Պետության վերականգնման համար պետք է այսօր լինել ընդդիմադիր: Այս մասին այօր՝ փետրվարի 23-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով, խոսքն այժմ ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքարի, այլ պետություն ունենալ թե չունենալու մասին է:
Անդրադառնալով ոստիկանական գործողություններին, իշխանությունների վարքագծին՝ նա նշեց. «Այս անձի մտածողությունը, որ եկել է իշխանության, վարչապետ կոչեցյալի մտածողությունը տոտալիտար մտածողություն է: Տոտալիտար իշխանություններ աշխարհում շատ են եղել, բայց նրանք եղել են գաղափարական՝ առանց արդարացնելու. եղել են ազգայնական, կրոնական, ձախակողմյան. այս անձի տոտալիտար մտածողությունը որեւէ այդպիսի գաղափարախոսություն չունի: Նա միայն մտածում է իր իշխանության, իր բարեկեցության մասին, եւ այդ իմաստով ստեղծել է ոստիկանական պետություն: Այսինքն՝ պետություն չասեմ, ոստիկանական իշխանություն, որովհետեւ պետություն գոյություն չունի: Այսօր հայոց պետություն գոյություն չունի. ՄԱԿ-ի անդամ է թղթի վրա գրված, բայց իրականում պետականությունը կորսված է, եւ նա իր ողորմելի իշխանությունը պահում է այս ոստիկանական ուժերով՝ համալրելով ոստիկանական շարքերը, հլու-հնազանդ իրեն ծառայող իրավապահ մարմինները»,-ասաց Իշխանյանը:
Նա զարմանք հայտնեց, որ նախկինում Հայաստանի քաղաքացիական հասարակություն կոչված ուժերը միշտ քննադատում էին Հայաստանի իշխանություններին՝ ոստիկանական պետություն ստեղծելու համար՝ իբր ոստիկանական ուժերը շատ են. «Այսօր ոստիկանական ուժերի համալրումը, նրանց ֆինանսավորումն ուղղակի վեր են ցանկացած երեւակայությունից՝ մանավանդ Հայաստանի աղքատության, տնտեսական ճգնաժամի պայմաններում, եւ ոչ թե այդ անձինք նույնիսկ լռում են, այլ ծափահարում են, այսպես կոչված, ոստիկանական բարեփոխումները»: