Վերջին շրջանում արտաքին աշխարհին ուղղված բոլոր ուղերձները, որոնք պետք է հնչեին պետական տարբեր գերատեսչությունների, այդ թվում և վարչապետի մակարդակով, հնչեցվում են վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի շուրթերով։
Անգամ երբ հարևան երկու երկրների ղեկավարները սպառնալիքներ հնչեցրեցին ՀՀ հասցեին ու տարածքային պահանջներ արտահայտեցին միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, ՀՀ-ն բավարարվեց ընդամենը վարչապետի խոսնակի մակարդակով նման քայլը դատապարտելով, ընդ որում, խոսնակի հայտարարությունն էլ պաշտոնական չէր, այլ հարցազրույց էր լրատվամիջոցին։
«Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»,- հայտարարեց Գևորգյանը ի պատասխան Ալիևի նկրտումների Սևանի, Սյունիքի և Երևանի նկատմամբ։
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ի տխրահռչակ համաձայնագրից հետո ստեղծված իրավիճակում այլևս զարմանալի չէ, որ ՀՀ-ն պետական մակարդակով չի արձագանքում իր սուվերեն տարածքների նկատմամբ ագրեսիայի սպառնալիքներին։
«Ցավոք սրտի նոյեմբերի 10-ի այդ տխրահռչակ համաձայնագրից հետո ադրբեջանի նախագահը, իրենց պաշտոնյաները, հասարակությունը, ամենավերջին ձևով ծաղրում են Հայաստանը, Հայաստանի իշխանություններին, ժողովրդին։ Եվ որևէ ձևով այդ ծաղրանքին արձագանք չկա։ Գոնե պաշտոնական բողոքի նոտա կարող էր հղվել պետական մակարդակով իրականացվող հայտարարությունների վերաբերյալ։ Բայց նման բան մենք չտեսանք։ Սրանից հետո սպասել, որ այլ հայտարարություններին ինչ-որ մեկը կարձագանքի, արդեն անիմաստ է»,- ասում է նա։
Անդրադառնալով հարցին, թե վերջին շրջանում բազմաթիվ հակահայկական, այդ թվում և սպառնալից հայտարարություններ են հնչում թե Թուրքիայի, թե Ադրբեջանի կողմից, արդյոք դրանք հայտարարություններ են ուղղակի հնչեցնելու համար, թե կանխորոշում են այդ երկրների հետագա քաղաքականությունն ու գործողությունները, Իսպիրյանը պատասխանում է, որ պարզապես հնչեցվելու համար որևէ հայտարարություն չի արվում։
Որպես այդպիսին նա առանձնացնում է Էրդողանի այն հայտարարությունը, թե Թուրքիան հայ ժողովրդի հետ խնդիր չունի։ Մասնագետը նշում է, որ ցավոք սրտի, հայաստանյան մամուլը հենց այս սին հայտարարությունն է նկատել ու կենտրոնացել դրա վրա։
«Սա շաբլոն արտահայտություն է, որ հնչեցնում են երկու թշնամի երկրները։ Իսրայելն Իրանին է ասում, որ Իրանի ժողովրդի հետ որևէ խնդիր չունի, նույնն ԱՄՆ-ն ասում է Իրանին, արաբական երկրները դա ասում են Իսրայելին։ Դրանք ծեծված, ոչինչ չասող, արժեզրկված բառեր են»,- ասում է Իսպիրյանը։
Փոխարենը մասնագետն ուշադրություն է հրավիրում Բաքվի զորահանդեսի ժամանակ Էրդողանի և Ալիևի արած հայտարարություններին՝ շեշտելով, որ դրանք սպառնալիք էին Հայաստանի ազգային անվտանգությանը։
«Թե Էրդողանի, թե Ալիևի հայտարարություններում ընդհանուր էր մի բան․ պատերազմը դեռ չի ավարտվել և սա միջանկյալ հաղթանակ է իրենց համար, իրենք դեռ պահանջներ ունեն Հայաստանից։ Այս ամենը լուրջ մտահոգություն պետք է լինի ՀՀ իշխանությունների համար, ոչ թե պիտի մտածենք, թե ինչպես հապշտապ առևտուր անենք և նման այլ հայտարարություններ անեն»։
Թուրքագետի համար զարմանալի է ՀՀ էկոնոմիկայի նախարարի և մի շարք պատգամավորների լավատեսությունը, որոնք վերջերս շարունակ հայտարարում են թուրք-ադրբեջանական շուկաների ու նավահանգիստների հասանելիության և առևտրատնտեսական ու դիվանագիտական հարաբերությունների դրական հեռանկարի մասին։
«Ինձ համար բավականին աբսուրդ է, թե ինչ լավատեսական զարգացումներից ելնելով են մեր իշխանությունները հայտարարում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին։ Պայմանավորվածության մեջ ի՞նչ կետեր կային, որոնք ստիպեցին, որ դեռ գերիներին չհանձնած, դեռ այս խառնաշփոթը չավարտված այդքան լավատես լիեն»,- հարց է բարձրացնում թուրքագետը՝ շեշտելով, որ ողջունելի է ցանկացած հակամարտող երկրների միջև հարաբերությունների վերականգնումը։
«Մենք տեսնում ենք ԱՄԷ-Իսրայել, Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների ջերմացումը, և այլն, բայց այդ երկրների դեպքում կան երկկողմ ազդակներ, պայմանավորվածություններ։ Մեր դեպքում Ադրբեջանի կողմից այդ ազդակները չտեսա։ Եթե նման ազդակներ լինեին, նորմալ էր։ Այս պայմաններում առևտրով և դիվանագիտական հարաբերություններով ոգևորված լինելն անտեղի է։ Ամեն ինչ պետք է գնահատել ըստ իրավիճակի»,- ասում է նա՝ հավելելով, որ մեր իշխանությունները պարտավոր են հաշվի առնել Ալիևի և Էրդողանի ելույթները, վերլուծել, համապատասխան հետևություններ անել և գործել ըստ այդմ։
«Երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ էր արվում, Հայաստանն անընդհատ ասում էր՝ առանց նախապայմաններ, Թուրքիան ասում էր՝ նախապայման կա։ Տեսանք, որ մի կողմի ցանկությունը բավարար չէր, որ կարգավորվեր։ Նույնը և հիմա»,- ասում է Իսպիրյանը։