Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը Անկախ-ի հետ զրույցում մեծ ափսոսանք հայտնեց հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման վերաբերյալ:
«Ես հանդիպել եմ Լևոնի հետ, մենք բավականին երկար խոսել ենք: Լևոնը դեռ իր մեջ տեսնում է շախմատային այդ մեծ ուժը, որ կարող է պայքարել, հաջողություններ գրանցել: Մենք բոլորս ենք դա տեսնում, և այն վերաբերմունքը, որ նրա նկատմամբ կա այստեղ, մեծ ցավ է առաջացնում: Ինքը վիրավորված է, բացի այդ մտածում է, որ այս մի քանի տարիներն իր մարզական կարիերայի համար շատ կարևոր են, և դրա համար ուզում է ունենալ այնպիսի պայմաններ, որ կարողանա պայքարել: Լևոնի պես մարդիկ հազվադեպ են ծնվում: Շախմատային աշխարհում մի քանի նման շախմատիստ ենք ունեցել, և պետք է դա գիտակցել ու աջակցել: Լևոնի ամեն մի հաղթանակը հայ ժողովրդի հաղթանակն է: Դա չի կարող ֆինանսներով գնահատվել»:
Լպուտյանը նշեց, որ Լևոնի հեռացմամբ Հայաստանի շախմատային մարզաշխարհը մեծ կորուստ է ունենում:
«Նման շախմատիստ ունենալու համար մեզ տարիներ են պետք: Մեր թիմը շատ է թուլանում: Բնական է, որ առաջիա ժամանակներում մեծ հաջողություններ դժվար թե կարողանանք սպասել: Իհարկե ունենք տաղանդավոր երիտասարդներ, բայց տարիներ են պետք, որ նրանք դառնան «լևոններ» և վստահ էլ չես, որ կդառնան»:
Անվանի գրոսմայստերը նշում է՝ վերջին տարիներին մենք համոզվեցինք, որ այս իշխանությունը չի գնահատում արժեքները և կարող է արժեքավոր մարդուն մեկ րոպեում վարկաբեկել. «Դա վկայում է այն մասին, որ շատ բան մեզ մոտ խախտվել է: Պետք է այս վերաբերմունքը փոխվի: Հասարակության մեջ վառ անհատներ ունենալը ոչ միայն հպարտություն է, այլև շատ դժվար է նման անհատներ ունենալը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հայտնելով բեկումնային որոշման մասին: