ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց խափանման միջոցի փոփոխման մասին:
Իր միջնորդությունը փաստաբանը ներկայացրեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ: Փաստաբանը հիշեցրեց, որ նախկինում իր պաշտպանյալը ազատ է արձակվել գրավի դիմաց: «Գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի խափանման նպատակով, որպեսզի վերջինս չթաքնվի քննությունից եւ նման գործողությունից: Դրա անհրաժեշտությունը չկա: Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը»,-հիշեցրեց փաստաբանը:
Նա հաստատեց, որ Խաչատուրովի նկատմամբ գործում է որպես խափանման միջոց կալանքը, որը կարող է փոխարինվել գրավի դիմաց ազատմամբ: Փաստաբանը հիշեցրեց պայմանները, որոնց դիմաց գրավը պետք է վերադարձվի: «Նման խափանման միջոցը խիստ է եւ ենթակա է փոփոխման»,-նշեց փաստաբանը՝ վստահեցնելով, որ պաշտպանյալը երբեք չի խախտել ազատության մեջ գտնվելու պայմանները:
Նա հատուկ նշեց այն հանգամանքը, որ Խաչատուրովն այլեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չէ, եւ որ ՀՀ սահմաններից դուրս չի մեկնում աշխատանքի (ՀԱՊԿ շտաբ բնակարան Մոսկվայում), չի բացակայել նիստերից: Արդյունքում փաստաբանը միջնորդեց խափանման միջոցի չեղարկման մասին, կամ էլ որպես կալանքի այլընտրանք գրավի չեղարկման մասին: