Ստացվել է այնպես, որ հիմա մեր երկրի արտաքին քաղաքական գլխավոր հարց է դարձել ռազմագերիների հարցը։ Մեզ այդպես են ասում։ Բայց պատմության մեջ չի եղել պարտված երկիր, որ կարողանա այդ հարցը իր ուզածով լուծել։ Հետևաբար եթե դնում ես առաջնային խնդիր այնպիսի հարց, որի լուծումը քեզնից քիչ է կախված, ապա կրկին գնում ես պարտության ու ստորացման ճանապարհով։
Գերմանիայի կապիտուլյացիայից հետո ԽՍՀՄ-ը, օրինակ, գերևարել էր մոտ 3 մլն գերմանացի զինվոր, որոնցից մոտ 600 հազարը մահացել է գերության մեջ։ Մնացածին ոնց ուզել շահագործել են որոշ ժամանակ։ Քանի դեռ չի կնքվում հակամարտող պետությունների միջև վերջնական խաղաղության պայմանագիր, այդ հարցը լուծվում է միայն հաղթող երկրի հայեցողությամբ։
Իսկ հաղթող երկրի համար ռազմագերիները ոչ թե ռազմագերի են, այլ տեռորիստներ, շպիոններ, չգիտեմ ինչեր, որոնց պետք է ոչ թե հանձնել, այլ օգտագործել կամ պատժել։ Կապիտուլյացիան այդպիսի վատ բան է, հետևաբար արժանապատիվ զինվորը միշտ մի վերջին պատրոն պահում է իր համար, որ երբեք գերի չընկնի։
Բայց դե կյանքը թանկ բան է, շատերը չունեն այդ համարձակությունը ինքնասպանության։ Ոմանք գուցե ունեն, բայց հանգամանքների բերումով չեն կարողացել գերի չընկնել, եղել են անգիտակից, շոկի մեջ, պարալիզացված և այլն։
Սա բարդ հումանիտար խնդիր է, որի լուծումը քիչ է կախված պարտված երկրից, քանի որ պարտված երկիրը պայմաններ թելադրել ի պաշտոնե գրեթե չի կարող։ Պարտված երկիրն այդ իրավիճակում առաջնային պետք է համարի այնպիսի խնդիրներ, որ ի վիճակի է լուծել, պետք է զբաղվի իր տարածքում իր զինվորների ապահովման հարցերով, որ ռազմագերիների թիվը չավելացնի։