Իշխանությունները շարունակում են վարել նվազագույնը անհեթեթ քաղաքականություն. ԱՄՆ-ում հայկական շատ լոբբիստական կազմակերպություններ խոր զարմանքով են վերաբերվում նոր դեսպանի նշանակման մասին խոսակցություններին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ խոսելով Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ քննարկումների մասին:
«Կրկին արձանագրում ենք, որ մեր իշխանությունն ադեկվատ չէ: Մենք արտաքին քաղաքականության, դիվանագիտության մեջ խայտառակ ձախողումներ ենք ունեցել, բոլորի հետ էլ հարաբերությունները վատացան»,-ասաց նա և հավելեց, որ պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ, որ որևէ պետություն իրավիճակի պատշաճ արձագանք չտվեց, իսկ սա, ըստ նրա, այն ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքն է, որը մեզ բերեց այս հետևանքին:
Խոսելով Լիլիթ Մակունցի դիվանագիտական հմտությունների մասին՝ Աբովյանը նշեց, որ ոչինչ ասել չի կարող, սակայն եթե անդրադառնա ընդհանուր իշխանության դիվանագիտական քայլերին՝ պատերազմի հետևանքների մասով, ակնհայտ կդառնա, որ առաջին պլան չեն բերվել այն հարցերը, որոնք կարևոր են Արցախի համար: «Մինչ օրս՝ պատերազմից հետո, մենք իշխանությունից ոչ մի հասկանալի դիրքորոշում չենք տեսնում, մենք տեսնում ենք ինչ-որ արտահայտություններ և վերջ»:
Աբովյանը շեշտեց, որ ամեն դեպքում ընդդիմադիրների պահանջը մնում է նույնը, և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու են մինչև վերջ: Ըստ նրա՝ ընդդիմադիրները միշտ էլ իշխանության համար խնդիր են եղել, և դա ճիշտ քաղաքականություն է: