Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանն ասում է, որ իշխանությունը վերջին 2.5 տարում բանակում այնպիսի ռեֆորմներ է արել, որոնց արդյունքում զինված ուժերի վիճակը շատ ավելի է լավացել: Ավելին, հայտարարում է, որ նախկինների ժամանակ զինվորը չէր զգում, որ պետությունն իր կողքին է:
Իրո՞ք:
Նայում եմ սրա կենսագրությունը, պարզվում է, որ բանակում չի ծառայել, ինչպես այդ խմբակցության պատգամավորների մեծ մասը: Հետևաբար նա կարող է խոսել միայն դասալիքների անունից, բայց ոչ զինված ուժերի: Բնական է, որ չգիտի՝ զինված ուժերի վիճակը լավ է, երբ զինվորը զինված է և պատրաստված, համապատասխան փորձ ու հմտություններ ունի, ոչ թե կամ գոնե ոչ միայն ապահովված է լավ ներքնաշորով ու լավ ուտելիքներով: Մինչդեռ խոսում է՝ շատ լուրջ, մտածող մարդու դիմակով հղում անելով, իհարկե, «ժողովրդին»:
«Նախկինները զինվորներին դրդում էին, որ ամեն ինչ անեն մոտիկ տեղ ծառայելու կամ չծառայելու համար, իսկ մենք բացառեցինք դա: Վերջին 2.5 տարում, միանշանակ, պատրաստվում էինք պատերազմի, ուղղակի ժամանակն էր քիչ: Եթե ժամանակը շատ լիներ, ապա այնպես կպատրաստվեինք, որ Ադրբեջանը ռիսկ չաներ հարձակվել»,- ասում է:
Ուրեմն դարձյալ «նախկինները»: Փաստորեն նախկիններն են դրդել նրան, որ չկատարի հայրենիքին ծառայելու իր պարտքը և հիմա էլ խոսի ծառայածների անունից: Իսկ ներկաներն ահա Ազգային ժողովում տաքուկ տեղ ապահովելու, մեծ-մեծ պարգևավճարները գրպանը դնելու և բանակի մասին ճամարտակելու հնարավորություն են տվել: Էլ ինչպե՞ս չզգային «պետության» ներկայությունն իրենց կողքին նույնիսկ 3-4 ամիս առաջ զորակոչված, ճակատում կրակի տակ, առանց անհրաժեշտ սպառազինության, առանց պաշտպանական միջոցների մնացած պատանիները: Այն պետության, որը մսաղացն էր նետել զիվորներին, իսկ նրանց ծնողներին ամեն օր կերակրում էր սուտ լուրերով մեր հաղթանակների մասին, այն պետության, որը պատերազմի ավարտից գրեթե երեք ամիս անց դեռ դիակներ է հավաքում ու չգիտի էլ, թե իրականում քանի զոհ ենք ունեցել, քանի անհետ կորած ու գերի: Ո՞ր պետության մասին է խոսում, Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի՞, գուցե Ադրբեջանի՞, չէ՞ որ մեր հարյուրավոր գերիների կողքին, բուն իմաստով, այժմ Ադրբեջանի պետությունն է:
Ես, որ տղա եմ ուղարկել ծառայության, հիմա էլ պատերազմի, անունս դրել են «ժողովուրդ» ու իմ անունից հայտարարում են, թե այն ժամանակ պետությունը զինվորի կողքին չէր ու հիմա՞ է կողքին: Տղաս ծառայությունից վերադարձավ հպարտ, առնականացած, պայծառ ժպիտով, իսկ այս պատերազմից՝ կռացած, գլխիկոր, կոտրված տղամարդու խարանը դեմքին: Եվ սա իրավացիորեն լավագույն վիճակն է համարվում, քանի որ հազարավոր մայրերի զավակները չվերադարձան, թեկուզ գլխիկոր կամ վիրավոր: Ապշում ես, այսքան երիտասարդ ու այսքան փչացա՞ծ, այսքան անամո՞թ, այսքան անբարոյակա՞ն: Ուզում ես հասկանալ, սա ումի՞ց է ծնվել, մայր ունի՞, եթե ունի, ապա իմանալով հազարավոր սգացող մայրերի մասին, ինչպե՞ս չի պապանձվում:
Պարզվում է, որ հիմա էլ «ժամանակն» էր մեղավոր: Քիչ էր: Ժամանակն այնքան քիչ էր, որ հերիքեց միայն իրենց միլիոնավոր պարգևավճարների, ոչ պիտանի, չկրակող զենք և մայկա-տրուսիկ գնելու համար: Իսկ հիմա պետք է, որ այդ ժամանակը երկար ձգվի, հնարավորինս երկար, որ հերիքի իրենց իշխանության մնալու և վերարտադրվելու համար: Բայց այս քայլող անուղեղները չեն հասկանում, որ իրենց փրկությունը հիմա բերանները փակ պահելն է, ոչ թե փչացած պատեֆոնի ասեղի պես շարունակ մի գծի վրա լռվելով՝ նույն բառերը կրկնելը: Դրանք հիմա հակառակ ազդեցությունն են գործում, ու որքան շատ կրկնեն, իրենց ժամանակի ավարտն այնքան անակնկալ, կտրուկ ու դաժան է լինելու:
Անահիտ Հարությունյան
Հ.Գ. Ես այս երևույթին չէի անդրադառնա, եթե հերթական ֆեյսբուքյան ֆեյք կամ այն լաչառ, աղանդավոր, նիկոլի ջանին մեռնող կնիկներից լիներ: Փաստ է՝ նա ներկայացնում է մեր պետության բարձրագույն իշխանությունը, ու որքան էլ ուզենաս ջղերդ խնայել, չես կարող ձեռքդ թափ տալ ու լուռ անցնել: