Բնականաբար դատարանից ակնկալում ենք արդարադատություն, ինչպես ցանկացած այլ դատարանից, միաժամանակ մեզ համար շատ հետաքրքիր է այս դատավարությունը, որովհետեւ այս քրեական գործում կա ամեն ինչ, բացի իրավաբանությունից: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Իկրայի» գործին:
«Այս քրեական գործում կա ֆուտուրիզմ, նատյուրմորտ, արվեստի այլ ուղղություններ, պոստմոդեռնիզմ եւ այլն: Արվեստի գործ է, եւ մենք էլ կփորձենք որպես արվեստի գործ վերաբերվել դրան»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել, նա ասաց. «Մենք ունենք մի շարք կարեւոր հարցադրումներ եւ դրա հիման վրա դիրքորոշումներ, որոնք ավելի ճիշտ կլինի հենց դատական նիստերի դահլիճում հայտնենք: Սուտ մատնություն այստեղ գոյություն չունի եւ գոյություն ունենալ չէր կարող»:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ամիսներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սև խավիար: Հետո, ըստ գրառման, երբ նորից են ուզել խավիար գնել, փորձել են անկանխիկ վճարել, բայց նրանց հայտնել են` այդ դեպքում այն ավելի թանկ է արժենալու։ Դրանից հետո Փաշինյանը ՊԵԿ–ին հրահանգել է զբաղվել այդ ռեստորանով։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով: