Ես արդեն մի քանի ամիս շարունակ ամուսնուցս որևէ լուր չունեմ, որևէ մեկն ինձ հետ կապ չի հաստատում, չի ասում ՝ ինչ կարգավիճակում է իմ ամուսինը, և ի՞նչ է լինելու հետագայում նրա հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երկրապահ Ալյոշա Խոսրովյանի կինը՝ Սվետլանա Ղուկասյանը:
«Ամուսինս՝ որպես երկրապահ, առաջնագիծ է մեկնել հոկտեմբերի 2-ին, իսկ վերջին անգամ նրա հետ խոսել եմ հոկտեմբերի 6-ին, երբ վերջին անգամ խոսել ենք, ասեց՝ մեզ լավ պահենք, երեխաներին լավ նայեմ, ասաց՝ ոտքը ցավում է, և ինքն այլևս հետ չի գալու, ես ենթադրում եմ, որ ամուսինս վիրավոր է եղել: Արդեն 5 ամիս է՝ ես ոչ մի լուր չունեմ, իսկ երբ երկրապահների հետ երեկ կապ եմ հաստատել՝ ևս մեկ անգամ ճշտելու՝ ինչ է կատարվում, ինձ ասացին՝ դու ո՞վ ես , ինչո՞ւ ես այդքան անհանգստանում»,- ասաց Սվետլանա Ղուկասյանը:
Նա տեղեկացրեց, որ դիմել է պատկան մարմիններին, հանձնել է ԴՆԹ թեստ, իսկ երկրապահ Արմեն Գրիգորյանը նրան հայտնել է, որ ամուսինը գերության մեջ է և Բաքվում 25 տարով ՝ 5 ծանրագույն հոդվածով ազատազրկվել է, բայց «Կարմիր խաչ»-ը չի հաստատել այդ տեղեկությունը: