Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ռոման» տանը մրցեց Միլանի «Ինտերի» հետ։
17-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։
Մխիթարյանը 8-րդ գոլային փոխանցումը կատարեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում և լավագույնն է այդ ցուցանիշով։
Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը 56-րդ րոպեին։ Սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը գրավեց իսպանացի Պաու Լոպեսի պաշտպանած դարպասը։
Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի երկրորդ գոլը 63-րդ րոպեին խփեց պաշտպան Աշրաֆ Հակիմին:
«Ռոման» պարտությունից խուսափեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինիի գոլի շնորհիվ 86-րդ րոպեին. գրանցվեց ոչ-ոքի՝ 2։2։
«Ինտերը» 37 միավորով երկրորդ տեղում է և 3 միավոր է հետ առաջատար «Միլանից»։ «Ռոման» երրորդն է՝ 34 միավոր։