f

Անկախ

Ուսուցիչները՝ համ նալին, համ մեխին խփելու քաղաքականության զոհ


Ուսուցիչներին ծեծում ու նվաստացնում ենք, իսկ հետո մեղադրում, որ իրենց առաքելությունը լավ չեն իրականացնում։ Օրերս տեղի ունեցած միջադեպը, երբ ծնողը դասարանում աշակերտների ներկայությամբ հարվածել ու քաշքշել էր իր երեխայի ուսուցչին, հասարակությունում առկա տրամադրությունների ու ուսուցիչների խոցելի ու անպաշտպան վիճակի լավագույն դրսևորումն է։  Հասարակության անտարբեր արձագանքը միջադեպին ևս։ 

Չգիտես թե ինչպես, բայց անպես է ստացվել, որ մարդիկ, որոնք պնդում են, թե դպրոցահասակ  տարիներին իրենց ուսուցչին գերմարդկային էակ են համարել և անգամ չեն իմացել, որ  ուսուցիչն,  օրինակ՝ հաց է ուտում կա զուգարան գնում, այսօր զարմանալիորեն չունեն տարրական հարգանք ուսուցչի հանդեպ։ 

Ո՞վ է ուսուցիչը, մարդ, որը կրթում ու դաստիարակում է սերունդներ, իր վարքով ու կերպարով օրինակ դառնում շատերի համար։ Մութ ու ցուրտ տարիներին, երբ կրթությունը միանգամից արժեզրկվեց ու շատերի աչքին դարձավ անիմաստ մի բան, արժեզրկվեց նաև ուսուցչի գործը։ Հետո եկավ պահ, որ իրենց երեխայի «լավը ցանկացող» և նրան կյանքի ամեն դժվարությունից հեռու պահելու մոլուցքով տարված ծնողները հասկացան՝ երեխային խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի տեղավորելու համար կրթությունն էական չէ, բայց էական է կրթության մասին վկայող թղթի կտորը՝ դիպլոմը։ Եվ այստեղից էլ սկսվեց և թափ հավաքեց միտումը, թե «ուսուցիչն ով է, որ․․․» և «ես ավելի լավ գիտեմ, թե իմ երեխային ինչ է պետք»։ 

Սրան զուգահեռ անցած 30 տարիներին պետական համակարգը ջանք ու եռանդ չխնայեց ուսուցչին հեղինակազրկելու համար։ Խեղճ մանկավարժներին սարքեցին էլ ընտրակեղծարար, էլ կաշառակեր։ Բանն այնտեղ է հասել, որ շատ դպրոցներում արգելված է ուսուցչին անգամ ծաղիկ նվիրելը, քանի որ դա կարող է դիտարկվել որպես կաշառք։ Եվ ուսուցչի հեղինակազրկմանը զուգահեռ ուսուցչին զրկել են նաև ամեն իրավունքից։ Ուսուցիչը Հայաստանում ունի միայն պարտականություններ և չունի իրավունքներ։ Այս խնդրին անդրադարձել ենք դեռ նախորդ տարի, երբ ուսուցիչների էթիկայի վարքականոնն էր քննարկվում։ 

Արդյունքում ո՞վ է ուսուցիչը Հայաստանում։ Մարդ, որն օրական 8 և անգամ 10 ժամ աշխատելու դիմաց ստանում է գրոշներ․ պետական համակարգի ամենացածր վարձատրվողներից են մանկավարժները։ Ի տարբերություն տարեկան տասնյակ հազարավոր դոլարներ հավելավճարներ ստացող նախարարների և պատգամավորների, ուսուցիչը չունի հավելավճար, չունի արտոնություններ և շնորհիվ պետական հետևողական քաղաքականության, չունի անգամ հարգանք հասարակության մեջ, որով կփոխհատուցեր նյութական զրկանքները։ 

Ուսուցիչը դարձել է ձայնազուրկ, իրավազուրկ մեկը, որին թե պետական համակարգը, թե ծնողները դարձրել են քավության նոխազ։ Որպես լրագրող ուսուցիչների հետ շփման տասը տարվա փորձ ունեմ։ Այս տարիներին մեկ անգամ չէ, որ լսել եմ նրանց դժգոհությունը՝ չես կարող աշակերտին մի բան սովորեցնել, եթե ծնողը դեմ է դրան, իսկ ծնողները հաճախ են իրենք իրենց որոշում, թե դպրոցական որ առարկան է ավելորդ և անպետքական իրենց երեխայի համար։ Եթե ամփոփեմ մանկավարժների պատմածները, ստացվում է հետևյալ պատկերը․ մոտավորապես 7-8-րդ դասարաններից շատ ծնողներ որոշում են, թե  որ  առարկաներն իրենց երեխային  այլևս պետք չեն։ Այդ պահից սկսած, ունենալով ծնողի թույլտվությունը, երեխաներն «անպետքական առարկաներին» մատների արանքով են նայում, չեն սովորում, այդ դասաժամերին այլ բաներով են զբաղվում։ Երբ ուսուցիչը փորձում է ծնողի հետ խոսել իրավիճակի մասին կամ երեխային նկատողություն է տալիս կամ անբավարար նշանակում դասին  անպատրաստ ներկայանալու համար, դառնում է ծնողի հարձակման թիրախ։ Ծնողները որպես կանոն սպառնում են դիմում-բողոք գրել և ուսուցչին ազատել տալ, եթե համարձակվի իրենց երեխային «նեղել» (օրերս տեղի ունեցած միջադեպի հիմքում էլ նման մի պատմություն է՝ ուսուցիչը նկատողություն է արել երեխային շատ բացակայելու պատճառով)։ Հիմնավորումը մեկն է՝ «ծնողը ես եմ, ես ավելի լավ գիտեմ, թե ինչ է պետք իմ երեխային»։ 

Ուսուցիչն էլ, չունենալով պաշտպանության որևէ մեխանիզմ,  հաշվի առնելով իր կոչմանը կպցրած զանազան պիտակները և իր խոցելիությունը համակարգի առջև,  վախենալով մնալ առանց գրոշների, որ որպես վարձատրություն ստանում է, ստիպված կուլ է գնում իրավիճակին՝ էլ ավելի նվաստանալով ու հեղինակազրկվելով։ 

Ստեղծվել է արատավոր փակ շղթա, որ ավելի ու ավելի է խորացնում խնդիրը։ 

Հաճախ մեր հանրակրթական  համակարգը համեմատում ենք Ֆինլանդիայի հետ՝ նշելով, որ նրանցից ընդօրինակելու շատ բան ունենք։ Այո, ունենք։ Հատկապես ուսուցչի կարգավիճակի առումով։ Ֆինլանդիայում ուսուցչի պատասխանատվությունը մեծ է։ Բայց փոխարենը նա ստանում է ամենաբարձր աշխատավարձը պետական համակարգում։ Ավելին, կրթելու պատասխանատվություն ստանձնած անձը հասարակությունում հարգված է, ակնածանքի արժանի։ Արդյունքում այդ երկրում լավագույնները ձգտում են դառնալ ուսուցիչ՝ ապահովելով բարձր մրցակություն թափուր յուրքանչյուր տեղի համար։ 

Երբ  մեր հասարակությունում էլ ուսուցիչը դադարի լինել բոլորի ձախողումների քավության նոխազը և մի քիչ հարգանքի արժանանա, այնժամ գուցե տեղին կլինի ուսուցիչներից ինչ-որ բան պահանջելը։ Իսկ քանի դեռ թե պետական այրերը, թե ծնողները ուսուցչից «լավ» գիտեն նրա գործը, իսկ ուսուցիչը երկուսի իրավազուրկ կամակատարն է, ուսուցչին ծեծելու դեպքերն ավելի ու ավելի հաճախակի դրսևորում կունենան։ 

Եվ չնայած խոսեցինք միայն ուսուցիչների մասին, բայց խնդիրն ավելի լայն է։ Պետական շատ  ոլորտներում ենք մեր հեղինակազրկել մասնագետներին, զրկել նրանց պաշտպանության ամեն մեխանիզմից և հիմա արդյունք ենք պահանջում։ Ուսուցչի նման  քավության նոխազի վիճակում են սպաները, ոստիկանները և ոչ միայն։ 

 

 

մանկավարժ ուսուցիչ էսսե

Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
Ավելին
Ավելին