f

Անկախ

«Քաղաքական գործիչներ միգուցե ունենք, պետական գործիչներ՝ ոչ»․ Հարություն Մեսրոբյանի նոր նախաձեռնությունը


Անկախ-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախկին անդամ, տ․գ․թ․, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ակնարկեցիք նոր նախաձեռնության մեկնարկի մասին, որի փակագծերը, սակայն շատ չբացեցիք։ Ի՞նչ նախաձեռնություն է դա, ո՞րն է նպատակը և ինչպե՞ս եք պատրաստվում դա իրագործել։

-Երկար ժամանակ ես ուզում էի հասկանալ, թե ինչու արդեն 30 տարի Հայաստանում այդպես էլ չեն մշակվում ռազմավարական ծրագրեր։ Բացի այն, որ մենք՝ հայերս, չունենք համակարգային մտածելակերպ, իսկ դա երկրի զարգացման պարտադիր պայմաններից մեկն է, ինձ համար կարևոր էր նաև հասկանալ՝ արդյո՞ք բոլորն են այդ վիճակում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է ազգային էլիտան, որը, պարզվեց, մենք չունենք։ Միգուցե կան առանձին անհատներ, բայց որպես երևույթ, որպես շերտ մենք չունենք ազգային էլիտա։ Դրա պատճառներից մեկն այն է, որ մենք 7 դարից ավելի պետություն չենք ունեցել։ Մի օրինակ բերեմ՝ Հայաստանի առաջին հանրապետություն, երկրորդ և երրորդ հանրապետություններ․ պետականաշինության, տնտեսութան զարգացման ոլորտում մենք մեծ առաջընթաց ենք գրանցել միայն երկրորդ հանրապետության ժամանակ, քանի որ հիմնականում կառավարվել ենք դրսից։ Իսկ առաջին և երրորդ հանրապետությունների ժամանակ մենք տեսանք, որ մեզ մոտ պետականաշինությունն ու պետության զարգացումն այդպես էլ չի ստացվում։ Եվ դա ապացույց է, որ մենք, այնուամենայնիվ, չունենք ազգային էլիտա, այն էլ պետականաստեղծ։

-Անկախ պետության 30 տարիները բավարար ժամանակ չէի՞ն ազգային էլիտա ձևավորելու և պետությունը զարգացման ճանապարհով տանելու համար։

-Ցավոք, իմ ուսումնասիրությունների արդյունքում եկել եմ այն մտքին, որ այն առավելագույնը, ինչին մենք կարողացել ենք հասնել, քաղաքական գործիչների կայացումն է։ Մենք քաղաքական գործիչներ միգուցե ունենք, բայց պետական գործիչներ՝ ոչ։ Պետք է հասկանալ քաղաքական գործիչների և պետական գործիչների տարբերությունը։ Դրա սահմանումը փայլուն ձևով տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը․ «Քաղաքական գործիչը մտածում է մոտակա ընտրությունների մասին, պետական գործիչը՝ երկրի վաղվա մասին»։ Այսինքն, այստեղից բխում է, որ քաղաքական գործիչն ի վիճակի չէ ռազմավարական տեսլական ունենալ պետականաշինության հարցում, որովհետև իր ամենահեռավոր հորիզոնը մոտակա ընտրություններն են, իսկ պետական գործչի համար ընտրությունները միջոց են պետականաշինության համար և ոչ թե նպատակ։ 

-Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, որը բավականին ակտիվ քաղաքական գործիչ էր, իշխանության գալուց հետո դարձա՞վ պետական գործիչ, թե ոչ։

-Ե՛վ նախորդ 3 նախագահները, և՛ այսօրվա վարչապետը չունեն պետական զարգացման ռազմավարություն, ծրագիր։ Իսկ դա առաջին ցուցիչն է՝ մարդը պետակա՞ն գործիչ է, թե՞ քաղաքական։

-Վերադառնանք Ձեր նախաձեռնությանը։ Խնդրում եմ ձևակերպեք Ձեր նպատակը, առաքելությունը և այն կոնկրետ քայլերը, թե ինչպես եք պատկերացնում այդ գաղափարի իրագործումը։ 

-Իմ նպատակն է համախմբել պետական մտածողություն ունեցող անձանց, գործիչներին և ժամանակի ընթացքում ձևավորել այն էլիտան, որը թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես և թե՛ մտավորապես պատրաստ կլինի վերցնել երկրի կառավարման ղեկը և երկիրը զարգացնել՝ կոտրելով այն թրենդը, այն դառը փորձը, որ մենք ունեցել ենք վերջին հարյուր տարվա ընթացքում։

-Գործընթացի մեկնարկը տրվա՞ծ է, ի՞նչ փուլում եք հիմա։

-Կառավարման մեջ, երբ նոր նախաձեռնություն է սկսվում, ազդակները տալիս են և հետևում ֆիդբեքներին, արձագանքներին։ Այս մասին դեռ նոր է բարձրաձայնվում, բայց արդեն կան հետաքրքրված մարդիկ, որոնք ուզում են խոսել, քննարկել, պատրաստակամություն են ցուցաբերում ինչ-որ ձևով ներգրավվել այս պրոցեսին, բայց ես դեռևս չեմ շտապում։ Ես առայժմ հետևում եմ և հավաքում արձագանքները։

-Ո՞րն է լինելու հաջորդ քայլը։

-Հաջորդը լինելու է զտման և հավաքագրման փուլը։ Սովորաբար մեզ մոտ որևէ նախաձեռնություն, շարժում սկսելուց առաջ նախ հավաքագրում են, հետո սկսում զտել։ Կառավարման տեսանկյունից դա շատ վտանգավոր է։ Արտաքնապես թվում է հեշտ, բայց հետո սովորաբար աշխատում է Պարետոյի սկզբունքը, երբ 80 տոկոսը անհաջող մարդիկ են, բայց նրանք մեծամասնություն են և սկսում են ճնշել որակյալ փոքրամասնությանը։ Եվ ինչ-որ ժամանակից անց այդ շարժումը կա՛մ «խեղդվում է», կա՛մ ձևափոխվում և դառնում լրիվ ուրիշ բան։ Դրա համար ավելի արդյունավետ է զտել, հետո հավաքագրել։

-Ի՞նչ չափորոշիչներով են զտվելու և հավաքագրվելու մարդիկ։ Դուք այդ չափորոշիչներն ունե՞ք։

-Այո, կան այդ չափորոշիչները, մոտավորապես 20 չափորոշիչ։ 

-Կնշե՞ք մի քանիսը։ Նաև հետաքրքիր է՝ Ձեր մտքում կա՞ն արդեն որոշակի մարդիկ, որոնք բավարարում են այդ չափորոշիչներին։

-Չափորոշիչները 3 բլոկում են՝ բարոյական, մտավոր և ազգային։ Օրինակ՝ երբ մարդը սեփական կյանքով ապացուցում է այն սկզբունքները, որոնք քարոզում է, և դա նաև իր «բեքգրաունդից» է երևում։ Կամ, եթե մարդը արական սեռի ներկայացուցիչ է, պարտադիր պետք է ծառայած լինի բանակում։ Մի կողմ թողնելով բանակում ծառայելու, հայրենիքը պաշտպանելու հուզական կողմը՝ ես կարծում եմ, որ եթե մարդը հավակնում է լինել պետական գործիչ, ապա պետք է կարողանա կառավարել, իսկ կառավարելու համար պետք է իմանա նաև կառավարվել։ Բանակը շատ լավ դպրոց է կառավարվելու ունակություններ ձեռք բերելու համար, որպեսզի հետո զարգանալով՝ ունենա կառավարման ունակություններ։

-Եթե սրան ավելացնենք նաև մեր երկրի ու տարածաշրջանի առանձնահատկությունները, ապա բանակում ծառայած լինելու գործոնը շատ ավելի է կարևորվում։

-Ասեմ ավելին․ ինձ մոտ մշակված կա Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագիրը, որտեղ թիրախներից մեկն այն է, որ Հայաստանը դատապարտված է լինել միլիտարիզացված, մոբիլիզացված պետություն։ Այլ տարբերակ չունենք։ Շատ են սիրում Սինգապուրի հետ համեմատություն անել, բայց գրեթե ոչ ոք չգիտի, որ Սինգապուրի հրաշքի կնքահայրը՝ Լի Կուան Յուն, իր կառավարման առաջին հինգ տարում բացառապես զբաղվել է ռազմական հարցերով, բանակաշինությամբ և հետո նոր սկսել է զարկ տալ տնտեսությանը։  Վերցնենք Իսրայելի օրինակը, որտեղ թիվ մեկ խնդիրը երիատասարդության մեջ ռազմական ոգին բարձրացրելն էր, և այսօր, եթե որևէ մեկը փորձի խուսափի ծառայությունից, առաջի հերթին հասարակությունը կդատապարտի։ Կամ եվրոպական երկրներից Շվեյցարիան, որտեղ 10 միլիոն բնակչություն չկա, բայց 48 ժամում այն դառնում է մի քանի միլիոնանոց բանակ, և  տարին առնվազն 3 շաբաթ Շվեյցարիայի բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է մասնակցեն մոբիլիզացիոն հավաքի՝ անկախ զբաղեցրած դիրքից։

-Պարոն Մեսրոբյան, այսօր մեր իրականության մեջ կա՞ն բավարար թվով պետական մտածողությամբ գործիչներ, որոնք կկարողանան ձևավորել այդ ազգային էլիտայի շերտը, որն էլ իր հերթին, ինչպես նախատեսում եք Դուք, հետագայում իր ձեռքը կվերցնի պետության ղեկը։

-Որպեսզի երկիրը բարեհաջող և նպատակաուղղված կառավարվի, մեզ պետք է այդ չափորոշիչներին համապատասխանող 555 նման մարդ, ներառյալ նաև Արցախը։ Քանի որ ես 1988 թվականից սկսած շատերին եմ ճանաչում և ճանաչում եմ անձամբ, ապա իմ աչքի առաջ կան նաև որոշակի մարդիկ, որոնք ինչ-որ չափով մոտ են այդ չափորոշիչներին։ Բայց ես դեռևս անուններ չեմ տա։ 

-Արդյո՞ք այսօր մեր երկրում կա այն բարենպաստ միջավայրը, պարարտ հողը, որպեսզի հնարավոր լինի իրագործել Ձեր գաղափարը։ 

-Ես պատասխանեմ Նժդեհի մի խոսքով․ «Այն ազգը, որը չի ուզում պարտվել, չի պարտվում»։ Հիմա մենք ունենք անառողջ հասարակություն, որովհետև ուշ ենք հասկանում մեր սխալները։ Միգուցե իրականում մենք չե՞նք ուզում ունենալ հզոր պետություն։ Իսկ եթե չենք ուզում, ապա հաստատ չենք ունենա։

-Եթե չունենանք ուժեղ պետություն, մեր գոյատևելու շանսերը որքա՞ն են՝ հաշվի առնելով այն աշխարհագրական դիրքն ու պայմանները, որոնցում գտնվում ենք։

-Շանսեր գրեթե չկան շատ պարզ պատճառով․ թուրքերն, ի տարբերություն մեզ, մտավարժանքներով չեն զբաղվում, նրանք շատ կիրառական են մտածում։ Եթե նայեք թուրքական աշխարհի քարտեզը, ապա գլուխը գտնվում է Թուրքիայում, իսկ մարմինը՝ սկսած Ադրբեջանից, մինչև ույգուրներ, Չինաստան։ Մեր աշխարհագրական դիրքով մենք նստած ենք «Մեծ Թուրանի» կոկորդին և փաստորեն գլուխն անջատում ենք մարմնից, իսկ թուրքերի գերնպատակը գլուխը մարմնին միացնելն է։ Արցախյան պատերազմում մեր հաղթանակը է՛լ ավելի սեղմեց «Մեծ Թուրանի» կոկորդը՝ ավելի ոխերիմ թշնամի դարձնելով մեզ թուրքական աշխարհի համար։ Հիմա այդ խաղաղասերները, որ խոսում են փոխզիջումներից, իրականում թուրքերի դաշտում են խաղում։ Այո, մենք մեր աշխարհագրական դիրքով փակել ենք թուրքական աշխարհի միացման ճանապարհը և հենց սա՛ է մեր աշխարհագրական դիրքի լրջությունը։ Եվ երբ ասում են՝ ծով չունենք, էս չունենք, էն չունենք, մենք նախևառաջ՝ խե՛լք չունենք։ Մենք պարզապես պետք է կարողանանք մեր աշխարհագրական դիրքից օգտվել, ոչ թե լացենք ու խաղաղություն մուրանք։

-Հետաքրքիր է, մեր պատմության մեջ Ձեր նախաձեռնությանը մոտ նախադեպ կամ նախադեպեր կա՞ն։

-Այո, մի քանի նախադեպեր եղել են։ Վերջին նախադեպերից ասեմ․ օրինակ՝ Մյասնիկյանի մոտեցումը նախորդ դարի 20-ական թվականներին։ Ինքը, փաստորեն, փորձ արեց հայ ազգի որոշակի էլիտայի շերտ հավաքել ամբողջ աշխարհից։ Թամանյանը և շատերը այն ժամանակ առաջացան, և տեսեք, թե Հայաստանը մի քանի ոլորտներում ինչ շռնդալի թռիչք արձանագրեց։ Նման մի փորձ լոկալ մակարդակում արեց Նժդեհը, երբ 20-ականներին տեղի ունեցավ այդ զանգեզուրյան ապստամբությունը, որից հետո, երբ նա գնաց արտասահման, փորձեց իր արածը կանոնակարգել և ստեղծեց որոշակի ուսմունք, որով շատերն են արդեն հետաքրքրված։

-Լավ, ենթադրենք, իսկապես մեզ հաջողվեց ստեղծել այդ շերտը։ Ինչպե՞ս է գործնականում էլիտան գալու իշխանության և ստանձնելու պետության կառավարումը, եթե իշխանության գալու միակ ճանապարհը քաղաքական ճանապարհն է։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում։ 

- Միայն մեր ազգի ներկա որակներից է կախված այդ պրոցեսի տևողությունը: Եվ քանի որ մեր ազգի ներկա որակները բարվոք չեն, կարծում եմ՝ այդ պրոցեսը երկար կտևի։ Այս պահի դրությամբ իմ նպատակն այդ շերտը ձևավորելն է, ոչ թե իշխանության գալը։ Իսկ իշխանությունն ուզողներ՝ ինչքան ուզեք։ Մեր ժողովուրդն էլ, որը շատ «սրտաբաց» ժողովուրդ է, ցանկացած ուզողի, ով սիրուն-սիրուն բաներ է ասում, տալիս է իշխանութունը և կարճ ժամանակ անց սկսում ծոծրակը քորել․․․

Հարություն Մեսրոբյան հարցազրույց

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Ավելին
Ավելին