Հիշեցնենք, որ, իմ հրապարակած ճանապարհային քարտեզի ձեւակերպումը հետեւյալն է՝ զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին ամիսներին մենք այս թեմայով ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել եւ ըստ էության, ձեւակերպել ենք օրակարգ, թե ինչպես եւ ինչպիսի ձեւաչափերում պետք է իրականացվի զինված ուժերի բարեփոխումը: Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ՝ պաշտպանության նախարարի գլխվորությամբ, որը կիրականացնի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձեւավորումը: Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ: Համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական հմագործակցության ոլորտում եւ ռազմատեխպնիկական համագործակցության ոլորտում: Հույս ունեմ, որ մինչեւ ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասը իրականություն կդարձնենք եւ գործնականում կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»,-ասաց նա: