РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2022 թվականի սկզբին կորոնավիրուսային համաճարակը կարող է թուլանալ: Համապատասխան կարծիք հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական վարչության ղեկավար Հանս Կլյուգեն: Գրում է Gazeta.ru-ն:
«Ենթադրում եմ, որ 2021 թ. կլինի COVID- ի ևս մեկ տարի: Բայց այն ավելի կանխատեսելի ու կառավարելի կլինի», - հայտարարել է մասնագետը` նշելով, որ մեկ տարի անց գիտնականները շատ ավելին կիմանան կորոնավիրուսի մասին:
Կլյուգեի խոսքերով ՝ 2022 թ. վիրուսը լիովին չի վերանա, բայց դրա դեմ միջամտություն այլևս կարող է չպահանջվել:
ԱՀԿ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է «եվրոպական համերաշխություն», քանի որ չի կարելի թույլ տալ, որպեսզի հարուստ երկրները պատվաստվեն, իսկ մյուսները ՝ ոչ:
Նա նաև հավելել է, որ եթե երկրները արագորեն վերացնեն սահմանափակումները, ապա հնարավոր է դեպի համաճարակի սկիզբ վերադառնալու կարիք լինի:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ կորոնավիրուսի «բրիտանական» շտամը հայտնաբերվել է եվրոպական 43 երկրներում: