f

Անկախ

Եթե Հայաստանում շարունակվի ներքաղաքական, ներհասարակական ճգնաժամային իրավիճակը, ապա անգամ դրական փոփոխության որոշակի հնարավորությունները կշրջանցեն մեր երկիրը ․ Արմեն Պետրոսյան


 Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերադասավորումների և այդ տարածաշրջանում ԱՄՆ հնարավոր քաղաքականության մասին է «Անկախը» զրուցել արաբագետ  Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան,  ԱՄՆ 46-րդ նախագահն արդեն  ստանձնել է նախագահի պաշտոնը։ Մի շարք տարածաշրջաններում, այդ թվում և Մերձավոր Արևելքում,  սպասում են՝ հասկանալու, թե ինչպիսին կլինի ԱՄՆ նոր նախագահի արտաքին քաղաքականությունը։ Արդյո՞ք լուրջ վերադասավորումներ տեղի կունենան Մերձավոր Արևելքում, ինչպիսի՞ն կլինի Բայդենի քաղաքականությունն այս տարածաշրջանում։

-Ամերիկյան նոր վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականությունից սպասումները բավականին մեծ են, քանի որ նախորդ՝ Դոնալդ Թրամփի գլխավորած վարչակազմի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը եղել է Մերձավոր Արևելքը։ Նրա վարած  քաղաքականության արդյունքում  ձևավորվել են որակապես նոր իրողություններ, որոնք էականորեն փոխել են տարածաշրջանի բովանդակությունը ինչպես բովանդակային, այնպես էլ քաղաքական և տնտեսական առումով։

Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան քաղաքականության հիմքում եղել են երկու գաղափարական կաղապարներ՝ առաջինը՝ Իսրայելի անվտանգության ապահովումն էր, երկրորդը՝ ԱՄՆ տնտեսական շահը։ Եվ  հենց այդ հիմնական ուղղություններով են տարվել գործընթացները   և արձանագրվել բավականաչափ տպավորիչ արդյունքներ։

Այժմ  ամերիկյան նոր  վարչակազմից ակնկալվում է քաղաքականության փոփոխություն, ինչպես սովորաբար հարիր է դեմոկրատների  վարչակազմին և նրանց արտաքին քաղաքականությանը, այն է՝ տարբեր տարածաշրջանններում, այդ թվում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ դերի բարձրացում  և եղած հիմնախնդիրներում դոմինանտ դերակատարման վերաստանձնում։ Այդպիսի խնդիրներ են  Իրանի միջուկային ծրագիրը, որի հետ կապված առկա է բավականաչափ մեծ անորոշություն,  իսրայելա-պաղեստինյան հիմնախնդիրը, սիրիական հիմնախնդիրը, որտեղ զգալիորեն թուլացել են ԱՄՆ դիրքերը, Թուրքիայի հետ կապված քաղաքականությունը, որը վերջին մի քանի տարիների ընթացքում, օգտվելով Միացյալ Նահանգների թողտվությունից,  փաստացի սանձարձակ  քաղաքականություն էր վարում բոլոր հնարավոր ուղություններում և այլն։

-Արդյոք իրատեսակա՞ն է դեմոկրատների՝ Օբամայի պաշտոնավարմամբ ընդհատված քաղաքականության շարունակություն։ Չէ՞ որ Մերձավոր Արևելքն այլևս նույնը չէ, ինչ Օբամայի օրոք, տարածաշրջանը փոխվել է և մի շարք փորձագետների կարծիքով՝  կտրուկ փոփոխությունները կարող են էլ ավելի սրել առկա իրավիճակը։  Ձեր կարծիքով՝ Բայդենն ինչ-որ կտրում տեղաշարժերի կդիմի՞, թե կբավարարվի կոսմետիկ փոփոխություններով։

-Բարդ է հստակ կանխատեսումներ անելը, որովհետև Թրամփիի վարչակազմի արձանագրած որոշ ձեռքբերումներ բավականաչափ կարևոր են ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ Միացյալ Նահանգների մերձավորարևելյան քաղաքականության համատեքստում։ Եվ դրանք որակապես նոր իրավիճակ են ստեղծել Մերձավոր Արևելքում։ Օրինակ՝  Իսրայելի և մի շարք կարևոր արաբական երկրների միջև այսպես կոչված Աբրահամյան  համաձայնությունների ձեռքբերումը։  Բավականաչափ կարևոր ձեռքբերում դարձյալ Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականության համար կարելի է համարել  պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի կարգավորման  Թրամփի ծրագիրը, որի հեռանկարի հետ մեծ  հարցականներ կային, բայց, այնուամենայնիվ, համապարփակ ծրագիր էր, որը հստակ լուծում էր առաջարկում ստեղծված իրավիճակին, և որոշակի համախոհություն տարածաշրջանում կար։  Լրջագույն ձեռքբերում է  տարածաշրջանում Կատարի և Պարսից ծոցի մյուս արաբական երկրների միջև առաջացած կոնֆլիկտի կարգավորումը։

 Այսինքն կան ձեռքբերումներ,  որոնք փոխել են տարածաշրջանի անվտանգային, տնտեսական, քաղաքական պատկերը, բայց զուգահեռաբար կան նաև խնդիրներ, որոնք չափազանց կարևոր են և տարածաշրջանի, և ընդհանրապես համաշխարհային անվտանգության համար։ Խոսքն առաջին հերթին Իրանի միջուկային ծրագրի մասին է։ Եվ այս հարցում իրականացվելիք քաղաքականությունը,  անշուշտ,  կարող է որոշակի հետևանքներ ունենալ  ողջ տարածաշրջանում և դարձյալ փոխել այստեղ հաստատված իրավիճակը։ Իհարկե, այս բոլորի համատեքստում մեկ այլ կարևոր խնդիր ևս կա՝ Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունները, որից ևս բավականաչափ մեծ ակնկալիքներ կան միաժամանակ մի քանի տարածաշրջաններում՝ և Մերձավոր Արևելքում, և Հարավային Կովկասում, և Եվրոպայում։ Եթե ամերիկյան նոր վարչակազմը փոխի իր մոտեցումները Թուրքիայի հանդեպ, դիմի ավելի կտրուկ քայլերի և ավելի սկզբունքային դիրքորոշում ստանձնի, դա լուրջ ազդեցություն կունենա, քանի որ ԱՄՆ  այդ քաղաքականությունը կունենա շղթայական էֆեկտ։

-Պարոն Պետրոսյան, ինքներդ էլ նշեցիք, որ արաբական աշխարհի և Իսրայելի հարաբերություններն են լավացել, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի դաշնակից  Կատարի հետ մի շարք արաբական երկրների ունեցած խնդիրները կարծես հարթվում են և այդ երկրի սահմաններն  ապաշրջափակվել են։ Արդյոք այս քայլերն ուղղվա՞ծ են այդ երկրների միասնական հակառակորդի՝ Թուրքիայի դեմ։

-Ես նման դիտարկում չէի անի։ Արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումն  առավելապես ուղղված է տարածաշրջանում Իսրայելի համար կարևոր  անվտանգային խնդիրներ լուծելուն, հատկապես արաբա-իսրայելական հակամարտության համատեքստում։ Այս համաձայնություններով  փաստացի սկզբունքային փոփոխություն է  տեղի ունեցել  արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման տրամաբանության մեջ առ այն, որ բոլոր արաբական երկրների և Իսրայելի հարաբերությունները  պետք է կարգավորվեն պաղեստինցիների հետ հաշտություն կնքելուց հետո։

Ինչ վերաբերում է Կատարին և Պարսից ծոցի մյուս  արաբական երկրներին, ապա այստեղ նույնպես տրամաբանությունը նույնն է, որովհետև Կատարի մեկուսացման քաղաքականության սկիզբը դրվել էր Թրամփի տարածաշրջան կատարած այցից հետո, և դրա հիմնական նպատակն էր Սահմանափակել Կատարի դերակատարումը պաղեստինյան մի շարք խմբավորումների աջակիցելու և սիրիայում որոշ ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումների  հովանավորելու հարցում։  Կատարն արաբական երկրների հետ կոնֆլիկտի հետևանքով զգալիորեն գգտնվոմ է Թուրքիայի ազդեցության ներքո։ Անցած 3 տարիների ընթացքում անքան է մեծացել Թուրքիայի ազդեցությունը Կատարում, որ դժվար է պատկերացնել, որ այդ երկիրը կկարողանա առաջիկայում դուրս գալ այդ ազդեցությունից։

 -Վերջին շրջանում Թուրքիան որոշ ուղղություններով մեղմացրել է իր կոշտ հռետորաբանությունը և քաղաքականությունը։ Արդյոք նման փոփոխությունը պայմանավորվա՞ծ է Բայդենի դիրքորոշման սպասմամբ և ԵՄ-ի կողմից հնարավոր  պատժամիջոցների  սահմանմամբ։ Եթե այո, արդյոք որոշ ժամանակ անց կրկին ականատես կլինենք Էրդողանի նախկին քաղաքականությանը։

-Սա  կոնֆլիկտային ուղղություններով իրավիճակը հարթելուն միտած քայլ է, մարտավարական նոր մոտեցում, այն էլ հիմնականում իմիտացիոն բնույթի, որի նպատակը ամերիկյան վարչակազմի հետ սպասվող բանակցություններում որոշակի դրական դիրքավորում ապահովելն է։  Թուրքիայում էլ շատ լավ հասկանում են, որ մի քանի տարածաշրջաններում միաժամանակ սպասում  են  Միացյալ Նահանգների նոր վարչակազմի դիրքորոշմանը Թուրքիայի հանդեպ, որպեսզի նույն շղթայական էֆեկտով էլ  իրենք կառուցեն իրենց դիրքորոշումը և քաղաքականությունն այդ երկրի նկատմամբ։

-Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն համակարգով և ավանդույթներով առաջնորդվող երկիր է՝  արդյոք  այդքան մե՞ծ փոփոխություններ  սպասվում են՝  պայմանավորված ընդամենը նախագահի փոփոխությամբ։

-Այո,ԱՄՆ-ն  համակարգային տրամաբանությամբ գործող երկիր է, բայց  քաղաքականությունը եղած խնդիրների հանդեպ մշտապես փոփոխական է եղել պայմանավորված Սպիտակ տանը հաստատված վարչակարգով։ Հանրապետականների և  դեմոկրատների  քաղաքական մոտեցումները տարբեր են․ դեմոկրատների քաղաքականությունը միտված է ընդգծելու  ԱՄՆ աշխարհաքաղաքական դերակատարումը, իսկ  հանրապետականների պարագայում, Թրամփի վարչակազմի օրինակով եթե նշենք, առաջնային է եղել տնտեսական շահը։

-Մի հարց էլ Թուրքիայի՝ դեպի արևելք ծավալած քաղաքականության մասին։ Վերջերս Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան համաձայնագիրը ստորագրվեց։ Արդյոք համաձայնագիրը ենթադրո՞ւմ է , որ Թուրքիան սկսում է քայլեր ձեռնարկել  պանթուրքիզմի, պանիսլամիզմի  կյանքի կոչման ուղղությամբ։ Եվ մյուս հարցը՝ Հայաստանով անցնելիք ճանապարհն  ի՞նչ դեր է ունենալու այս  գործընթացում։

-Իսլամաբադի հռչակագիրը հստակ եռակողմ ձևաչափ է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի միջև, որի սկիզբը դրվել է դեռևս 2017 թվականին։ Սա երկրորդ հանդիպումն էր։ Այս ձևաչափի ստեղծման տրամաբանությունն այն է, որ երեք երկրներն էլ ունեն որոշակի առումով ռազմական խնդիրներ իրենց շահերի գոտի հանդիսացող տարածաշրջաններում, և փոխադարձ աջակցությունը և համագործակցությունը  երեքի համար էլ կարևոր ուղղվածություն է։ Դրա  վառ օրինակը դարձավ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Թուրքիայի և Պակիստանի աջակցությունն  Ադրբեջանին։

Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ երեք հիմնական գաղափար կա՝ նեոօսմանիզմ, պանիսլամիզմ, պանթուրքիզմ։ Այս ձևաչափը  պանիսլամիզմի գաղափարախոսության մեջ է՝ կոչված ապահովելու  մուսուլմանական երկրների շրջանում հնարավորինս լայն  համագործակցություն։

Իսկ մեր տարածաշրջանի ապաշրջափակումը կարելի է դիտարկել որպես պանթուրանական գաղափարախոսությանն ուղղված քայլ։ Այո, սրա նպատակն է Թուրքիայի ուղիղ ցամաքային կապի ապահովումն  ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրների հետ։ Պատահական չէ, որ հատկապես Թուրքիայում  ղարաբաղյան պատերազմի արդյունքները գնահատելիս «հաղթանակին»  հավասար արժևորվեց հաղորդակցության ուղիների ստեղծման պայմանավորվածությունը։

Եթե տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների կողմից ստեղծվի նույն ամենաթողության մթնոլորտը, որը կար անցած 4 տարիների ընթացքում, բնականաբար Թուրքիան  օգտվելու է և ավելի է մեծացնելու իր հնարավորությունները։

-Փորձը ցույց տվեց, որ մենք  լայն առումով Մերձավոր Արևելքի մաս ենք,  և այստեղ տեղի ունեցող զարգացումների արձագանքն ի վերջո մեզ է հասնում։ Տեղի ունեցող և սպասվող  փոփոխությունների համատեքստում ո՞րն է  Հայաստանի անելիքը։

-Ինչպես արդեն նշեցի, միաժամանակ մի քանի տարածաշրջաններում են սպասում Ջո Բայդենի արտաքին քաղաքականության հստակեցմանը, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասում։  Նաև արցախյան  հակամարտության  շրջանակներում որակապես նոր իրավիճակ է ձևավորվել, ի տարբերություն նախկին ստատուս քվոյի, որում կարևոր դերակատարում ուներ նաև ԱՄՆ-ն։ Արդյո՞ք Միացյալ Նահանգները կփորձի որոշակի քայլերի դիմել՝ նախկին դիրքերը վերականգնելու համար, մանավանդ որ արցախյան  հիմնախնդիրը, չնայած պատերազմի հետևանքով փոխված իրողություններին,  այնուամենայնիվ,  դեռևս վերջնականապես չի կարգավորվել։  Չլուծված են մնում մի շարք առանցքային և միջազգային կարևորության խնդիրներ, այն է՝ Արցախի կարգավիճակի հարցը, մարդասիրական՝ այդ թվում նաև ռազմագերիների, փախստականների հիմնախնդիրները, որոնք առաջացել են  պատերազմական գործողությունների գոտում և այլն։ Նշված բոլոր խնդիրները հնարավորություն են միջազգային իրավունքի նորմերով որոշակի իրավասություն ունեցող որևէ գերտերության համար՝ իրավիճակին միջամտելու, որոշակի դերակատարում ստանձնելու, անգամ հաղթաթղթեր ձեռքբերելու նպատակով։

Ինչ վերաբերում է մեր անելիքներին, միանշանակ է, որ ՀՀ-ն հնարավորինս արագ և լավագույնս պետք է պատրաստվի սպասվող զարգացումներին, որոնք պարզապես անհնար է բացառելը։ Երևանը պետք է պատրաստ լինի ստեղծված նոր իրողություններում հնարավորինս հայանպաստ և հայաստանանպաստ ձեռքբերումների, լուծումների հասնելուն։

Որպես օրինակ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում, նոր ճանապարհների անցկացում, որը դեռևս ծրագրային, բանակցային փուլում է։ Անշուշտ, Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց տեսլականը տարածաշրջանի ապաշրջափակման հետ կապված։ Նաև այս հարցում է, ՀՀ-ն,  հնարավորինս արագ ոտքի կանգնելով, պետք է ձգտի արդեն իսկ կանխատեսվող  բանակցություններում սեփական շահն առաջ մղել։

Կրկնում եմ՝ արդեն իսկ իրողություն է, որ տարածաշրջանում սպասվում են որոշակի գործընթացներ, որոնք Բաքուն և Անկարան հնարավորինս փորձում են արագացնել՝ հաշվի առնելով նաև պատերազմի բացասական հետևանքներով պայմանավորված Երևանի խոցելի վիճակը։ Հետևաբար, եթե Հայաստանում շարունակվի ներքաղաքական, ներհասարակական ճգնաժամային իրավիճակը, ապա անգամ դրական փոփոխության որոշակի հնարավորությունները կշրջանցեն մեր երկիրը, և հերթական անգամ կկորցնենք որոշակի արդյունքներ արձանագրելու հնարավորությունը։

 

Արմեն Պետրոսյան խմբագրի ընտրանի Աշխարհում հարցազրույց Մերձավոր Արևելք Տարածաշրջան ԱՄՆ

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին