Հայաստանում ապօրինի ծագման գույքի բռնագրավման գործընթաց կսկսվի: Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովի նիստին «Անօրինական ծագման գույքի բռնագրավման մասին» օրինագծերի փաթեթի եւ դրա հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նրա` օրենսդրական այս նախաձեռնությունը մշակելիս ուսումնասիրվել եւ ներդրվել է միջազգային լավագույն փորձը: Իշխանությունների հավաստիացմամբ` օրենսդրական այս փաթեթի ընդունումը հնարավորություն կտա իրավասու մարմնին` Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը եւ հայցադիմում ներկայացնել այդ գույքի բռնագրավման պահանջով, եթե պարզվի, որ ձեռք բերված գույքը հիմնավորված չէ եկամտի աղբյուրներով եւ որի արժեքը ներկա ժամանակում գերազանցում է 25 միլիոն դրամի շեմը: Օրենսդրական այս նախաձեռնության նպատակն անօրինական գույքը տնտեսական շրջանառությունից հանելն ու օրինական տիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետությանը:
Արդարադատության նախարարի խոսքով` սույն օրենքի շահառուներն օրինապահ քաղաքացիները չեն, քանի որ նախագծում թվարկվում են հանցագործությունների հատուկ տեսակները՝ կազմակերպված հանցավորություն, թմրանյութերի, զենքի անօրինական շրջանառություն, թրաֆիքինգ եւ կոռուպցիոն գործարքներ: