Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարված էր: Խորհրդարանը չընդունեց 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:
«Քիչ առաջ բուռն քննարկումներ ունեցանք ԱԺ դահլիճում, և ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական մեծամասնությունը երբեմն մոռանում է, որ ԱԺ-ում քաղաքական երեք ուժեր են ներկայացվել և երեքն էլ այստեղ են եկել ժողովրդի տված քվեյով ու արդար ընտրությունների շնորհիվ, հետևաբար այստեղ պետք է լինեն բանավեճեր»,-նիստի ժամանակ ասաց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Քաղաքականապես հասուն լինելու վկայությունը ընդդիմախոս խոսքը լսել կարողանալն է և կոռեկտության սահամաններից դուրս չգալը` այդ խոսքը լսելիս: Մեզ բոլորիս այստեղ բերել է ժողովուրդը, բայց ցավոք սրտի օրինակ` դուք մսխում եք ձեր այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը և զբաղված եք դրանով և այ հենց դուք, որ հիմա ծիծաղում եք, ցավոք, չկարողացաք դրսևորել քաղաքական հասունություն և հավուր պատշաճի գալ քաղաքական երկխոսության դաշտ: Իսկ մեր մյուս հարգելի գործընկերոջը պետք է ասեմ, որ դուք մեզ թույլ չեք տալիս կարոտել նախկիններին, քանզի երբ ամեն անգամ հայտարարում եք, որ հնին վերադարձ չի լինելու, հարգելիներս, հնին վերադարձը չի նշանակում, որ հները գան այստեղ, նստեն, հնին վերադարձը լինում է նաև, երբ դուք զգում եք ձեզ պահել ճիշտ այնպես, ինչպես նախկինները: Դա նույնպես հնին վերադարձ է, երբ դևին սպանողը դառնում է դև: Մեզ ժողովուրդը տվել է քվե, որ մենք դա թույլ չտանք և հենց դրանով ենք մենք այստեղ զբաղված»,-ասաց նա: