Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն Արսեն Հարությունյանին (57 կգ) հաջողվեց նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր:
2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ: Կիսաեզրափակչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկեց 2017թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյի հետ և հաղթեց լարված պայաքարում՝ 5:4:
Կիսաեզրափակչում 21-ամյա հայ ըմբիշի մրցակիցը կլինի Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր (2018, 2020թթ.), 2019թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 24-ամյա սերբ Ստևան Անդրիա Միչիչը: