Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին, ասաց, որ լավ է, որ Իրանից մեր հայրենակիցները գալիս են, բայց պետք էր նրանց 2 շաբաթ առանձնացնել, քանի որ կորոնավիրուսի բացահայտման շրջանը 2 շաբաթ է:
«Պատկերացրեք, մարդը գալիս է, իսկ տանը երեխաներ կան, ծնողներ կան, քույր ու եղբայր կան, ո՞նց կարելի էր այդպես անել: Դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում են գտնվում 32 անձինք, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածի հետ, Ծառուկյանը նշեց, որ այդ որոշմանը եւս վատ է վերաբերվում. «Գնացեք Ծաղկաձոր, բոլոր տուրիստական ընկերությունները, մարդիկ արդեն տոմսերը վերցրել էին, հյուրանոցները «բրանիրավատ» էին արել, ու հենց նույն պահին, երբ ասել են, որ մարդկանց տարել են Ծաղկաձորի գլխին դրել են, անմիջապես ինչքան պատվեր կար, հեչ արեցին, եղածներն էլ թողեցին գնացին: Հիմա ամբողջը դատարկ է»:
Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ գնացել է Ծաղկաձոր, այնտեղ աշխուժություն է տիրում, Ծառուկյանը հակադարձեց, որ հենց հիմա էլ կարելի է գնալ ու տեսնել, որ լրիվ դատարկ է: