ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը անդրադարձել է այն հանգամանքին, որ նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Պատասխանելով հարցին՝ ինչպես է գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում, Նաղդալյանն ասել է.
Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։