Պատահականություն չէ, որ «Ազգային գրադարան» վերնագրված գիրքը դարձավ ինձ համար գրավիչ և սկսեցի նախ ընդհանուր ուսումնասիրել, ապա՝ էջ առ էջ: Մանրատառ 350 էջից բաղկացած այս գիրքը հնարավոր չէ մի շնչով կարդալ: Սակայն ամեն էջ, ամեն նկար հայոց պատմության ակունքների մասին դիպուկ է և աշխարհընկալում հարստացնող:
Գիրքը մարդկության հիշողությունն է: Իզուր չի ասված. «գիրս մնա հիշատակող»: Ահա գրքի, գիրքը ստեղծողների ու պահողների մասին այս հանրագիտարանային տեղեկատվությունը բոլոր ընթերցողների համար անհրաժեշտ խոսք է:
Հեղինակը՝ Վիոլետա Մնացականյանը, Հայաստանի ազգային գրադարանի (մի ժամանակ «Հանրային» անունը կրող) նախկին աշխատակիցներից մեկն է, որի հետ համատեղ աշխատելու հնարավորություն չեմ ունեցել: Նրա դպրոց տեղափոխվելուց հետո գրադարանում ճանաչում ունեցող մատենագետների առաջարկությամբ և տնօրեն Ռաֆայել Իշխանյանի հավանությամբ գիտահետազոտական բաժնից տեղափոխվեցի հայ գրքի մատենագիտության բաժին: Այնտեղ նրա ստեղծագործական ձիրքը շատ բարձր էին գնահատում, հատկապես տպավորված եմ երջանկահիշատակ Նինել Ոսկանյանի բնութագրումներից: Գուցե գրադարանը «կորցրեց», բայց համոզված եմ, որ դպրոցը գտավ իր որոնածին:
Հետագայում այդ դպրոցի մասին, տվյալ դպրոցի նվիրյալ տնօրեն Գրետա Կրոյանի խորհրդով, խմբագրեց, ի մի բերեց «Դպրոցը» խորագրով գիրքը, որը տասը տարի անց դարձավ անցման շրջանի կարևոր պատում:
Իսկ «Ազգային գրադարան» աշխատությունը կարծես նրա նվիրումի շարունակությունը լիներ: Այդ գիրքը աշխարհի գրադարանների, գրքի մասին մի շտեմարան է, որը խոհեմ ընթերցողի համար բառիս բուն իմաստով սեղանի գիրք է, իսկ հանրային, համայնքային գրադարանների համար իսկական արժեք: Ընթերցողը դրանում կհամոզվի:
Գրախոսությանս նպատակը գովելը չէ կամ նրբին խոսքով նկատել, որ գիրքն այբբենական համակարգում կամ անձնանունների այբբենական ցանկ չունի: Այդ պակասը ընթերցողին կմղի ամբողջովին կարդալ, որ իր որոնածը գտնի, բայց ընթացքում շատ ձեռքբերումներ կունենա հեղինակի մտավոր ընկալումները, նաև իր անձնական որոնումներն ի հայտ բերելու առումով:
Մեր օրերում գիրք հրատարակելը դյուրին գործ չէ, բայց գիտեմ, որ դժվարություններ հաղթահարելու մեջ Վիեոլետա Մնացականյանն ինքն իրեն է գտնում՝ համախմբելով համախոհներին:
Սա հեղինակի 14 վավերագրական և գեղարվեստական գրքերի շարքում իր ուրույն տեղն ունի: Իսկ «Ճակատագրի արահետներով» ծավալուն պատմավեպն էլ, որը Շուշիի ազատագրման նյութերով է հարուստ (ավաղ, այսօր դարձյալ թշնամու ոտնակոխ), առանձին գրքերով նովելաշարքերն էլ իրենց բովանդակությամբ գրավիչ են և ընթերցելիս չես կարողանում կտրվել այս գրքից հեռացած համարվող ժամանակներում: Հերթական հայտնությունը դարձավ «Ազգային գրադարան» ժողովածուն, որը մեր ինքնության հենասյուներից մեկի՝ Հայաստանի ազգային գրադարանի համեստ հուշարձան է՝ երախտավոր Ռաֆայել Իշխանյանի աշխատություններից հետո:
Ես, որ Ազգային գրադարանի վաղեմի աշխատող եմ ու «անգիր» գիտեմ, թե ինչ գանձեր են թաքնված նրա պահոցներում, որոնք լույս են բերում նույնիսկ համատարած խավարի մեջ, վերստին հայտնաբերեցի ինձ համար և երախտապարտի զգացումներով շրջեցի վերջին էջը, քանի որ այն իսկական մխիթարանք դարձավ մեր հայրենիքի այս դժվարին, անելանելի դժվարին օրերին:
Աիդա Ադամյան