Մենք արդեն նստել, քննարկել ենք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ փոփոխությունները, եղել ենք այդ աշխատանքային խմբում՝ այս խորհրդարանի ձևավորումից մինչև վերջերս, որովհետև պատերազմից առաջ չէր գործում այդ հանձնաժողովը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կնստե՞ն իշխանության հետ մեկ սեղանի շուրջ՝ քննարկելու ԸՕ փոփոխությունները:
Նրա խոսքով՝ քննարկումների ժամանակ իշխանություններն առաջարկել են 100 տոկոս համամասնական ընտրակարգ, իսկ ԼՀԿ-ն առաջարկել է հանրապետության ամբողջ տարածքով մեկ պահպանել ռեյտինգայինը, ոչ թե տարածքային ռեյտինգայինը, այլ ամբողջ տարածքով մեկ, դրա վերաբերյալ եղել է բանավեճ:
«Հիմա որևէ տեղեկություն չունենք՝ ո՞ր նախագծի վրա են իրենք կանգնել, արդյոք ամբողջական 100 տոկոս համամասնական ընտրակարգի՞ են գնում, արդյոք խորհրդարան անցնելու շեմը նվազեցնո՞ւմ են, թե ոչ, և արդյոք կոալիցիաներ կազմելու արգելքը, որը ներդրվել է «Հանրապետական» կուսակցության ժամանակ, հանվո՞ւմ է, արդյոք կայուն մեծամասնության պարտադրանքը նո՞ւյնպես հանվում է, այս հարցերի վերաբերյալ չունենք պատասխան: Մենք ունենք բամբասանքի մակարդակի տեղեկություն, որ ինչ-որ օրենսգրքի նախագիծ իշխանությունները պետք է ուղարկեն Վենետիկի հանձնաժողով, թե դա որ նախագիծն է, ես պետք է փորձեմ կապվեմ իմ գործընկերների հետ, տիկին Մակունցին խնդրեմ նախագիծը տա, որ տեսնենք՝ էդ ի՞նչ նախագիծ են ուղարկում Վենետիկի հանձնաժողով»,- ասաց նա: