Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ «միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին»։
Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որն այս տարի անցկացվում է առցանց, Պուտինը, մասնավորապես, ասել է.
«Միջազգային հանրության, եւ, անկասկած, հակամարտության լուծմանը մասնակցող կողմերի առաջ խնդիր է դրված՝ օգնել տուժած շրջաններին հումանիտար խնդիրների լուծման, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների պահպանության ու վերականգնման հարցում»։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միջնորդական ակտիվ ջանքեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։
«Մենք ձգտել ենք հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ մասնավորապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Սա համագործակցության լավ օրինակ է»,- ասել է նա։
Աղբյուրը՝Մեդիամաքս