Հովհ. Թումանյան -152
Պարբերաբար թերթում եմ ,Հովհաննես Թումանյանե հանրագիտարանը։ Հարազատական զգացմունքներ են ծնվում բոլոր նրանց հանդեպ, ովքեր նկատելի ավանդ ունեն բանաստեղծի մասին ստեղծված գրականության և արվեստի գործում։ Նախանձ չեմ, սակայն մի տեսակ սկսել եմ նախանձել մեծն Թումանյանի ժամանակակիցներին։
ՀԽՍԽ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանը մոտ 8 տարեկան է եղել, երբ կյանքից հեռացել է անվանի բանաստեղծը, բայց նա 1950-ական թվականներից կարողացել է դառնալ նրա ժառանգների լավ բարեկամը, նրանց հետ քայլել է նրա ոտնահետքերով և որպես բարեկամության արգասիք ստեղծել մի գունեղ գանձատուփ, այսօր արդեն սրբացած մասունքների մի ուշագրավ շտեմարան։ 1945թ-ին նա պատկերազարդել է Հովհաննես Թումանյանի ,Պողոս-Պետրոսե բալլադը։ Նկարազարդել է նաև՛՛Ծաղիկների երգը՛՛ (1950թ.) և ՛՛Իմ ընկեր Նեսոն՛՛ (1956թ.) գործերը։
1957թ., երբ Թումանյանի դուստր Սեդան ամուսնացել է էներգետիկ Գևորգ Փերիխանյանի հետ Լուսակերտի նրանց ամառանոցում սկսել են հավաքվել ժամանակի նշանավոր մտավորականներ, այդ թվում Հրաչյա Ռուխկյանը։
Հովհաննես Թումանյանի ընտանեկան միջավայրում Ռուխկյանը միշտ զգացել է բանաստեղծի շունչը, հաղորդակից դարձել նրա մտքերին։ Նա սպասված հյուր է եղել բոլոր կազմակերպվող միջոցառումներին, երգել ու իր հումորով զվարճացրել բոլորին։ Թումանյանի թոռնուհին Իռմա Սաֆրազբեկյանը տարիներ հետո հիշել է. ՛՛Մեր մարդաշատ հյուրերի ժամանակ նա նստում էր հեռումի կողմում և ուրվանկարներ անում՛՛։
Տարբեր հեղինակների Թումանյանի ավելի քան 50 դիմանկարներից կոմպոզիցիոն կառուցվածքով աչքի է ընկնում Ռուխկյանի ՛՛Հովհաննես Թումանյան՛՛-ը (1969թ.), որ պահվում է նրա թանգարանում։ Ռոմանտիկ, երազկոտությամբ լի դիմանկարը պատկերված է Լոռու բնության ընդհանուր ֆոնին։ Այդ պատկերի խճանկարը (բարձրությունը 8մ) նույն տարում տեղադրվել է Ալավերդի քաղաքում, Դեբեդ գետի աջ սարալանջին։
Այդպիսի մի խճանկար էլ կա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի նախասրահում։ Մի ուրիշ դիմանկար էլ Ռուխկյանը զետեղել է իր ՛՛Բույլ հանճարաց՛՛ շարքում Սայաթ Նովայի կողքին (1945թ.)։
1964թ. Հովհաննես Թումանյանի տուշով արված դիմանկարից բանաստեղծը բարի ժպիտով ներկայանում է դիտողին, նրան տանում իր Թումանյանական աշխարհ։
ՈՒշագրավ է նաևՀրաչյա Ռուխկյանի ՛՛Հառաչանք՛՛ գործը։ Թումանյանի դիմանկարի մի տարբերակ էլ 1985թ Ռուխկյանը արել է կավճանկարով։ Հովհ. Թումանյանի 100 ամյա հոբելյանական տարում թողարկվել են ծրարներ և նամականիշներ Ռուխկյանի նկարներով։
1956թ-ին Ռուխկյանը նկարել է նաև Օլգա Թումանյանի դիմանկարը՝ ՛՛Թումանյանի այրին՛՛(ածուխ, մատիտ)։ Այդ ժամանակ Օլգան պատկառելի տարիքի էր, և գրեթե չէր տեսնում, բայց նկարչին ասել է, որ Թումանյանին շատ ավելի հաջող է նկարել քան իրեն, ՛՛այդ վիճակում չարժեր նկարել, ջահել ժամանակ պետք է նկարեյիր՛՛։
Թումանյանի հետ կապված ամեն մի հիշողություն, ամեն մի մանրուքն անգամ մեզ ավելի է մոտեցնում բանաստեղծին և ջերմացնում մեր հոգիները։ Կասկածից վեր է, որ վերը ասվածը այդ առումով բացառություն չէ։
Հ.Գ.1 Այսօրերին լիովին համահունչ է և այլ արժևորում կարող է ստանալ այն իրողությունը, որ Հրաչյա Ռուխկյանը 1983թ-ին Ստեփանակերտում հիմնել է արվեստի դպրոց և իր գործերից 60-ը՝ այդ թվում թումանյանական թեմայով նկարներ նվիրաբերել դպրոցին։
Հ.Գ.2 Չկարողացա չտրվել գայթակղությանը և ներկայացնում եմ ՛՛Հովհաննես Թումանյան՛՛ հանրագիտարանի մեր տարածաշրջանի հետ կապված որոշ հիշատակումներ՝ Ալավերդու միջնադարյան կամրջի մոտ 1986թ-ին տեղադրվել է ՛՛Հառաչանք՛՛ պոեմի ծերունու արձանը (քանդակագործ Ռաֆայել Ջավախյան)։ ՛՛Թումանյանի աշխարհում՛՛ (2015թ) և ՛՛Կիկոսի մահը՛՛ (2018թ) նկարները և ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի Թումանյանական գործերի այլ նկարազարդումներ ժամանակին տեղ են գտել Երևանի ժողովրդական ստեղծագործության տանը և ՀՆՄ-ում կազմակերպված՛՛Թումանյանական աշխարհը՛՛ խորագրով ցուցահանդեսներում։ Վերջերս հավերժի ճամփա բռնած ճանաչված մանկագիր Սուրեն Մուրադյանի ՛՛Թումանյանի հետ՛՛ (2014թ) գրքի շապիկի Հովհաննես Թումանյանի լուսանկարում ուրիշ մի ժպիտ կա ու հավատ։
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ