ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին՝ ասաց, որ համոզված է՝ պետական համակարգում ներկայում ծրարով աշխատավարձ ստանալու դեպքեր չկան և չպետք է լինեն: Վարչապետը կոչ արեց նման բան նկատելու դեպքում անպայման հայտնել:
Մանե Թանդիլյանը նկատեց, որ բազմաթիվ են եղել հրապարակումներն այն մասին, որ պետական համակարգում ծրարով աշխատավարձ ստանալու դեպքեր են արձանագրվում: Նա հիշեց, որ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից վարչապետ Փաշինյանը նշել էր, որ պարգևավճարներ ստացող պաշտոնյաները ծրարով փող են ստացել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք այս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինները զբաղվել են վարչապետի այդ հայտարարությամբ և արդյոք նման կոռուպցիոն բացահայտում արվել է: Նա նաև հետաքրքրեց, թե արդյոք նման հնարավոր դեպքերի մասին վարչապետի հարցրել է իր կառավարության նախարարներին:
Փաշինյանը նշեց՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ է արել, որ իրավապահ մարմինները ակնհայտորեն չեն հասցնում դրանցով զբաղվել: Եվ ինքն էլ մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել, որ իրավապահ մարմինները ոչ ամբողջ ծավալով են իրականացնում այն հակակոռուպցիոն քաղաքականությունը, որն ինքն ակնկալում է: «Ինչ վերաբերվում է այսօրվա կառավարության անդամներին, ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ և ցանկություն էլ չունեմ: Եվ, երբ ի վերջո իրավապահ մարմինները այնքան արդյունավետ կլինեն, որ կհասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, կարծում եմ, որ դա կնշանակի, որ մենք համակարգային լուրջ հաջողությունների ենք հասել»,-ասաց վարչապետն ու շեշտեց՝ հանձնարարելու կարիք չկա, իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն:
Նա նկատեց՝ նման գործընթացը կարող է տեղի ունենալ երկու մարդու միջև, և այդ գործընթացների բացահայտման հետ կապված ամեն ինչ չէ, որ հեշտ է: «Համենայնդեպս այն պահին, երբ ես նման հայտարարությունն արել եմ և դրանից էլ շատ առաջ, այդս երևույթն արդեն իսկ դադարեցված է եղել, բացառվել է նման երևույթի գոյությունը: Եվ եթե հանկարծ այդպիսի տեղեկություններ ունենաք, խնդրում եմ անպայման հայտնեք դրա մասին: Այդպիսի բան չկա և չպետք է լինի»,-վստահեցրեց Փաշինյանը: