Ռուսաստանը հետեւում է Հայաստանի իրավիճակին՝ հասկանալով, որ Հայաստանը կարեւոր գործընկեր եւ դաշնակից է, սակայն նաեւ հասկանում է, որ չի կարող միջամտել ներքին գործընթացներին: Այս մասին այսօր Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան կաշխատի Հայաստանի հետ՝ ով էլ ներկայացնի երկիրը, քանի որ կան ռազմավարական հարցեր: Սակայն որքան երկար տեւի ճգնաժամը, այնքան շատ կլինեն կասկածները ՀՀ իշխանության կողմից պայմանավորվածությունները կատարելու վերաբերյալ:
Նա վստահություն է հայտնել, որ այդ կասկածները միշտ կլինեն, եւ եթե նույնիսկ դրանք բավարար չլինեն, կգտնվեն նրանք, ովքեր կսրեն իրավիճակը, այդ պատճառով կարեւոր է գնել ինչ-որ կոմպրոմիսային ֆիգուրի:
«Հետագայում տնտեսական հարցերով առարկայորեն զբաղվելու համար պետք է կայունացնել իրավիճակը: Եթե խոսենք տրանսպորտային հաղորդակցությունների մասին, ապա Ռուսաստանը՝ ի տարբերություն շատ այլ խաղացողների, բացի հաշտեցումից փորձում է կառուցողական ծրագիր առաջարկել եւ ԼՂ հակամարտության կարգավորումը համալրել տնտեսական բաղադրիչով»,-ընդգծել է փորձագետը:
«Տրանսպորտային միջանցքի ապաարգելափակման իրավիճակը փորձ է համալրելու օրակարգը, սակայն ազգամիջյան կոնֆլիկտների լուծման մեջ տնտեսությունը ոչ միշտ է աշխատում, այստեղ շատ այլ հարցեր կան: Կա Եվրասիական տնտեսական միություն, եւ կան հայ-ռուսական հարաբերություններ, սակայն ինչ վերաբերում է բազմակողմ օրակարգին, ապա, օրինակ, հարց է առաջանում՝ ինչպես կարող է Իրանը կապ հաստատել, օրինակ, Ռուսաստանի հետ: ԵԱՏՄ շրջանակում կամուրջ է հանդիսանում Հայաստանը»,-եզրափակել է նա: