Երիտասարդ հայ ռեժիսոր Մաննեի(Մանե Բաղդասարյան) «Ճայը» ֆիլմը, որը շուրջ երկու տարի է իր «թռիչքն» է կատարում միջազգային տարբեր կինոփառատոններում և բազում հաջողությունների հասնում, վերջերս Սարատովում անցկացվող «Գագարին.Դոկ» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակի։ Ժյուրիի կազմում եղել են լեգենդար տիեզերագնաց Յուրի Գագարինի համակուրսեցիները,մարդիկ, ովքեր Գագարինի հետ նույն ժամանակաշրջանում թռել են տիեզերք և վերադարձել: ֆիլմը պատմում է մարդու կողմից գիտական նվաճումները ոչ ճիշտ օգտագործելու մասին, և որ թռիչքը կարող է մի օր կործանարար լինել Երկիր մոլորակի համար: «Ճայը» ֆիլմը 2019թ-ին Ռուսաստանում տեղի ունեցած «Պահպանել և Փրկել միջազգային կինոփառատոնում» ճանաչվել է լավագույն ֆիլմ՝ ստանալով Գրան Պրի եզակի մրցանակը: Այն նաև ճանաչվել է լավագույն օպերատորական աշխատանք Ռուսական մեկ այլ փառատոնում և բազմիցս ցուցադրվել է Իտալիայում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Ալբանիայում և այլուր:
Մաննեն սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետում (Ռուբեն Գրիգորյանի արվեստանոց):
Մաննեն արդեն իսկ մի քանի վավերագրական ֆիլմերի հեղինակ է. «Ադապտացիա» , «Ճայը» «Շապիտո»:
«Ադապտացիա»-ն ռեժիսորի առաջին ֆիլմն է, կուրսային աշխատանքը, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան: 21 րոպե տևողությամբ ֆիլմը Երևան քաղաքի դիմանկարն է, որը նկարահանվել է իմպրեսիոնիստական ժանրում: Մոնտաժային այս ֆիլմը սև ու սպիտակ է: «Ադապտացիա» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի 27 երկրներում՝ ավելի քան 50 քաղաքներում: Ստացել է միջազգային և տեղական 18 մրցանակ: Ցուցադրվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ:
Եթե «Ադապտացիայի» հերոսները մեր քաղաքի բնակիչներն են, ապա «Ճայը» համընդհանուր խնդիրներ է վեր հանում: «Ճայը» էքսպերիմենտալ ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան: Այս ֆիլմը նույն ժանրում է արված, ինչ նախորդը: Այն հիմնված է Անտոն Չեխովի նույնանուն պիեսից հայտնի մոնոլոգի վրա: Ֆիլմը պատմում է մերօրյա Երկիր մոլորակին սպառնացող վտանգների մասին: Միջուկային զենքի կիրառումը, գիտական ահռելի մեծ թռիչքները կարող են վերացնել մարդկությանը: Ֆիլմում որպես դերակատար հանդես է գալիս հեղինակը:
Երիտասարդ կինոռեժիսորը , ով առանձնանում է վավերագրական ֆիլմերի նկատմամաբ առանձնահատուկ վերաբերմունքով, շուտով հանրությանը կներկայացնի իր նոր աշխատանքը: Այն լինելու է բժշկական թեմայով:
«Անկախը» զրուցել է երիտասարդ ռեժիսոր, արդեն իսկ մի քանի վավերագրական ֆիլմի հեղինակ, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, նաև մի շարք միջազգային կինոփառատոներում տարբեր մրցանակների արժանացած Մանե Բաղդասարյանի հետ:
-Հարգելի Մանե Բաղդասարյան, մեր ընթերցողներին կպատմեք «Ճայը» ֆիլմի մասին: Ինչպե՞ս ծնվեց «Ճայի» գաղափարը, գուգե Չեխովի հերոսուհի Նինա Զարեչնայայի մենախոսությունի՞ց:
-Գաղափարը ձևավորվել էր վաղուց, երբ ուսումնասիրում էի տիեզերագնացների, ֆիզիկայի որոշ ոլորտներ, մտահոգվում էի շրջակա միջավայի աղտոտվածությամբ և մի օր կարծես հասավ այդ պահը` այն ֆիլմ դարձնելու: Ֆիլմի պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը, առաջարկեց այս ամենը միաձուլել Չեխովի հետ, քանի որ Նինայի մոնոլոգը, ինչպես նկատեցիք, չափազանց մոտ էր ֆիլմի նախնական մտահաղացմանը : Եվ մենք որոշեցինք ֆիլմը նկարահանել մոնոլոգի հիման վրա:
-Վերջերս Ձեր «Ճայը» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն ֆիլմ՝ Կոսմոս անվանակարգում» Գագարինի անվան վավերագրական փառատոնում: Ժյուրիի կազմում էին հենց լեգենդար տիեզերագնաց Յուրի Գագարինի համակուրսեցիները: Որքանո՞վ է այս մրցանակը Ձեզ համար պարտավորեցնող:
-Սա չափազանց պարտավորեցնող է, քանի որ ինքս Գագարինից շատ եմ ոգեշնչվում: Եվ նույնիսկ 21-րդ դարում ես կարողանում եմ նրանից սովորել, նրան համարել ոգեշնչման աղբյուր: Նա մեծություն է ինձ համար և իրական հերոս, ով դարերով կմնա պատմության մեջ: Առնչվել նման մեծության հետ, թեկուզ նրա ընկերների միջոցով, հաղորդակցվել տիեզերագնացների հետ՝ պարզապես ոգեշնչման ու նոր ֆիլմերի մի հսկայական աղբյուր է: Իսկ երբ այդ մարդկանցից ստանում ես մրցանակ, դա արդեն երջանիկ պահ է և ձեռքբերում, որով դու երջանիկ ես պարզապես:
-Տեղյակ եմ, որ արդեն մի քանի ամիս է, ինչ բժշկական թեմայով նոր ֆիլմ եք նկարահանում Արարատ Գրիգորյանի հետ: Կպատմե՞ք մեզ, ինչի մասին է այն լինելու:
-Արարատ Գրիգորյանը ֆիլմի պրոդյուսերն է, զբաղվում է պրոյեկտի ղեկավարմամբ, իսկ ես՝ ստեղծագործական աշխատանքով: Ֆիլմը մեր բոլորիս մասին է: Մարդու մասին է, ով պետք է պարզապես ապրի՝ հասկանալով որ կյանքում ամենաթանկ բանը այդ պահն է և , որ կյանքը հենց դու ես, այստեղ և հիմա: Դիտարկելով բազմաթիվ վիրահատություններ, հիվանդություններ, մարդկանց մենք պատկերում ենք այդ գաղափարը:
Մի քանի ամսից այն կլինի պատրաստ և չնայած հետաքրքիր պրոցեսին ինքս շատ եմ սպասում այն պահին, երբ կկարողանամ կիսվել հանդիսատեսի հետ՝ էկրանից:
-Կարծես թե նախապատվությունը տալիս եք վավերագրական ֆիլմերին և ամբողջությամբ խորացել եք այդ ուղղության մեջ:Իսկ կա՞ ցանկություն գեղարվեստական ֆիլմով ներկայանալ հանդիսատեսին:
-Վավերագրական կինոն նույնպես գեղարվեստական է: Եթե խոսքը գնում է խաղարկային կինո ստեղծելու մասին, ապա իհարկե ապագայում կնկարահանեմ: Այս պահին վավերագրական կինոն ինձ տանում է իր ճանապարհով և ակտիվ ստեղծագործական ընթացքի մեջ եմ: Այն ժանրը, որը ես եմ ընտրել, ինձ թույլ է տալիս ստեղծագործել այնպես, ինչպես խաղարկային կինոյում և բացարձակապես չեմ զգում սցենարական ազատության պակաս: Համարում եմ, որ վավերագրական կինոյում նույնպես կարելի է անել այն, ինչ մտածում ես: Կարևոր է լինել հետաքրքիր և էմոցիաներ փոխանցել մարդկանց:
-Կպատմեք, ինչպե՞ս են ծնվում Ձեր Ֆիլմերի թեմաները:
-Կարծում եմ դա չի լինում մի վայրկյանում: Մենք ամենքս ունենք մեր ստեղծած մոլորակը և անընդհատ գտնվում ենք այդ մոլորակի հետ շրջապտույտի մեջ: Երևի թե հաճախ այդ աշխարհից և նրանից կառուցված գրքերից, ֆիլմերից , մարդկանցից ձևավորվում են այդ թեմաները: Ինքս չգիտեմ, թե որը կլինի հաջորդ ֆիլմի թեման, բայց գիտեմ, որ պատմության մեջ մի քանի գաղափարներ կան, որոնց վրա միշտ նկարահանվում են տարբեր ֆիլմեր:
-Ինչպես Հիչքոքն էր ասում. «Լավ ֆիլմ ստեղծելու համար պետք է երեք պայման՝ սցենար, սցենար և ևս մեկ անգամ սցենար»։ Իսկ ո՞րն է Ձեր ֆիլմերի գլխավոր առանձնահատկությունը:
-Միանշանակ պատասխանս նույնն է՝ սցենար: Իսկ եթե ավելացնենք որոշ տարրեր, որոնք ինքս սցենարից հետո համարում եմ կարևոր: Դրանք են՝ կինոմթնոլորտի ստեղծումը, որակյալ դիտարկումները, անկեղծությունը, սեփական նյութը չխնայելու հատկությունը և ամեն օր ու ժամ կինոյով ապրելու ամենակարևոր գործոնը:
- Իսկ ո՞ր ռեժիսորներն են ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեզ վրա։
-Ժամանակ առ ժամանակ փոխվում է այդ ցանկը, սակայն կան մի քանիսը, ովքեր մնում են անփոփոխ՝ Արտավազդ Փելեշյան, Գոդֆրի Ռեջջո, Օթար Իոսելիանի, Լուի Մալ, Իլյա Ավերբախ : Ժամանակակիցներից՝ Կիմ Կի Դուկ, Սորենտինո, Ջիմ Ջարմուշ, Քսավյե Դոլան և այլք:
- ժամանակակից համաշխարհային կինոյում ունեցանք մի շարք հաղթանակներ, օրինակ հենց Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլը: Ձեր կարծիքով ի՞նչն է խանգարում հայկական կինոարտադրությանը դուրս գալ կինոյի մեծ աշխարհ։ Արվեստագետների համար ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ փառատոնները:
-Շատ ուրախալի է միջազգային փառատոններում նկատել հայկական անուններ: Կարծում եմ խանգարող ոչինչ չկա, եթե ֆիլմը հաջողված է: Սակայն, պետք է հիշել, որ ապրում ենք 21-րդ դարում և կան թեմաներ , որոնց առկայության դեպքում միայն աչքի կարող ես ընկնել: Իհարկե, ամեն դարաշրջան իր թեմաներն է բերում և պահանջները: Գուցե հայկական մտածելակերպից հեռու են այդ նոր պահանջները : Սակայն այս ամենի հետ մեկտեղ համոզված եմ, որ լավ ֆիլմը, հաջողված ֆիլմը պարզապես կանցնի բոլոր խոչընդոտների վրայով և հաղթող դուրս կգա: Պետք է նկատի ունենալ, որ այսօր յուրաքանչյուր ոք կարող է անգամ հեռախոսով ֆիլմ նկարահանել և հսկայական քանակությամբ ֆիլմերի դեպքում մրցակցությունը բարդանում է: Մի ահռելի խառնարան է դարձել, և դժվար է անգամ ընդգրկվելը փառատոններում: Կինոյի տեսակետից դա նաև լավ է՝ գնահատվում է ոչ թե տեխնիկական կողմը, այլ գաղափարայինը:
-Ինչո՞վ եք զբաղվում հիմա։ Ի՞նչ նոր ծրագրեր ունեք. գուցե պատերազմական թեմայով նոր ֆիլմ նկարահանեք:
- «Ճայը» ևս պատերազմական թեմայով է և առավել հակապատերազմական: Դեռևս նման պլաններ չկան:
-Որպես երիտասարդ ռեժիսոր՝ Ձեր մրցանակներն իսկապես աննախադեպ են: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը, մտածե՞լ եք այդ մասին:
-Կարծում եմ հաջողությունը մի պահ է և այդ պահի հետևում հսկայական աշխատանք է թաքնված: Եվ ամենահետքրքիրն էլ հենց այդ աշխատանքն է:
Հարցազրույցը՝ Թամարա Թորոսյանի