f

Անկախ

Մոր ճերմակ մազերի համար Գոռն էր ներկ գնում. մազերն էլի ճերմակել են, բայց Գոռն էլ չկա...


Կոտայքի մարզի Արամուս գյուղում մի քանի սև ժապավեններ հաջորդում են իրար, դրանցից մեկն էլ 18-ամյա Գոռ Վարդանյանի տան ճանապարհին է:

Առանց անցյալ ժամանակաձևի. հերոսի մասին հարազատներն ու ընկերները խոսում են միայն ներկայով: Նա կա, ապրում է, դեռ պատերազմի ժամանակ է խոստացել, որ նորից զանգելու է մայրիկին, հիմա մայրն ու ընտանիքի մյուս անդմաներն ամեն օր խոստացված զանգին են սպասում, բայց...

Գոռը բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 24-ին: Սկզբում Հորադիզ, հետո Կուբաթլու:

«Ինչքան էլ վատ վիճակում լիներ, երբեք չէր բողոքում, միշտ հարմարվում էր: Ոչինչ չէր պատմում ծառայության մասին, ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ կա, հանգիստ է անցնում ծառայությունը: Միայն ուզում էր, որ ժամանակը շուտ անցնի հետ գա, աշխատի, նպատակներն իրականացնի»,-պատմում է Գոռի մայրը՝ Հերմինեն:

Ծառայության մեկնելուց հետո ընտանիքի անդամների հետ վերջին անգամ հանդիպել է օգոստոսին, դրանից հետո պետք է գնային զորավարժությունների: 2 ամիս 3 օր. այսքան էր հասցրել իր նկարագրած հանգիստ պայմաններում ծառայել, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը:

«Իրենց տարել են Ջաբրայիլ զորավարժությունների, դիրքերում են եղել, երբ պատերազմը սկսվել է: Հենց առաջին հարձակումներն իրենց մոտ են եղել, բայց ամեն անգամ մեզ հետ խոսելիս ասում էր՝ չնեղվեք, մենք շատ հեռու ենք, ձայներն էլ հեռվից ենք լսում: Արագ-արագ խոսում էր ու անջատում, չէինք հասցնում կողքից ինչ-որ ձայն լսել»,-պատմում է Գոռի քույրը՝ Գոհարը:

Մայրն էլ ավելացնում է, որ պատերազմի լուրն առնելուն պես Գոռի հայրն ու հորեղբայրը որպես կամավորներ մեկնել են Արցախ:

«Գնում էին Գոռիս մոտ: Զորամասում զենք ու հագուստ են ստացել ու խնդրել են, որ իրենց տանեն այն դիրքը, որտեղ Գոռն է: Բայց ուրիշ դիրք են տարել, այդպես էլ երեխուն չեն տեսել: Երբ Գոռը իմացավ, որ հայրը Ջաբրայիլում է, շատ անհանգստացավ, ասում էր պապ մի արի, մեզ ասում էր՝ ասեք թող հետ գա, չմնա էդտեղ»: 

Գոռի հայրը՝ Գուրգենը, պայմանագրային զինծառայող է եղել, 2016 թվականին մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին, բայց այդ փաստն էլ չի օգնել, որ որդին չանհանգստանա հոր համար:

«Վերջին անգամ Գոռը զանգեց հոկտեմբերի 2-ին: Հետաքրքրվեց՝ ինչպես ենք, հարցրեց՝ հայրը զանգել է, ասաց իմ մասին չմտածեք, ես լավ եմ, խնդրեցի, որ պինդ մնա, ասեցի չվախենաս, հայրդ հասնում է: Ասաց, որ 2 օր չի կարողանա զանգել, խոստացավ 2 օրից զանգել, էդպես էլ մինչև հիմա չի զանգել»,-զսպված արցունքները սկսում են հոսել որդի կորցրած մոր աչքերից, որոնք արդեն մի քանի ամիս է լցված են անանց կարոտով:

Գոռը զոհվել է հոկտեմբերի 3-ի առավոտյան: 8 հոգով են եղել, հետ նահանջի հրաման են ստացել, բայց Գոռը հրաժարվել է թողնել հրամանատարին ու դիրքը և մինչև վերջ պայքարել է իրեն վստահված հողակտորի համար, գուցե այդ պահին անգիտակցաբար, բայց պայքարել է ընտանիքի ու հայրենքի խաղաղության համար:

«Մինչև վերջ չէի հավատում, որ երեխես զոհվել է, փնտրում էինք նրան ամեն տեղ, մտածում էինք ինչ-որ հիվանդանոցում է, վիրավոր է: Բայց... 103 օր փնտրել ենք, գիշեր-ցերեկ, անդադար: Ասում էին, որ հնարավոր է անցած լինեն Իրանի տարածք, անգամ դեսպանատուն ենք գնացել: Հետո սկսեցինք մահացածների մեջ փնտրել: Հունվարի 15-ին, ԴՆԹ անալիզը հաստատեց, որ զոհվել է»,-իր ասածին չհավատալով պատմում է տիկին Հերմինեն:

Շաբաթներ առաջ լուր տարածվեց՝ «Անհայտ կորած զինվորի հայրը մեքենայով հարվածել է պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել»: Անհայտ կորած զինվորը Գոռն էր: Մեքենան, որով Գոռի հայրը ամիսներ շարունակ որդուց լուր չունենալուց հետո հարվածել է նախարարության դարպասներին, Գոռի ծննդյան նվերն էր:

«Պապան էր առել ծնունդին, ասում էր՝ ամենամեծ նվերս է, շատ լավ էր պահում, ամեն օր լվանում էր, նայում էր, որ սարքին լինի, անգամ նույն մեքենայի փոքրն էր գնել, պահում էր իր մոտ»,-պատմում է քույրը ու լռում:

«Գործը փակվի մեքենան հետ կբերենք»,-լռության միջից լսվում է Գոռի հոր ձայնը:

100 օրից ավելի որդուց լուր չունեցող հայրը պատրաստ կլիներ ավելին անել՝ միայն թե մի լուր իմանար: Մի քանի ամսում Գոռի ծնողները հասցրել են ծերանալ, ճերմակել, հաճախ լռել ու միայն սրտի խորքում գտնել իրենց որդուն ու լուռ զրույցի մեջ մտնել նրա հետ: Հայրը ծխախոտը վառում է ծխախոտի հետևից, ինքը կնոջից է փախցնում հայացքը, կինը՝ իրենից: Հիմա նրանք ապրում են հանուն Գոռի չապրած կյանքի, հանուն իրենց մյուս երեխաների, որոնց անսահման սիրում էր ինքը՝ Գոռը՝ տան մեծ տղան, որ ամեն սեպտեմբերին իր ձեռքով էր նոր հագուստներ գնում քրոջ ու եղբոր համար: Անընդհատ կես կատակ, կես լուրջ կրկնում էր, որ եղբորը՝ Վաչագանին, որ իրենից մի քանի տարով փոքր է, պետք է լավ պահեն, լավ կրթություն տան, որովհետև նա է պահելու իրենց ընտանիքը:

Վաչագանը ամբողջ զրույցի ընթացքում լուռ նայում էր միայն, նրա հայացքում անսահման կարոտ կար, բայց հպարտությունն ավելի շատ էր:  Հերոսի եղբայրը ամբողջ կյանքում կարոտի հետ տանելու է նաև եղբոր սրբացած անունը:

Գոռի ընտանիքի հետ զրույցի ընթացքում ներս է մտնում նրա մանկության ընկերը՝ իր նման նիհար ու բարձրահասակ:

«Միքոս իմ երկրորդ Գոռն է»,-ասում է տիկին Հերմինեն ու ամուր գրկում Միքայելին՝ փորձելով Գոռի կարոտը նրանից առնել,-«Շատ նման են իրար, խելոք, քչախոս: Ամեն անգամ, երբ Միքոն մի բան է ուտում, խնդրում եմ, որ երկրոդն էլ Գոռիս փոխարեն ուտի: Մի քանի օրից էլ Միքոյիս կտանեն բանակ»,-մի քիչ տխրությամբ ավելացնում է ու արագ-արագ քաղցրավենիք լցնում նրա ափսեն:

Իսկ Միքայելը իսկապես քչախոս է, ընկերոջ կորուստը նրան էլ ավելի լռակյաց է դարձրել: Հարցնում եմ՝ ինչ է հիշում Գոռից, ասում է, որ ընկերը կյանքը շատ էր սիրում, հաճախ անգամ գիշերները չէր քնում, որ օրը իզուր չանցներ ու խնդրում է, որ ուրիշները հարցերին պատասխանեն, իսկ ինքը գլուխը կախ լռության մեջ է սկսում հիշել ընկերոջը:

Գոհարն էլ պատմում, որ եղբայրը դեռ 10 տարեկանից աշխատում էր.  «Բանակ զորակոչվելուց առաջ հասցնում էր միաժամանակ երկու տեղ աշխատել, նաև դպրոց էր հաճախում: Սիրում էր աշխատել մեքենաների հետ, որոշել էինք սեփական արհեստանոց բացել, որ բանակից հետ գա, աշխատի: Սիրում էր իր ծախսերն ինքը հոգար: Ուզում էր, որ մաման լավ ապրեր: Հենց գլխին մի հատ սպիտակ մազ էր տեսնում, գնում էր ու իր ձեռքով ներկ էր գնում»,-ասում է ու նայում մոր մազերին, որ ամբողջությամբ ճերմակել են մի քանի ամսում:

Իսկ մայրը, սուրբ մասունքների պես ձեռքում պահած որդու լուսանկարները, ասում է, որ միայն Գոռից հետո է հասկացել, թե որքան կատարյալ ընտանիք են ունեցել.  «Գիտե՞ք, ամեն անգամ ուզում եմ զանգել իր ծառայակից ընկերներին, ուզում եմ հարցնել՝ ինչ են հիշում Գոռիցս, բայց դեռ չեմ կարողանում, ամեն անգամ մտքով զանգում եմ, հարցեր եմ տալիս էդ երեխեքին, բայց իրականում դեռ չեմ զանգել...»,-ասում է ու շարունակում ցույց տալ որդու նկարները, որտեղ միայն ժպիտ ու անսահման բարություն կա:

Այսօր շատ ընտանիքներում Գոռի ու մնացած տղերքի ապրեցնող ժպիտն է պակասում, այն ոչ ոք ու ոչինչ երբեք չի լրացնի...

Հայաստան Գոռ Վարդանյան Արցախի Հանրապետություն հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ԽՈՐՀՈՒՐԴ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ․ Որ զանգում ենք, պատասխանեք, կարող է դա էլ, Տիրան Խաչատրյանի պես, ձեր վերջին շանսն է
Առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում գրանցված ավիաընկերությունների օգնությամբ Իրանը փորձում է շրջանցել ավիացիայի բնագավառում սահմանված պատժամիջոցները
Ափսոս էր գեներալը, ի սկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ։
ՔԱԿ-ը և Fly Armenia-ի ղեկավարները լավատեղյակ են ինչ է կատարվել, ծածկադմփոց անելը այս հարցում չի հաջողվի. Նավիկ Խաչատրյան
Մի թողեք, որ ամեն կորստից հետո նոր բանում համոզվեք, շուտ համոզվեք, որ էլ կորուստ չլինի։
Իրանց համար Արցախի հարցը երևի նույնպես «պատմագիտական հարց» ա, դրա համար էլ թեթև են տանում մեր հետ կատարվածը
Խաչատրյանն այն գեներալներից էր, որ իր անունը, որպես ռազմական գործիչ անցած իր ճանապարհը որոշեց ծառայեցնել անձամբ Նիկոլին
Նիկոլական թիմը հասկանում է, որ սպառում է Ռուսաստանին օգտակար լինելու ռեսուրսը եւ Պուտինը պատրաստվում է իրենց հանձնել սպանդանոց։
Փաշինյանը փորձում է արդարացնել սեփական սխալները. ռազմական փորձագետ
Արմեն Սարգսյանը չի ստորագրել այսպես ասած «կալանք տվող» և հեռախոսային խոսակցությունների լսման թույլտվություն տվող դատարանների ստեղծմանն առնչվող նախագծերը
Նիկոլը Տիրան Խաչատրյանին ազատեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, Հայրենիքի փրկության շարժման հետագա անելիքները
Փաշինյանը փորձում է կեղծ, հակառուսական թեզեր առաջ մղել, «Իսկանդերը» գերժամանակակից զենք է, չի կարող այդ զենքի որակի հետ կապված ինչ-որ հարց լինել. Դավիթ Ջամալյան
Քննչական կոմիտեն գաղտնի է պահում պատերազմի զոհերի աճյունների սխալ հուղարկավորման դեպքերը
Ալվինա Գյուլումյանը դատի է տվել ՀՀ սոցապ նախարարությանն ու ՍԱՊԾ-ին
Իմ այցից հետո Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ. Գևորգ Գորգիսյան
Yerevan.today-ը խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը
Փաշինյանի աջակիցը հարվածել է Yerkir.am-ի թղթակցի տեսախցիկին
Դեպարդեի գործակալն  արձագանքել է դերասանի  դեմ  առաջադրված բռնաբարության մեղադրանքներին
Սաhակաշվիլին Վրաստանի ընդդիմությանը հարձակման կոչ է արել
ԱՀԿ-ն՝  COVID-19 համաճարակի ավարտի ժամկետի  մասին
Վաղը՝ փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին, Արտաշատի մայրուղու սկզբնամասում գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից տեղի կունենա ավտոերթ
«Փաշինյանի հայտարարությունը պահանջում է կա՛մ ապացուցող մանրամասներ, կա՛մ պատկանում է քաղաքական հորինվածքների շարքին». Military Russia-ի գլխավոր խմբագիրը` «Իսկանդեր»-ի մասին
Ամեն օր կատարվում է նվազագույնը երեք դեպք, որոնցից յուրաքանչյուրի համար ցանկացած երկրի իշխանություն հրաժարական կտար․ Նիկոլի մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի․ Վազգեն Մանուկյան
Այս նկարն արվել է Շուշին հանձնելուց ու կապիտուլյացիոն պայմանագիրը կնքելուց մի քանի օր առաջ
Ավելին
Ավելին