Քաղաքական նոր ճգնաժամը Հայաստանում սպառնում է վերածվել զանգվածային անկարգությունների: Կառավարության գործող ղեկավարի կողմնակիցներն ու հակառակորդներն արդեն երրորդ օրն է՝ չեն լքում Երևանի փողոցները՝ ձգտելով հասնել իշխանություններից անհնարինին՝ կատարել իրարամերժ պահանջներ: 17 կուսակցությունների միավորումը որպես անցումային կառավարության ղեկավարի թեկնածու առաջադրել է նախկին վարչապետ և նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանին: RT-ի հետ զրույցում ազգային կանոնավոր բանակի հիմնադիրներից մեկը, հայտնի բարեփոխիչը, որ եղել է հետխորհրդային անկախ Հայաստանի ձևավորման ակունքներում, տվեց իր գնահատականը երկրում տեղի ունեցող իրադարձություններին:
Ճգնաժամի ընթացքում Հայաստանի ընդդիմության համար հիմնական հարցը դարձավ երկրի գլխավոր շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանի սպասվող պաշտոնաթողությունը: Մինչ այս գլխավոր շտաբի պետը և մի շարք գեներալներ նամակ հրապարակեցին, որում պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրաժարական տալ: Ի պատասխան Փաշինյանը հրաման տվեց ազատել Գասպարյանին: Երևանում անմիջապես զանգվածային հանրահավաքներ սկսվեցին՝ կողմ և դեմ գործող իշխանությանը:
Առանց երկրի նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրության ընդդիմադիր գեներալի ազատման մասին հրամանը չի կարող անմիջապես ուժի մեջ մտնել: Նախօրեին՝ ուրբաթ, ընդդիմության առաջնորդները հանդիպեցին նախագահին, որպեսզի նրան իրենց կողմը թեքեն:
Այդ հանդիպումից հետո RT-ն զրուցել է դրա գլխավոր մասնակիցներից մեկի՝ Վազգեն Մանուկյանի հետ, որին Հայրենիքի փրկության շարժումը առաջադրել է որպես ներկայիս վարչապետի ենթադրյալ հրաժարականից հետո անցումային կառավարության ղեկավարի միասնական թեկնածու:
- Ի՞նչ եք կարծում, նախագահը կստորագրի՞ ազատման մասին հրամանը:
- Մենք ներկայացրինք նրան մեր դիրքորոշումը, բայց նա դեռ վերջնական որոշում չի ընդունել և հանդիպում է հիմա գլխավոր շտաբի պետի հետ [հարցազրույցը ձայնագրվել է ուրբաթ՝ փետրվարի 26-ին-RT]: Իրավաբանական տեսանկյունից միանգամայն ստույգ է, որ վարչապետի հրամանն անօրինական է, քանի որ չի համապատասխանում Սահմանադրությանը: Նրանում ասվում է, որ շտաբի պետը նշանակվում է որոշակի ժամկետով, և այդ ընթացքում նրան չի կարելի ազատել, եթե նա քրեական հանցագործություն չի կատարել: Այդ ժամկետը հինգ տարի է: Իսկ նա այդ պաշտոնը զբաղեցնում է ընդամենը մի տարի: Այսինքն՝ ևս չորս տարի նրան չեն կարող ազատել:
Քաղաքական բաղկացուցիչն այն է, որ նամակը ստորագրել է ոչ միայն շտաբի պետը, այլև բոլոր կորպուսների պետերը և գրեթե ողջ ռազմական վերնախավը: Այսինքն՝ հարցը միայն Օնիկ Գասպարյանը չէ, այլ զինվորական հրամանատարությունը: Մենք առաջարկեցինք, որ նախագահը չստորագրի, այլ հետ ուղարկի: Այդ դեպքում, եթե Փաշինյանը կրկին դիմի նախագահին գլխավոր շտաբի պետի ազատման խնդրանքով, նախագահը կարող է ազատման մասին հրամանն ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի ստուգի դրա օրինականությունը: Նախագահն ասաց, որ կընդունի զինվորականներին և դրանից հետո որոշում կկայացնի, բայց ինչքան հասկանում եմ, նա բոլոր դեպքերում չի ստորագրի:
- Մինչ այդ նամակը զինվորականների կողմից եղե՞լ են դժգոհություններ երկրի քաղաքական ղեկավարությունից: Օրինակ՝ Ադրբեջանի հետ վերջին զինված հակամարտության ընթացքում:
- Հակասությունները Նիկոլ Փաշինյանի և շտաբի միջև եղել են հակամարտության ողջ ընթացքում: Օրինակ՝ եղել է գործողություն, որը Փաշինյանը՝ որպես գլխավոր հրամանատար, հրամայել է իրականացնել, սակայն շտաբի պետը և մի քանի գեներալներ Արցախում համարել են, որ դա անմիտ գործողություն է: Եվ այն իրականում տապալվել է:
Եղել են բանակի մատակարարման հարցեր, կազմակերպչական հարցեր, հակասություններն անընդհատ մեծացել են: Իսկ վերջինն այն էր, որ նա ազատեց գլխավոր շտաբի տեղակալին «Իսկանդերների համար», ասենք հենց այդ խոսակցությունն էլ «Իսկանդերների» մասին… Նա, ըստ երևույթին, լցրել է համբերության բաժակը:
- Ըստ ձեր վարկածի՝ ինչի՞ համար էր բավական տարօրինակ արտահայտությունը «Իսկանդերների» մասին:
- Երկու բացատրություն կարող է լինել: Իմանալով նրա բնավորությունը և նրա քաղաքականությունը՝ կարող եմ ասել, որ նա անընդհատ ցանկանում է արդարանալ և բոլոր սխալները բարդել նախկինների վրա: «Իսկանդերները» գնել են Սերժ Սարգսյանի ժամանակ: Սարգսյանը շատ հպարտ էր, որ կարողացել է ձեռք բերել այդ զենքը: Եվ իրականում դրանով կարելի էր հպարտանալ: Փաշինյանն ուզում էր նվազեցնել Սարգսյանի դերն ու միաժամանակ արդարանալ՝ հայտարարելով, որ «Իսկանդերները» չեն գործում:
Մյուս բացատրությունը՝ դա պատվեր էր դրսից՝ ուղղված Ռուսաստանի դեմ, նրան հրամայել են կամ խնդրել, որ անի այդ հայտարարությունը:
Այդ երկու տեսակետներից ո՞րն է ճիշտ:
-Երկու դեպքում էլ հետևանքը մեկն է՝ դա լուրջ հարված է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին: Որովհետև առաջին հարցերից մեկը, որ պետք է դրվի նոր կառավարության առջև, բանակի վերականգնումն է: Իսկ առանց Ռուսաստանի լուծել այդ հարցը հնարավոր չէ: Երբ նախարարը անընդհատ խփում է որևէ երկրի, այդ երկիրը սկսում է մտածել, որ դա մի մարդու կարծիք չէ, այլ ողջ Հայաստանի:
- Ձեր կարծիքով՝ որքանով են այս ընդվզման ներքին ուժերն արդեն կողմնորոշվել:
- Բանակի հարցը դեռ մնացել է, որովհետև բանակն առաջարկել է իր տարբերակը: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Նիկոլ Փաշինյանն արել է իր քայլը: Հիմա շարունակությունը կախված է նրանից, թե բանակն ինչ ակտիվությամբ կպաշտպանի իր շահերը:
- Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, դա «վերևների» հեղաշրջո՞ւմ է, թե՞ մարդկանց մեծամասնության պահանջը:
- Նայած, թե դուք ինչ նկատի ունեք: Բանակի կարծիքը իհարկե զինվորական ղեկավարության կարծիքն է: Ոչ ոք չի լսի զինվորի կարծիքը, դա միշտ էլ ղեկավարության կարծիքն է: Եթե խոսում եք ժողովրդի մասին, ապա ժողովրդի մեծ մասը՝ 80 տոկոսը, դժգոհ է Նիկոլ Փաշինյանից: Ամենայն հավանականությամբ նրանց մեծամասնությունը կարծում է, որ նա պետք հրաժարական տա: Բայց ուրիշ ժամանակ այստեղ կլիներ 100 կամ 200 հազար մարդ…
- Երբ Փաշինյա՞նն էր գալիս իշխանության:
- Փաշինյանն իշխանության եկավ ժողովրդի համար բարենպաստ ժամանակ: Ժողովուրդը կուշտ էր, հագած-կապած և ավելին էր ուզում: Իսկ հիմա ժողովուրդը կոտրված է, մենք նոր ենք պարտվել պատերազմը, ժողովրդի մեծ մասը դեպրեսիայի մեջ է:
Տասնյակհազարավոր ընտանիքներ կորցրել են իրենց որդիներին, տղամարդկանց, մինչև հիմա մեծ թվով անհայտ կորածներ կան, գերիներ: Այդ միջավայրում որևէ շարժում չի կարող ոգևորություն առաջացնել: Մարդիկ հիմնականում նստած են տներում, հեռուստացույց կամ ֆեյսբուք են նայում և համակիր են, բայց դուրս գալու կամք չունեն. Չեն հավատում: Շատ մարդիկ պարզապես այլևս չեն հավատում, որ երկիրն ապագա ունի, և պատրաստվում են արտագաղթել:
- Եթե Փաշինյանն ինքնակամ հրաժարական չտա, ինչը պահանջում են զինվորականները, ի՞նչ կլինի հետո: Կա՞ն բավարար թվով պատգամավորներ խորհրդարանում, որպեսզի նրան իմպիչմենտ հայտարարեն:
- Ոչ, խորհրդարանի մեծամասնությունը նրա կուսակցությունն է: Այդ իսկ պատճառով այժմ աշխատանք է տարվում նրա կուսակցության հետ, այդ կուսակցությունում մեծ թվով մարդիկ կան, որոնք համաձայն չեն Նիկոլ Փաշինյանին, բայց չեն ցանկանում խախտել կուսակցական էթիկան: Ոմանց դեմ կոմպրոմատ կա, ոմանց կաշառում են: Այ հենց հիմա կարդացին իմ նամակն այդ պատգամավորներին՝ նրա խմբակցության: Ես գրում եմ, որ իրենք նույնպես հայտնվել են փակուղում, բայց պետք է ձգտել դուրս պրծնել դրանից:
Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, գնալու է, և նրանից սև բիծ է մնալու մեր պատմության մեջ, մի վերցրեք ձեզ վրա այդ մեղքը:
- Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը դարձյալ չեկավ նիստի: Դա արվում է, որպեսզի չստանձնե՞ն ներկա իրավիճակի պատասխանատվությունը:
- Հիմա պետք է արտահերթ նիստ լինի, որը հրավիրել է ընդդիմությունը: Երեսուն ձայնը բավական է: Այդ նիստում մի հարց է դրվելու՝ չեղարկել ռազմական դրությունը Հայաստանում: Որովհետև վարչապետի հրաժարականն օրենքով հնարավոր չէ որոշել ռազմական դրության ժամանակ:
Փաշինյանն այսօր երկու սյուն ունի, որոնք պահում են նրա իշխանությունը, նրա խմբակցությունը, որին հիմա ժողովուրդը փորձում է համոզել, և ոստիկանությունը: Բայց ոստիկանությունը վերջին օրերին իրեն շատ զուսպ է պահում: Ըստ երևույթին, բանակի հայտարարությունը ազդել է նրա վրա:
- Եթե գլխավոր շտաբի պետը չհեռացվի, դա տպավորություն կթողնի՞ նրա խմբակցության պատգամավորների վրա:
- Կարծում եմ՝ այո, քանի որ Նիկոլն անում է ամեն ինչ, որ ազատի գլխավոր շտաբի պետին: Եթե պետը մնա, նշանակում է, որ Նիկոլը պարտվեց, իսկ քաղաքականության մեջ պարտությունը հանգեցնում է նրան, որ քո կողմնակիցները սկսում են կասկածել քեզ:
Իլյա Վասյունին
27 փետրվարի 2021 թ.
Աղբյուրը՝ RT