f

Անկախ

Հայրենիքի փրկության շարժումն ամեն ինչ անելու է, որպեսզի գործը արտահերթ ընտրություններին չհասնի.Խոսրով Հարությունյան


ArmDaily.am-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

-17+ կուսակցությունների պայքարն ինչո՞ւ չպսակվեց հաջողությամբ:

 

-Շատերը ընդդիմության հայտնի նախաձեռնությունը ներկայացնում են որպես լոկ 17 կուսակցությունների նախաձեռնություն, դրանով իսկ հանրության մի հատվածի մոտ ձևավորվում է կարծիք, որ այդ քաղաքական նախաձեռնությունը բացարձակապես կուսակցական նախաձեռնություն է: Իրականում այդ նախաձեռնությունը վաղուց վեր է ածվել շարժման: Այն, բացի նախաձեռնողներից՝ 17 կուսակցություններից, իր մեջ այսօր ընդգրկում է մեր հասարակության ամենատարբեր ոլորտները ներկայացնող թե անհատների, թե խմբերի և դրա համար այդ նախաձեռնությունը այլևս կոչվում է Հայրենիքի փրկության շարժում:

Ուստի շարժման զանգվածային միջոցառումներին հանրության ոչ մասայական մասնակցությունը, ըստ իս, պայմանավորված է, նախևառաջ, այդ շարժումը որպես կուսակցությունների նախաձեռնություն ընկալելու հանգամանքով: Շատ շատերը որևէ կուսակցության գործունեության մասին կարծիք են կազմում հիմնվելով այդ կուսակցության լիդերի նկատմամբ իրենց համակրանքով կամ հակակրանքով: Երկրորդը՝ շատ դեպքերում կուսակցությունների նախընտրական խոստումները և հետընտրական գործունեությունը չեն համընկնում: Այս հանգամանքը նույնպես նպաստում է կուսակցություն ինստիտուտի հանդեպ վստահության դեֆիցիտի առաջացմանը: Եվ քանի որ, այս հանգամանքներին զուգահեռ, հանրության մոտ կա հաստատ համոզմունք, որ կուսակցությունների հիմնական նպատակը իշխանության գալն է,և շատ կուսակցություններ չեն էլ թաքցնում դա, այստեղից էլ հետևություն են անում, եթե իշխանությունների անհապաղ հրաժարականի պահանջով հանդես են գալիս միայն ընդդիմադիր կուսակցությունները, ապա դա հանրության մի մասի վրա կարող է թողնել աթոռակռվի տպավորություն: Իսկ դա մեզանում ստեղծված շատ բարդ պայմաններում կարող է վանել մեր քաղաքացուն զանգվածային միջոցառումներին մասնակցելուց, դուրս թողնել նրան քաղաքական պրոցեսից:

Մինչդեռ Հայրենիքի փրկության շարժման խնդիրը իրականում ոչ թե իշխանությունը վերցնելն է, այլ հետպատերազմյան բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը և Արցախը անվտանգության նոր սպառնալիքներից զերծ պահելն է: Շարժման ներկայացուցիչները բավարար ջանք չգործադրեցին, որպեսզի իրենց նախաձեռնությունը ընկալվի ոչ թե կուսակցությունների նախաձեռնություն, այլ հանրության զգալի հատվածի քաղաքացիական դիրքորոշման արտահայտում: Կարծում եմ էական դեր խաղացին նաև եղանակային պայմանները և համավարակի հանգամանքը:

-Շատերը քննադատում են հայրենիքի փրկության շարժմանը, որ նախաձեռնությունն այդպես էլ կտրուկ կամ որոշիչ քայլերի չդիմեց:

-Իրոք շատերը քննադատում են շարժմանը և պահանջում կամ սպասում նրա կողմից որոշիչ քայլերի նախաձեռնում: Նախ ուզում եմ հասկանալ՝ որոշիչ քայլ ասելով ինչ են նրանք հասկանում: Նրանք, ովքեր շարժման մասնակիցներից ու ղեկավարներից պահանջում են, այսպես կոչված, կտրուկ քայլեր, կարծում եք նրանք պատրաստակա՞մ են իրենց ջանքը, եռանդը, անմիջական մասնակցությունը բերել այդ կտրուկ քայլերին: Կարծում եմ նրանց մեծ մասը պատրաստակամ չէ: Գիտե՞ք, թե ինչպիսին է այդպիսի մարդկանց վարքագիծը: Նրանք անշուշտ կիսում են շարժման առաջ քաշած թեզերը և նույնպես դեմ են օրվա իշխանություններին, սակայն գերադասում են նստել հեռուստացույցի դիմաց և պահանջել՝ արա, մի կտրուկ քա՞յլ էլ չեք կարողանումում անել: Մեծ մասի վերաբերմունքն այսպիսին է՝ թեպետ ես չեմ մասնակցում, բայց կարող եմ պահանջել: Այդ քաղաքացու վերաբերմունքը քաղաքական պրոցեսին շատ հարաբերական է և ոչ պատասխանատու: Ընդ որում նա պատրաստ է ցանկացածին մեղադրել, որ նրա մոտ չստացվեց, բայց ոչ իրեն՝ գործողություններին չմասնակցելու համար: Սա, ցավոք սրտի, հանրության, քաղաքացիների մի հատվածի քաղաքացիական վարքագիծն է: Այս շարժման ամբողջ իմաստը մեր քաղաքացու մեջ քաղաքացուն արթնացնելն է, նրանում պատասխանատու վարքագիծ դրսևորելու մղում ձևավորելն է, որ քաղաքացին ոտքի ելնի: Այսօր Շուռնուխում, այսպես կոչված, սահամանազատման հետևանքով գյուղի բնակիչներից մեկի գոմի կեսն ադրբեջանցիներին է անցել: Թող որևէ մեկը իրեն դնի այն մարդկանց տեղը, ովքեր տասնամյակների ընթացքում դառը դատած ու բանած իրենց տունն այրում են և հեռանում, արդյո՞ք կարող է հանգիստ նստել իր տանը կամ մեկնումեկդ ձեզ դրեք այն որդեկորույս ծնողի տեղը, որը 3-4 ամիս մի գերատեսչության դռնից հասնում է մյուս գերատեսչության դուռը, որ կարողանա պարզել՝ իր որդին գերեվարվա՞ծ է, թե՞ անհետ կորած: Դե թող մեկնումեկն իրեն դնի այդ ծնողի տեղը՝ տեսնենք տանը հանգիստ կնստի՞:

-Հայ ռազմագերիների թվի մասին լրատվամիջոցների հարցմանը ՊՆ-ն հակադարձեց, որ դա պետական գաղտնիք է: Արդարացվա՞ծ է Պաշտպանության նախարարության այդ պնդումը:

-Ինձ համար հասկանալի չէ, որ ասում են թե գերիների թիվը պետական գաղտնիք է: Այ մարդ, գերիների թիվն ամենից լավ գիտի մեր թշնամին, էդ գաղտնիքն ո՞ւմից է՝ մեզնի՞ց է գաղտնիք: Այդ ի՞նչ գաղտնիք է, որ քո թշնամին գիտի, բայց քո հասարակությունը կամ քո քաղաքացին չպետք է իմանա: Առնվազն պետք է դաուն լինել այդպիսի բան պնդելու համար: Թող ներվի կոշտ ձևակերպման համար, բայց հանրությանը չի կարելի հիմարի տեղ դնել: Պետական գաղտնիքը այն տեղեկատվությունն է, որը պետք է թաքցնել թշնամուց:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է գերիների թիվը պետական գաղտնիք հռչակելու իրական նպատակը:

-Այդ կերպ փորձում են քողարկել իրենց անկարողությունը: Դավիթ Շահնազարյանը հստակ հայտարարեց, որ ունենք 235 գերի, նույնիսկ նրանց պահելու տեղերը նշեց: Դե թող մեկնումեկը հերքի Դավիթ Շահնազարյանի տեղեկատվությունը և եթե դա ապատեղեկատվություն է՝ թող կանչեն նրան պատասխանատվության: Պետական գաղտնիք է այն ինֆորմացիան, որը քո հասարակությունի՞ց է գաղտնի պահվում: Հա՞: Կամ իրենք ունակ չեն մեր տղաներին հետ բերել կամ չեն ցանկանում: Իսկ ինչ է անում Ադրբեջանը՝ այս գերիներն այլևս միայն ռազմական գործողությունների արդյունքում թշնամու մոտ հայտնված անձինք չեն՝ նրանք վեր են ածվել պատանդի: Ըստ էության՝ մեր երիտասարդ հայրենակիցների մի մեծ զանգվածին պահում են իրենց մոտ, որպեսզի վաղը կամ մյուս օրը այսօրվա իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրեն և իրենց համար ռազմավարական նոր հնարավորություններ կորզեն:

Սյունիքի սահմաններին մենք ականատես ենք Ադրբեջանի կողմից իրականացվող սողացող օկուպացիայի: Նորանոր տարածքներ հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ: Այսօր մենք Կապանի բոլոր բարձունքները զիջեցինք թշնամուն, Որոտանը, Շուռնուխը, Քարահունջը զիջեցինք թշնամուն, Գորիս-Կապան ճանապարհը ամբողջությամբ թշնամու ռազմական վերահսկողության տակ է և Փաշինյանը իր այդ որոշումները ներկայացնում է եռակողմ հայտարարությունից բխող բանավոր ըմբռնում: Ի՞նչ բանավոր ըմբռնում, երբ ստորագրված փաստաթղթում հստակ արձանագրված էր, որ կողմերի զինված ուժերը մնում են այն տեղում, որտեղ կանգնած էին եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Բոլոր ռազմավարական կարևորության կետերը այսօր տվել ենք թշնամու վերահսկողությանը և նույնիսկ հայկական զինված ուժերի որևէ ստորաբաժանում տեղակայված չէ այդ տեղերում: Մենք այսօր հասել ենք նրան, որ Շուռնուխի բնակիչներն իրենք են փորձում դիմագրավել կամ բանակցել թշնամու հետ: Այդպիսի բան լինո՞ւմ է: Արդյո՞ք Շուռնուխի կամ ընդհանրապես Սյունիքի բնակիչներն այսօր ավելի անվտանգ են, քան այն դեպքում, երբ Կուբաթլուի տարածքի 10%-ը մնար Պաշտպանության Բանակի հսկողության տակ և ադրբեջանցիների դիրքերը լինեին 15 կմ հեռավորության վրա: Ո՞ր դեպքում ավելի անվտանգ կլիներ Սյունիքը: Ուստի այսօր Հայաստանի անվտանգության համար մեկ սպառնալիքը դա Հայաստանի այսօրվա իշխանություններն են:

-Արտահերթ ընտրություններ է առաջարկում իշխանությունը՝ երկրում ստեղծված լարված քաղաքական միջավայրը թուլացնելու հարմար տարբերակ է դիտարկում: Ո՞րն է արտահերթի գնալու այս իշխանությունների նպատակը:

-Եթե իշխանություններն իրականում ցանկանային արտահերթ ընտրությունները դիտել որպես ստեղծված իրավիճակում լարվածությունը թուլացնելու հնարավորություն, ապա երկրորդ քայլն էլ կառաջարկեին, այն է արտահերթ ընտրություններն անցկացնել առանց Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատար լինելու: Թող դա առաջարկեին, եթե համոզված են, որ արտահերթ ընտրությունները հնարավորություն են տալու հանրային կյանքի այս լարվածությունը և տիրող խառնաշփոթը չեզոքացնելու կամ մեղմելու: Արդյո՞ք Փաշինյանը պատրաստ է հրաժարվելու վարչապետի պաշտոնակատար լինելուց: Իհարկե՝ ոչ, որովհետև նրանց նպատակը արտահերթ ընտրություններով ոչ թե իրավիճակը մեղմելն է, այլ փորձել օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը՝ վերարտադրվել և արդյունքները ներկայացնել, որպես իրենց հանդեպ ժողովրդի վստահություն: 2018 թվականի ընտրություններին ժողովրդի միայն 30 տոկոսն է իրենց ձայն տվել, բայց նրանք այդ 30 տոկոսին անընդհատ ներկայացնում են որպես ամբողջ ժողովուրդ: Այս քաղաքական իշխանությունը, արտահերթ ընտրությունները բերելով քաղաքական օրակարգ, փորձում է այս ընտրությունների միջոցով մաքրվել իր հանցագործություններից: Հետո ո՞վ է ստուգելու կամ չափելու՝ վարչական լծակներ օգտագործվեցին, թե ոչ, արդեն դա երկրորդական խնդիր կլինի: Հետևաբար սա ուղղակի անթույլատրելի է: Նույնիսկ վարչապետ Փաշինյանը արձանագրեց իր հարցազրույցներից մեկում, որ նախընտրական գործընթացի ժամանակ էլ կփորձեն հասկանալ, թե այս պատերազմում ով ինչի համար էր պատասխանատու, ով ինչ է արել կամ ինչ չի արել:

-Այս սցենարի իրագործման դեպքում ինչպիսի՞ն կլինեն արտահերթի նախընտրական գործընթացները:

-Վարչապետը մտադիր է ամբողջ նախընտրական մրցապայքարը վերածել, կոպիտ ասած, «ռազբիրատի»՝ պատերազմական 44-օրյա գործողությունների «ռազբիրատի», ինչը բերելու է կրքերի սարսափելի բորբոքման, ով ում վրա ինչքան կարողանալու է՝ ցեխ է շպրտելու և մենք ընտրություններից դուրս ենք գալու ավելի ջլատված, ավելի տրոհված, մասնատված և ատելությամբ ավելի լցված միմյանց նկատմամբ: Արտահերթ ընտրությունները նույնպիսի կապիտուլյացիա են նշանակելու՝ անկախ արդյունքներից: Դրա համար է շարժումը առաջարկում, եթե իսկապես ուզում ենք հանրային կյանքը կարգավորել, մեզանում լարվածությունը մեղմել, ատելության մթնոլորտը չեզոքացնել, խնդրեմ, մեկ տարի ժամկետով ձևավորենք ժամանակավոր, անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը այդ ընթացքում կփորձի հանդարտեցնել ներքին մթնոլորտն՝ առանց ներքին թշնամիների փնտրելու, կիրականացնի անհրաժեշտ հրատապ քայլերը անվտանգային և սոցիալ-տնտեսական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և մեկ տարուց հետո կկազմակերպի Խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Ակնհայտ է, որ նման պարագայում ընտրողը հնարավորություն կունենա կատարել գիտակցված ընտրություն, ոչ թե էմոցիաներին տուրք տալով, ինչպես եղավ 2018 թվականին և այսօր մենք այդ ընտրության դառը պտուղներն ենք քաղում: Հայրենիքի փրկության շարժումն առաջարկել է նաև վարչապետի իր միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին: Ահա թե ինչու Հայրենիքի փրկության շարժման առաջարկը քաղաքական առումով ամենաբալանսավորվածն է:

-Ներկա իշխանությունները կհաղթե՞ն արտահերթում առանց Ձեր նշած վարչական լծակների:

-Ներկա իշխանությունը համոզված է, որ եթե ինքը վարչական լծակները զիջի՝ նրան ոչ ոք ձայն չի տա: Ուսումնասիրեք այսօր բանակի և ոստիկանության բյուջեն՝ ապշելու բան է՝ ոստիկանության բյուջեն անհամեմատ ավելի մեծ է, քան բանակի բյուջեն: Մեր երկիրը, որ կանգնած է լուրջ անվտանգության լուրջ սպառնալիքի առջև, բանակին ավելի քիչ միջոցներ է հատկացնում, քան ոստիկանությանը: Մի՞թե պարզ չէ, թե ինչու է դա արվում: Հենց արտահերթ ընտրություններում ոստիկանական ռեսուրսն օգտագործելու նպատակով:

-Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իրենք մասնակցելու են արտահերթ ընտրություններին վարչապետի իրենց թեկնածուով և ասաց, որ անպայման հաղթելու են: Որքանո՞վ եք հավանական համարում Քոչարյանի հաղթանակը արտահերթ ընտրություններին:

- Ռոբերտ Քոչարյանը մի միտք ևս հնչեցրեց, որ իշխանությունների օր առաջ գնալը՝ օրվա հրամայականն է: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունները օր առաջ հեռացվեն, որովհետև բոլորը այս իշխանություններին դիտում են որպես մեր ներքին կայունությունը խաթարող գլխավոր գործոն: Բայց եթե կառավարող իշխանությանը հաջողվի պարտադրել արտահերթ ընտրություններ, ապա իր թիմը կմասնակցի և կհաղթի: Այս արտահերթ ընտրությունները շատ վտանգավոր են հետագա զարգացումների կոնտեքստում: Նույնսիկ այս իրավիճակում, երբ իշխանության ձեռքին է կենտրոնացված վարչական ողջ ռեսուրսը՝ համոզված եմ, որ ընդդիմությունը հաղթելու է, ընդդիմությունն, աներկբա, արձանագրելու է իր հաջողությունը: Եվ պետք չէ մտածել, թե մարդիկ դուրս չեն գալիս փողոց, ուստի չեն աջակցում ընդիմությանը: Հարցրեք ցանկացած մարդու, լսեք սրճարաններում զրույցները և կհամոզվեք, թե մարդիկ, երիտասարդությունը ինչ է խոսում: Բոլորը յախա են թափ տալիս, կներեք այդպիսի արտահայտության համար, այսօրվա իշխանություններից: Այս պայմաններում վարչապետի հաշվարկը արտահերթ ընտրութուններում ուժային կառույցների և վարչական այլ լծակների օգտագործմամբ վերարտադրվելն է և, կրկնում եմ, պատասխանատվությունից խուսափելն է: Ես համոզված պնդում եմ, որ նման պարագայում գնալ արտահերթ ընտրությունների՝ դա երկրորդ անգամ Հայաստանը կապիտուլյացիայի տանելուն համարժեք քայլ է: Այլևս ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենատապալված և ամեն ինչ տապալած իշխանություն: Ուստի Հայրենիքի փրկության շարժումն ամեն ինչ անելու է, որպեսզի գործը արտահերթ ընտրություններին չհասնի:

Հայկա Ալոյան

Խոսրով Հարությունյան Հայրենիքի փրկության շարժում արտահերթ խորհրդարանական ընտրություններ վարչապետի հրաժարական հայ գերիներ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին