Հանրապետության ուժեղագույն շաշկիստների մասնակցությամբ Երևանում անցկացվել է ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց առաջնությունը՝արագ ժամանակակարգով (5+3 ռապիդ):
Մրցաշարին մասնկացել են 48 մարզիկներ Երևանից և մարզերից (Սյունիք, Գեղարքունիք, Կոտայք): Մասնակիցներից 6-ը սպորտի վարպետներ էին, 23-ը՝ վարպետության թեկնածուներ, 5-ը՝ Հայաստանի չեմպիոններ:
Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի վարպետ Նշան Ալավերդյանը Անկախի հետ զրույցում նշեց, որ ստուգատեսն անցավ շվեցարական համակարգով՝ 8 խաղափուլերով. ընթացավ համառ և թեժ պայքար:
Նշան Ալավերդյանը և Մարատ Ղուլյանը հավաքեցին հավասար՝ 6,5–ական միավոր. լրացուցիչ գործակիցներով գերազանցեց Նշան Ալավերդյանը: Նախապես, ըստ կանոնակարգի, որոշված էր՝ 1-10-րդ տեղերը կիսելու դեպքում կանցկացվեն լրացուցիչ խաղեր՝ 2-պարտիաներից կազմված: Չեմպիոնական պարտիաներում հաղթանակ տոնեց Նշան Ալավերդյանը՝ դառնալով չեմպիոն:
Բավական հետաքրքիր պայքար ընթացավ նաև բրոնզե մեդալի համար. 5 մասնակիցներ՝ սպորտի վարպետներ՝ Դավիթ Պողոսյանը, Հրանտ Տոնոյանը, Ռաֆայել Օրդյանը և վարպետության թեկնածուներ՝ Կամո Ղուկասյանը և Հարություն Եղիազարյանը, վաստակեցին 5,5-ական միավոր և շրջանաձև մրցակարգով որոշեցին բրոնզե մեդալակրին: 3-ժամյա թեժ և լարված պայքարից հետո բրոնզե մեդալը նվաճեց Հարություն Եղիազարյանը:
Vbet-vivaro-ի հովանավորչությամբ անցկացված մրցաշարում 1-21-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները ստացան դրամական պարգևներ: Սահմանված էր նաև մրցանակ ամենակրտսեր՝ 7-ամյա առաջին կարգային Իշխան Մանուկյանի և տարիքով ամենամեծ՝ 83-ամյա Ստյոպա Բալայանի համար:
Նշենք, որ ապրիլի 25-ին Հայաստանում են անցկացվելու պատանիների և աղջիկների շաշկու Եվրոպայի առաջնությունը և աշխարհի գավաթի խաղարկությունը: