ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կուբան ներառել է այն երկրների ցուցակում, որոնք ահաբեկչության պետական հովանավորներ են համարվում: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին: Գրում է Gazeta.ru-ն։
«Պետդեպարտամենտը ներառել է Կուբան այն պետությունների ցուցակում, որոնք ահաբեկչության հովանավորներ են միջազգային ահաբեկչության գործողություններին բազմիցս աջակցելու համար՝ ահաբեկիչներին ապահով ապաստան տրամադրելով», - նշված է հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Պետդեպարտամենտը դիտարկում էր Կուբան ահաբեկչության հովանավորող երկրների ցուցակում ընդգրկելու հնարավորությունը: Որոշումը կկայացնի պետքարտուղար Մայք Պոմպեոն: Եթե դա տեղի ունենա, Հավանայի դեմ ավտոմատ կերպով պատժամիջոցներ կսահմանվեն: Նորընտիր նախագահ Ջո Բայդենը բազմիցս քննադատել է կղզու նկատմամբ Թրամփի քաղաքականությունը: Նա ստիպված կլինի անցնել ցուցակը վերանայելու գործընթաց, և դա միակ բանը չէ, որը կխավարեցնի նրա նախագահության սկիզբը: