Բանալին այսօր ոչ թե ընդդիմության, այլ իշխանության ձեռքում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 19–ին, Շենգավիթի առաջին ատյանի դատարանի բակում Քոչարյանի և մյուսների գործով դակատան նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը։
«Ընդդիմությունն առաջ է տանում իր օրակարգը՝ ժամանակավոր կառավարությունը, որ ըստ իս՝ ճիշտ է։ Իշխանությունն էլ իրենն է ասում։ Բայց այս դեպքում որոշողն իշխանությունն է և եթե ինքն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների, ուրեմն՝ վարչապետը պետք է հրաժարական տա, խորհրդարանը երկու անգամ վարչապետ պետք է չընտրվի, և իրենց ուզածը կլինի։ Այն, ինչ ընդդիմությունն է ուզում, իհարկե, կարող է լինել, բայց այդ բանալին իրենց ձեռքում չէ։ Եթե իշխանությունն այդպես է ուզում, կարող է հենց այսօր էլ սկսել այդ գործընթացը, ինչո՞ւ չի անում»։
Հարցին՝ արդյոք ընտրությունների ժամանակ իշխանությունը լծակներ չի օգտագործի, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Այն, ինչ մենք տեսել ենք նախկինում, հատկապես՝ պատերազմի օրերին՝ այդ սուտը, կեղծիքը, որոնցով իշխանությունն առաջ էր գնում, մտածում եմ, որ ոչնչի առջև չեն կանգնելու։ Այդ տեսակի մարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ միայն թե վերարտադրվեն»։
Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ ներգրավվի 17 կուսակցությունների ընդդիմադիր պայքարին՝ հարցին, նա արձագանքեց. «Ես չեմ ուզում ոչինչ բացառել կամ հաստատել։ Ամեն դեպքում այսօր նման բան չկա»։