Արդեն իսկ սովորել եմ ոչ մի տրամաբանություն չփնտրել իշխանության արած որևէ քայլում և չփնտրել կապ առկա իրողությունների, խնդիրների ու նրանց կատարած քայլերի մեջ, որովհետև դրանք չկան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու տեղեկություններին։
«Մենք ականատես ենք լինում այն հին ու բարի ավանդույթներին, որոնք Փաշինյանը խոստացել էր փոխել, բայց որով հերթական անգամ խաբեց։ Երբ այդպիսի բան է քննարկվում, առաջին հերթին պետք է քննարկվեն խնդիրները, որոնք պետք է լուծվեն այլ երկրում մեր դեսպանատան կողմից, հետո միայն այդ խնդիրներից հասկանալ, թե ով կարող է դրանք լուծել։ Երբ քննարկվում է անձը, ենթադրվում է, որ որևէ խնդիր, որևէ հարաբերությունների փոփոխություն չի քննարկվել, ուղղակի ուզում են մտերիմ մարդու ուղարկել, իրենց կարծիքով, լավ տեղ։ Այս քայլը դիտարկում եմ մերձավորին լավ պաշտոնի տեղավորելու քայլ և որևէ լուրջ փոփոխություն չեմ ակնկալում»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե, օրինակ, ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ իշխանությունները գիտեն, որ դատապարտվելու են, և յուրայիններին տեղավորում են լավ աշխատանքի, Գորգիսյանն արձագանքեց, թե ցանկացած վարկած գոյություն ունենալու իրավունք ունի, բայց ինքն այդ կարծիքին չէ։ «Եթե մեկին պետք է դատենք, կապ չունի՝ նա դեսպան է, նախարար է, նախագահ է, նրան պետք է բերենք ու դատենք»,-ասաց նա։
Գորգիսյանը նշեց՝ վիճարկում է ոչ թե Մակունցի լավ կամ վատ դեսպան լինելու հարցը, այլ սկզբունքը։ «Չկա խնդիր, որը լուծելու համար պետք է հենց Մակունցը։ Չի հայտարարվել խնդիրը, չեն հայտարարվել դրա լուծման տարբերակները։ Կա ուղղակի անձերի փոփոխություն, շարունակում են տարբեր մարդիկ անել նույն բանը»,-ասաց նա։
Լրագրողի հարցին՝ այսինքն՝ խնդիրն անձի մեջ չէ, և միգուցե դրական գնահատեն Մակունցի նշանակումը, եթե ներկայացվի խնդիրը, Գորգիսյանն արձագանքեց․ «Հաշվի առնելով, որ նա չունի դիվանագիտական փորձ, ես կասկածում եմ, որ կկարողանա լավագույնս կատարել դիվանագիտական խնդիրները։ Ես չգիտեմ՝ իր առջև ինչ խնդիր է դրված, միգուցե՝ գնալ և ամեն օր կոկտեյլ խմել, և նա դա իդեալական կանի։ Դեսպանը դիվանագիտական թիմի օղակ է, և կարևոր է՝ դիվանագիտական կորպուսն ինչ է անում»,-ասաց նա։