Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքով կփորձի մեծացնել երկրի ինստիտուցիոնալ կարողությունների՝ դիմակայելու հնարավոր համավարակներին:
Այս մասին հանձնաժողովի առաջին նիստում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:
Արկադի Խաչատրյանը նախ ողջ հանձաժողովի անունից երախտիքի խոսքեր հայտնեց բժիշկներին՝ հերոսական աշխատանքի համար: «Նրանք հաճախ իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում մեր հայրենակիցների կյանքը փրկելու համար: Սա իրականում պատերազմ էր՝ վիրուսի դեմ, և առաջամարտիկները մեր բժիշկներն էին»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց՝ հանձնաժողովի նպատակն է վեր հանել այն բոլոր խնդիրները, որ ունեցել ենք, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված կառավարության և պարետատան միջոցառումները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: «Ակնհայտ է, որ վերջնանպատակը պետք է լինի երկրի ինստիտուցիոնալ կարողությունների մեծացումը՝ նման համավարակներին դիմակայելու համար, որոնցից ապագայում ապահովագրված չէ ոչ մի երկիր»,-ասաց նա:
Հանձնաժողովի առաջին նիստը հիմնականում կլինի ընթացակարգային, կհաստատեն հանձնաժողովի աշխատակարգը, կընտրեն հանձնաժողովի նախագահի տեղակալին և կորոշեն այլ կազմակերպչական հարցեր:
Հանձնաժողովը ստեղծվել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ: