Իրանի Գերագույն ղեկավար Ալի Խամենեին արգելել է Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերումը: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով քաղաքական գործչի տեսաուղերձին: Գրում է Gazeta.ru-ն։
«Կորոնավիրուսի հետ կապված երկրորդ կետն այն մասին է, որ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է», - ընդգծել է Խամենեին:
Ներկայումս Իրանը փորձում է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութեր ստեղծել: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ Թեհրանն ակնկալում է առաջին դեղամիջոցը ստանալ գարնանը, իսկ մինչ ամառ նախատեսվում է թողարկել եւս երկու-երեք պատվաստանյութ:
Նշվում է, որ առաջին պատվաստանյութն արդեն ներարկվել է կամավորներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը քննարկում է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի ձեռքբերումը՝ այդ թվում Sputnik V:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 88 միլիոնը։