Ոստիկանությունում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակվել:
Ըստ այս նոր նախագծի՝ վարորդները իրավախախտումների համար ոչ միայն կտուգանվեն գումարով, այլև կստանան բալեր և որոշակի քանակությամբ բալեր հավաքելուց հետո կարող են անգամ զրկվել վարորդական իրավունքից:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանի կարծիքով այս նոր համակարգի ներդնումը կօգնի նվազեցնել խախտումները:
«Մեր գնահատմամբ այս համակարգը կանխարգելող նոր միջոց է, քանի որ 2012 թվականից ներդրվեց տեսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրումը, բայց փորձը ցույց տվեց, որ այս տարիների ընթացքում իրավախախտումների նվազում տեղի չունեցավ։ Այսինքն մարդկանց գումարային պատիժներ առաջադրելով, այսպես ասած նրանց «գրպանին կպնելով» խնդրին ոչ մի լուծում չտրվեց, այդ պատճառով ուսումնասիրվեց մի շարք երկրների փորձն ու որոշվեց ներդնել մի նոր համակարգ, որն ավելի շատ կսթափեցնի մարդկանց՝ խախտումներ չկատարելու համար»։
Բալային համակարգով պատիժները վերաբերում են վարորդների ավելի լուրջ խախտումներին։ Գործելու է 9 բալանոց սանդղակ, այսինքն եթե վարորդը տարվա կտրվածքով կորցնի 9-ը բալը, ապա առաջին փուլում վարորդի վկայականի գործածությունը կկասեցվի 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով՝ նայած թե ինչ որոշում կկայացնի վարչական մարմինը։ Կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից և այլնից՝ այդ 9 միավորը կնվազեցվի համապատասխանաբար 1, 2, 3 կամ 4 միավորով:
Տիգրան Քեյանը նշում է, որ նոր համակարգի թերությունը հենց այստեղ է. «Միակ բացասական կողմն այս բալային համակարգի այն է, որ վարչական մարմնին որոշակի լիազորություններ են տրված։ Այսինքն այդ մարմինն է որոշելու՝ մի քանի ամսով, թե մի քանի տարով զրկել վարորդին վկայականից։ Պատժի չափի մասով դեռ հստակություն չկա»:
Նոր համակարգով սահմանվել են նաև մի շարք իրավախախտումներ, որոնք, անկախ բալերից, միանգամից բերելու են վարորդական իրավունքի կասեցման։ Նմանատիպ խախտումներից են տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշանային սարքավորում տեղադրելը, սահմանված արագությունը 80 կմ/ժ և ավելի գերազանցելը, առանց պետհամարանիշի, փոխարինված կամ կեղծ համարանիշով մեքենա վարելը։ Այս և այլ նմանատիպ իրավախախտումների դեպքում վարորդը միանգամից զրկվում է վարորդական իրավունքից մինչև մեկ տարի ժամկետով։ Ժամկետը լրանալուց հետո նոր վկայական կարող է ձեռք բերել միայն քննությունը բարեհաջող հանձնելուց հետո։
Վարորդների մի մասը մտահոգված է, որ բալային համակարգի ներդնումը կնախատեսի կրկնակի պատիժ նույն խախտման համար: Սակայն Տիգրան Քեյանը նշում է, որ համակարգը բացառում է կրկնակի պատիժը:
«Կրկնակի պատիժ չի լինելու, քանի որ վարչական օրենսգրքով նույն հոդվածով է սահմանված, թե որքան գումարային տուգանք ու բալ կստանա վարորդը տվյալ խախտման պարագայում։ Եթե նախկին համակարգով իրավախախտման համար վարորդը, ենթադրենք, տուգանվում էր 50 հազար դրամի չափով, ապա այս նոր համակարգով վարորդը կտուգանվի 25 հազար դրամով և 2 միավոր բալով։ Այսինքն 1 հոդվածով սահմանված է բալ+գումարային պատիժը։ Եվ կան հոդվածներ որոնք միայն վարորդական իրավունքից զրկում են նախատեսում, այսինքն ոչ գումարային, ոչ բալային պատիժ չեն ենթադրում»։
Որ խախտման համար ի՞նչ չափի տուգանք կսահմանվի, և քա՞նի միավոր կկորցնի վարորդը
-Վարորդը խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր,
-վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր,
-երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2 միավոր,
-տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում՝ 2 միավոր,
-հոծ գիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր,
-հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2 միավոր,
-մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝ 1 միավոր,
-մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով,
-կարմիր լույսի պահանջին չենթարկվելու կամ ՃՈ տեսուչի «կանգնել» հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20 հազար դրամ տուգանքի փոխարեն կտուգանվի 25 հազար դրամի չափով և կկորցնի 2 միավոր,
-ավտոմեքենայի արագությունը 11-ից 30-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, արագությունը 31-ից 50-ով գերազանցելու դեպքում կկորցնի 3 միավոր, 51-ից 80-ով գերազանցելու դեպքում՝ 4 միավոր, 81 և ավելի արագությամբ ընթանալու դեպքում 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքի վկայականից,
-տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքում գործող 100 հազար դրամ տուգանքը կնվազեցվի և կսահմանվի 25 հազար դրամ, սակայն վարորդը կկորցնի 4 միավոր: Այսինքն՝ երկուսից ավել անգամ ոչ սթափ վարելու պարագայում նա կկորցնի իրեն տրված 9 միավորն ամբողջությամբ և որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Բացի դա, նոր հոդված է ավելացվում ՎԻՎ օրենսգրքում հետևյալ խմբագրմամբ. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 6 ամիս ժամկետով»:
Եթե վարորդի 1 լիտր արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը գերազանցի 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ գերազանցի 0.5 միլիգրամը, վարորդը կզրկվի մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով: Եթե վարորդը թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարի, ապա կզրկվի վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Եթե վարորդները խուսափեն ոչ սթափ վիճակի զննության պահանջից, ապա վարորդական իրավունքից կզրկվեն 2 տարի ժամկետով:
Այժմ նախագիծը քննարկվում է Ազգային ժողովում և շուտով կմտնի գործածության մեջ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսված փոփոխություններով, որոշ խախտումների դեպքում, տուգանքները նվազեցվել են: Օրենսդրական ողջ փաթեթին ծանոթանալու և համեմատական վերլուծություն կատարելու համար կարող եք այցելել ոստիկանության պաշտոնական կայք: