար ծառացած խնդիրներից Ծառուկյանը մատնանշել է գերիներին արագ տուն վերադարձնելու հարցը, անտուն մնացածների համար, ըստ նրա՝ այժմ 10 հազար նոր տուն պետք է կառուցել, հաշմված երիտասարդների համար, որոնք գնացել հայրենիքի համար են կռվել, շտապ պետք է պրոթեզավորման խնդիր լուծել։ Առաջնահերթ է նաեւ ֆինանսական հարցը․
«Դատարկ-դատարկ խոսելով, ֆեյքերով երկիր չես պահի։ Բյուջեի գումարները չեն բավարարելու, մեզ առաջիկա երեք տարին տարեկան մեկ միլիարդ լրացուցիչ պետք է բերել վիճակը շտկելու համար։ Պետք է քայլեր կատարենք, դիվանագիտական աշխատանքով արդյունքի հասնենք»։
Պատերազմին վատ պատրաստվելն ու դրանում պարտությունը Գագիկ Ծառուկյանը պայմանավորում է իշխանության անունակությամբ, չբացառելով դիտավորությունը․
«Սեպտեմբերի 29-ին արդեն Պետդումայում մեր գործընկերը՝ Վոլոդինը, նիստ է հրավիրել, պատրաստ են եղել մեծ պատվիրակությամբ գալ, կանգնեցնել պատերազմը, չեմ կարող ասել՝ ինչու իշխանությունը չի ընդառաջել այդ ցանկությանը։ Այդպիսի քայլի գնալու համար պետք է վստահ լինես, որ հաղթելու ես, բայց ինչպես կարող ես հաղթել, երբ Թուրքիայի բանակն է ներգրավված, նրանք անօդաչուներով հասան այս պատերազմում առավելության, մինչդեռ սելֆիի համար գնած ՍՈՒ-երի փոխարեն 100 միլիոն դոլարով կարող էին 2 դիվիզիո ՏՈՌ համակարգ բերել եւ ամբողջովին փակել Արցախի երկինքը։ Այնտեղ մի 3 տոկոսն է եղել ավտոմատով կռիվ, հարցրեք զինվորներին ու ազատամարտիկներին, օդում պտտվում են, ձայնը լսվում է թե չէ՝ երեք վայրկյանից խփում է», պատմել է ԲՀԿ առաջնորդը։
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ աշխարհում այդպիսի դեպք չի եղել, երբ այսքան զոհերով ու վիրավորներով պատերազմից հետո, հայրենիքի այդքան մեծ հատված կորցրած, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը չհեռանա։