f

Անկախ

Հոգնա՞ծ ենք, թե՞ փչացած


Մեկ ազգ՝ երկու դիմագիծ

Հոգեբանության մեջ այսպիսի հասկացություն կա՝ անհատականության դիսոցիատիվ խանգարում, որ հանրության լայն շրջաններում ավելի շատ հայտնի է որպես անձի երկատում կամ անձի երկվություն: Սա համարվում է հազվադեպ հոգեկան խանգարում, երբ մարդու անհատականությունը կիսվում է, և ստեղծվում է տպավորություն, որ մի մարմնում «ապրում» են երկու կամ ավելի տարբեր մարդիկ, որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինում են միմյանց:

Հետաքրքիր է, իսկ ազգերի նման հիվանդություն գոյություն ունի՞: Մենք՝ հայերս, կարծես նման օրինակ ենք մատուցում: Կվիճի՞ ինչ-որ մեկը, եթե ասենք՝ մեզանում երկու տարբեր՝ տրամագծորեն տարբեր տեսակ է ապրում: Մեկը ունի իր սրտում հայերնիք ասվածը, պատրաստ է նրա համար կյանքը զոհել և զոհում է, մյուսի մտքով իսկ նման բան չի անցնում և ատամներով պաշտպանում է նրան, ով երկիրը հանձնում է թշնամիներին՝ զոհաբերելով հազարավոր մատաղ կյանքեր ու ամբողջական  տարածքներ: Պաշտպանելը դեռ ոչինչ, ծառայում է այդ չարիքին: Ուրեմն, անկախ տոկոսային հարաբերակցությունից, ո՞ր տեսակն ենք մենք՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ:

Մարդ կա բանաստեղծ է, մարդ էլ կա բանաստեղծ է աշխատում

Համոզիչ լինելու համար օրինակ չբերենք սոցցանցերի որոշ մշտաբնակներին, այսպես կոչված աղանդավորներին, գերագույն հանցագործի փիառի փողոցային բեմականացումներին փողով կամ այլ շահագրգռությամբ մասնակցողներին, ոստիկաններին ու այլևայլ պաշտոնյաներին, այլ մատնանշենք բանաստեղծներին, որոնք անհիշելի ժամանակներից համարվում են ճշմարտության ամենախիզախ մունետիկները, գեղեցիկ ու իմաստուն խոսքով իրենց ժողովրդի ոգորումներն ու իղձերն արտահայտողները, ժողովրդին առաջնորդողները:  Մեզանում, գուցե ճակատագրի բերումով, նրանցից միշտ էլ ավելին է  ակնկալվել և նրանց ավելին է վերագրվել: Բավական է միայն հիշատակել Կոստան Զարյանի պատգամը, որին դժվար է առարկել: Ասում էր՝ մեր պարագան ուրիշ է, մյուս ժողովուրդների համար բանաստեղծությունը գեղեցկության նվաճման միջոց է և նրբաճաշակ պրպտումների առարկա, իսկ հայի համար «անհրաժեշտ հոգեկան հաց է և իր էությունը պատճառաբանող ու արդարացնող աստղակերտ ցոլացում», «մեզ մոտ բանաստեղծությունը վիճակ է և կոչում», «հայ ոգու արմատի արմատն է, հայ արյունի լույսը, հայ մտքի մագնիսացումը»:

Ահա մի շաբաթ առաջ մի քանի օրվա տարբերությամբ հեռուստացույցով տեսանք ժամանակակից երկու բանաստեղծի: Մեկը Խաչիկ Մանուկյանն էր՝ «Բարձունքը մերն է, տղերքն էլ չկան» հայտնի բանաստեղծության հեղինակը: Հիմա ո՛չ բարձունքն է մերը, ոչ էլ տղաները կան, չկա նաև նրա տղան, որ զոհվեց այս պատերազմում: Ապշեցուցիչ է, ի՜նչ հզոր ուժ պետք էր ունենալ մերթ ընդ մերթ արցունքներին ելք չտալու համար և այս դժվարին պահին խոսելու ոգեղեն արժեքների, զարթոնքի, ապաշխարանքի, ներումի, սխալները շտկելու, հավաքականության և ապագային միտված անելիքների ու ժողովրդին ապրեցնող, ոգեշնչող ուրիշ իրողությունների մասին:

Դրանից մի երեք-չորս օր առաջ ճիշտ հակառակ պատկերը տեսանք, երբ եթերում իր խոհերն էր արտահայտում մի այլ ժամանակակից բանաստեղծ՝ Հակոբ Մոսվսեսը:  Եթե պատկերը չերևար և անունն էլ լսած չլինեինք, կթվար, թե իմքայլական ինչ-որ պատգամավոր կամ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա է խոսում, որ հերթական անգամ փորձում է արդարացնել իրենց գլխավորի հանցագործությունները և ամեն ինչ բացատրել դարձյալ բազմաչարչար նախկինների կոռուպցիայով:

Խառնիճաղանջ ժամանակներ են, ասում է, տակառը ցնցվել է, ամեն ինչ ջրի երես է ելել և այդ ամեն ինչի հետ՝ նաև դիրտը, այսինքն՝ տականքը: Եվ այդ տականքը, պարզվում է, ոչ թե երկիրն ու ժողովրդին այս վիճակին հասցնողն է, այլ  նրանք, ովքեր ընդվզում են դրա դեմ: Ասում է՝ «ոչ ոք իրավունք չունի ասելու Նիկոլին՝ վեր կաց գնա»: Նրան պետության հանրությունն է ընտրել, ժողովուրդը, ուրեմն ժողովուրդն էլ օրենքով սահմանված կարգով պետք է որոշի՝ գնա, թե մնա: Այսինքն՝ ընտրություններ, այլապես «մեր երկիրը կընկնի խուժանների ձեռքը», որոնք «պետության զգացողություն չունեն», ուզում են քաոս սարքել և երկիրը տանել երկրորդ պարտության: Իսկ ապստամբության մասին խոսողներն էլ, իր խոսքով, քաղաքական բոմժեր են, բայց  մեր ժողովուրդն այնքան իմաստություն ունի, որ նման բան թույլ չի տա:

Իհարկե, նա չի պարզաբանում, թե ովքեր են այդ «հանրությունը» կամ «ժողովուրդը», մոռացության է տալիս, օրինակ, երկու կաթողիկոսներին, գիտությունների ակադեմիային, Երևանի պետհամալսարանին, գրողների միությանը, այլ հաստատություններին, երկրի ավելի քան 200 համայնքներին և հարյուրավոր մտավորականներին, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը: Նրանք, պարզվում է, ժողովուրդ չեն: Չի պարզաբանում նաև, թե ինչպես այդ իմաստուն ժողովուրդն ընտրեց մեկին, որ երկիրը տարավ առաջին պարտությանը: Բայց համոզված է, որ հիմա նոր է սկսել պետությունից պետության հոտ գալ, հասարակությունից՝ հասարակության հոտ և քաղաքացուց՝ քաղաքացու հոտ, քանի որ կոռուպցիան արմատախիլ է արվել: Եվ մի վայրկյան անց նույն համոզվածությամբ ասում է, որ պատերազմում տանուլ տվեց կոռուպցիան: Եվս մի վայրկայն անց. «Ոչ ոք չի կարող պնդել, որ վարչապետը կամ առողջապահության նախարարը կամ արդարադատության նախարարը կոռումպացված է, ես սա համարում եմ շատ մեծ նվաճում, գիտակցության դարձ, գիտակցության պետության մի մոդելի, մի տեսիլքի, որը կարող է մեզ փրկել»: Բա՞: Տեսնո՞ւմ եք, թե հայ մտքի ինչպիսի մագնիսացման ենք ականատես: Դրանից հետո, իհարկե, այս «դատավորի» թրի տակով պիտի անցնեին նաև մտավորականները. «Ես կարմրում եմ մտավորական ասելիս, քանի որ այսօր ամեն խուժան, գողական լեքսիկոնով հայհոյում է իր իշխանություններին»:

Եվ բնականաբար, որպես նախկին մշակույթի նախարար, չի կարող գնահատել  ներկայիս միավորված նախարարությունը, քանի որ այս ատյանը ստիպված է մաքրել ավգյան ախոռները: Բայց գոհունակությամբ է նշում, որ այս իշխանությունների օրոք վերացել են ստախոսությունը, ճամարտակությունը, ամբարտավանությունը, մտքի մեջ Բաքուն գրավելը, մեր թշնամու հանդեպ անհարգալից վերաբերմունքը՝ թերագնահատումը և այլն, իսկ այն հարցին, թե ինչ ենք կորցրել, որ արժեքավոր էր, դժվարանում է պատասխանել, քանի որ չգիտի էլ, թե մենք ինչ արժեքներ ենք ունեցել կամ ունենք: Եվ նորից չի դադարում կրկնել, որ այսօր հրապարակներում խոսում են մարդիկ, որոնք ժամանակին երկիրը թալանել են:

Ցավոք, նրան հարց չտրվեց, թե երբվանից է մշակույթի ոլորտը մեզանում վերածվել ավգյան ախոռների, իր նախարար եղած ժամանակվանից, թե՞ ավելի ուշ, երբ մեդալներ ու մրցանակներ էր ստանում նախկին իշխանություններից, և արդյոք թալանից ինքն անմա՞սն է եղել (բարեբախտաբար ողջ մնացած մարդիկ դեռ շատ կան, որոնք ոչ միայն լավ հիշողություն ունեն, այլև գզրոցներում պահված բազմաթիվ փաստաթղթեր):

Այս նույն բանաստեղծը սրանից 13 տարի առաջ՝ 2008-ին, ասում էր. «Եթե պիտի տխմար մտավորականություն ունենանք, ավելի լավ է այդ մտավորականությունը չառաջնորդի մեր ժողովրդին, և ընդհանրապես պետության կողմն էլ չկանգնի, մեր երկրում դիտավորյալ ստեղծվում է մտավորականների հատուկ օլիգարխիա, որը զբաղված է իշխանություններին քծնելով»: Լիովին համաձայն ենք: Ուրեմն հետաքրքիր է՝ ինչո՞ւ է հիմա հենց ինքը դրանով զբաղվում, հիմա, երբ պետությունն էլ, ժողովուրդն էլ անհամեմատ ավելի վատ վճակում են՝ անդունդի եզրին:

Մեծերից մեկն ասել է՝  բանաստեղծություն գրել կարողացող ամեն ոք չէ, որ բանաստեղծ է: Եվ փաստորեն ճիշտ է ասել: Մեր ժամանակի ողբերգությունն էլ հենց սա է, որ ունենք բազմաթիվ բանաստեղծություն գրողներ, բայց իսկական բանաստեղծները, որոնք ոգի են տալիս ժողովրդին ու լուսավորում նրա ճամփան, մատների վրա կարելի է հաշվել:

Այսօրվա  վիճակի քննարկումների ժամանակ հաճախակի կարելի է լսել՝ դե հոգնած ժողովուրդ ենք, էլի, ի՞նչ ենք ուզում: Թումանյանն էլ ասում էր՝ ներսից է մեր թշնամին, ներսից ենք փչացած: Հիմա հոգնա՞ծ ենք, թե՞ էն գլխից փչացած: Հավանաբար թե՛ մեկը, թե՛ մյուսը: Համենայն դեպս, արդյունքը մեկն է, եթե փողոցն է որոշում ամեն ինչ, ամբոխը իշխանության է բերում իսկական խուժանին, որը թշնամու ձեռքն է տալիս երկիրը, իսկ բանաստեղծ համարվողները գովերգում են այդ խուժանին՝  «բոմժ» անվանելով նրանց, ովքեր գոնե փորձում են փրկել երկիրը վերջնական անկումից:

Անահիտ Հարությունյան

 

Հասարակություն Հակոբ Մովսես Խաչիկ Մանուկյան խմբագրի ընտրանի

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին