f

Անկախ

2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմը որպես XXI դարի աշխարհակարգի ճգնաժամի գործոն


2021 թ. փետրվարի 18-19-ը  Լիվադիայի պալատ-թանգարանում տեղի է ունեցել «Յալթա 1945. պատմության դասեր» միջազգային խորհրդաժողովը, որում հիմնական թեմաներից մեկը եղել է «Աշխարհակարգի ճգնաժամը. դիմակայությունները և սառեցված կոնֆլիկտները XXI դարում»: Խորհրդաժողովում «2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմը որպես XXI դարի աշխարհակարգի ճգնաժամի գործոն» զեկույցով հանդես է եկել սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը:

Ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ, որը հրապարակվել է Լազարյան ակումբի կայքում: (Ընդգծումները մերն են:)

Յալթա-1945՝ երկարաժամկետ աշխարհակարգի կերտման ճանապարհ

Միջազգային խորհրդաժողովը մանրամասն քննարկում է Յալթա-1945-ի որոշումներն ու նշանակությունը հիտլերյան ֆաշիզմի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակից հետո աշխարհակարգի հիմնական հարցերի վերաբերյալ: Զեկույցի թեմայի առնչությամբ ինձ թույլ կտամ հիշեցնել միայն, որ Յալթա-1945-ում Իոսիֆ Ստալինը, Ֆրանկլին Ռուզվելտը և Ուինսթոն Չերչիլը ստորագրեցին Հռչակագիր ազատագրված Եվրոպայի մասին, որով սահմանվում էին ոչ միայն  հակառակորդից վերադարձված տարածքներում հաղթողների քաղաքականության սկզբունքները: Այդ հռչակագրում, մասնավորապես, շարադրված է տվյալ տարածքների ժողովուրդների ինքնիշխան իրավունքների վերականգնման դրույթը, ինչպես նաև դաշնակիցների իրավունքը՝  «օգնելու» համատեղ այդ ժողովուրդներին, որպեսզի «բարելավեն պայմանները» այդ իրավունքների իրացման համար»: Հռչակագրում ասվում էր. «Եվրոպայում կարգուկանոնի հաստատումը և ազգային-տնտեսական կյանքի վերադասավորումը պետք է ձեռք բերվի այնպիսի ճանապարհով, որը հնարավորություն կտա ազատագրված ժողովուրդներին ոչնչացնելու նացիզմի և ֆաշիզմի վերջին հետքերը և,- ուզում եմ հատուկ ընդգծել,- ստեղծել ժողովրդավարական հաստատություններ իրենց իսկ ընտրությամբ»:

Յալթա 1945-ում սկիզբ է առել նաև Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը, որը  հաղթողների թեհրանյան խորհրդաժողովի և Դումբարտոն-Օքսում տեղի ունեցած բանակցությունների հիման վրա ձևավորեց  ՄԱԿ-ի գաղափարախոսությունը, այն կազմակերպության, որը դարձավ հետպատերազմյան աշխարհակարգի խորհրդանիշն ու պաշտոնական երաշխավորը, հեղինակավոր և երբեմն նույնիսկ բավական արդյունավետ կազմակերպություն միջպետական խնդիրների լուծման առումով,  տարբեր հասարակարգ ունեցող պետությունների համագործակցության համաձայնեցված որոշումների ու հնարավորությունների օրինակ:

Այն ժամանակ՝ 1945 թ. փետրվարի 6-ի Լիվադիայի խորհրդաժողովում Իոսիֆ Ստալինը, դիմելով Ֆրանկլին Ռուզվելտին և Ուինսթոն Չերչիլին, ասել է. «Մենք կարծես խնդիր ենք դնում խաղաղություն ապահովել առնվազն առաջիկա 50 տարվա համար»:

Յալթա-1945-ից հետո սկսվեց այն «վտիտ խաղաղությունը», որը ռուսական ասացվածքին համապատասխան՝ «լավ վեճից ավելի լավ է», և ձգվեց հաստատ ոչ միայն 50 տարի, ինչպես պատկերացնում էին այն ստեղծողները, ինչպես տեսնում ենք, գոյություն ունի ավելի քան 75 տարի:

Մենք հիշում ենք, որ Յալթա-1945-ի ճարտարապետներից Ուինսթոն Չերչիլի ֆուլտոնյան ճառից հետո այդ «վտիտ խաղաղությունը» վերածվեց «սառը պատերազմի» ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ճամաբարի երկրների դեմ, որը, փոքր ջերմացումներով, տևեց ընդհուպ մինչև 1989 թվականը:

Մենք գիտենք նաև, որ զարգացնելով Յալթա-1945-ը՝ 1975 թվականին ԽՍՀՄ-ի նախաձեռնությամբ Հելսինկիում Եվրոպա մայրցամաքի 39 երկրների ղեկավարներ, ԱՄՆ-ի և Կանադայի մասնակցությամբ, ստորագրեցին Եվրոպայի անվտանգության համաձայնագիրը, որում միաձայն սահմանվեց 12 սկզբունք, որոնք  ճշտում և երկարաձգում էին Յալթայի՝ առանց խոշոր  համաշխարհային ճգնաժամերի և պատերազմների աշխարհակարգը:

Յալթայան աշխարհակարգի ճգնաժամային խախտումները

Միջպետական և տարածաշրջանային ճգնաժամային երևույթները՝ որպես յալթայան աշխարհակարգի խախտումներ, սկսեցին դրսևորվել XX դարի վերջում: Յալթայան համակարգը մեծ ճեղք տվեց, երբ 1991 թ. փլուզվեցին ԽՍՀՄ-ը և Հարավսլավիան, Արևելյան Եվրոպայի երկրները դուրս եկան Վարշավյան պայմանագրի կազմակերպությունից, միավորվեց Գերմանիան և այլն: Սակայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր նոր պետությունների սահմանները փաստացի ամրագրվեցին ՄԱԿ-ում գրանցված երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերով:  Այդ ամենը մեծ մասամբ տեղի ունեցավ, եթե չհաշվենք Հարավսլավիան, խաղաղ ճանապարհով:

Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, ճանաչեց գրեթե բոլոր նոր պետությունները և նոր սահմանները Եվրոպայում, բացառությամբ Կոսովոյի, որը ներկայումս ճանաչել է աշխարհի 89 պետություն: Մեծ հաշվով, սահմանների փոփոխությունը Եվրոպայում 1989-1991 թվականներին ոչ թե Յալթա-1945-ի չեղարկումն էր, այլ ժողովրդավարական (հիմնականում հաշվի առնելով ժողովուրդների կամքը)  վերաձևաչափում: Միաժամանակ հետխորհրդային տարածությունում ազգամիջյան կոնֆլիկտների հետևանքով երևան եկավ չճանաչված պետությունների կամ սառեցված կոնֆլիկտների համակարգը: Այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Հարավային Օսիան, Աբխազիան և Մերձդնեստրը:

Յալթայան աշխարհակարգի ռելիեֆն էլ ավելի կտրուկ սկսեց փոփոխվել 2008-ից՝ վրացական պատերազմից հետո, որ սանձազերծեց Միխայիլ Սաակաշվիլին չճանաչված Հարավային Օսիայի դեմ: Վրաստանին խաղաղություն պարտադրելուց հետո Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Այդ երկու երկրների անկախությունը ճանաչեցին նաև ՄԱԿ-ի անդամ պետություններ՝ Նիկարագուայի Հանրապետությունը, Վենեսուելան, Սիրիան, Նաուրուն: Էլ ավելի արմատական փոփոխություններ տեղի ունեցան 2014 թ., երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, ինչը ճանաչել են Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Վենեսուելան, Աֆղանստանը, Սիրիան, Սուդանը և Կուբան: Նույն տարում բռնկվեց ներուկրաինական կոնֆլիկտը Դոնբասում, երբ ազգայնական ուժերը փորձեցին հարկադրաբար «ուկրաինացնել» Ուկրաինայի ռուսալեզու հարավը և հարավ-արևելքը: Ընդ որում, այդ կոնֆլիկտը պաշտպանում են Յալթա-1945-ի երկու դերակատար՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության:

Յալթայան աշխարհակարգի ճգնաժամերի թվում ներկա պատմական փուլում առանձին ուշադրություն է գրավում, բնականաբար, ամենաառաջին ազգամիջյան և այսպես կոչված սառեցված կոնֆլիկտը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր, իսկ այժմ ամենաթարմ լայնամասշտաբ և դաժան ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմը 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը:

2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմը Յալթա-1945-ի դիտանկյունից. արդյունքներ և գնահատականներ

Ելույթ ունենալով 2021 թ. հունվարի 27-ին Դավոսի համաժողովում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Ռուսաստանը ձեռնարկեց, օրինակ, ակտիվ միջնորդական ջանքեր, որպեսզի դադարեցնի զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շրջանում, որում ներգրավված էին մեզ մտերիմ ժողովուրդներ և պետություններ՝ Ադրբեջանը և Հայաստանը: Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունը: Եվ կարևոր է, որ այն, մեծ հաշվով, հետևողականորեն իրականացվի: Հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը: Դա ամենագլխավորն է»: Հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, հասնել լիակատար հրադադարի և սկսել կայունացման գործընթացը:

Հենց այդպես մեր նախագահը տեղեկացրեց Դավոսին, իսկ նրա հետ նաև ողջ աշխարհին Ռուսաստանի վճռական գործողությունների մասին, Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ, կարելի է ասել՝ առանց չափազանցության, երրորդ համաշխարհային պատերազմի ամենավտանգավոր օջախներից մեկը մարելու գործում:

Իսկ հաշվի առնելով, որ Մոսկվայում նոյեմբերի 9-10-ը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի եռակողմ   հայտարարությունը ստորագրելուց հետո անցել է արդեն 100 օր, ապա կարելի է ենթադրել, որ հենց Վ.Վ. Պուտինի այդ խոսքերով Ռուսաստանը գիծ քաշեց ադրբեջանա-ղարաբաղյան լայնամասշտաբ պատերազմի տակ, քանի որ շուտով հաստատեց. «Այժմ միջազգային հանրության առջև և անկասկած այն երկրների առջև, որոնք մասնակցել են ճգնաժամի հանգուցալուծմանը, ծառացած են տուժած շրջաններին օգնություն ցույց տալու մարդասիրական խնդիրները՝ կապված փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմության, հոգևոր և մշակույթի  հուշարձանների պաշտպանության և վերականգնման հետ»:

Մինչդեռ Յալթա-45-ի դիտանկյունով ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի արդյունքներն այդպիսին չեն: Նույնիսկ բնավ այդպիսին չեն: Ի տարբերություն Յալթա-45-ի, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը դրա մասնակից եռյակի համաձայնության մասին, ինչպես հայտնի է, դադարեցրել է մարտական գործողությունները՝ առանց գնահատելու հակամարտող կողմերի իրավաչափությունն ու գործողությունները, ընդ որում, հենվելով Յալթա-45-ի և Եվրոպայում անվտանգության մասին 1975 թ. Հելսինկյան համաձայնության միայն մեկ սկզբունքի վրա՝ «տարածքային ամբողջականության»: Նախագահ Վ.Վ. Պուտինը և արտգործնախարար Ս.Վ. Լավրովը բազմիցս են մեկնաբանել ադրբեջանա-ղարաբաղյան երկրորդ պատերազմը, բայց ոչ մի անգամ չեն մատնանշել, թե ով ռազմական գործողություններով կողմերի շփման գծի ողջ երկայնքով խախտեց անժամկետ զինադադարը, որը կնքվել էր իր իսկ Ադրբեջանի խնդրանքով 1994 թ. մայիսի 12-ին Բիշկեկում, թեպետ Իլհամ Ալիևի մեղքը լռությամբ ընդունվում է փաստացի ամբողջ աշխարհում:

Պատերազմի նախնական արդյունքները ցնցող են: Խոսքը վերաբերում է մարդկային կորուստներին և սոցիալ-տնտեսական վնասներին, որոնք կարող էին և չլինել: 44 օր տևած մարտերում երկու կողմից զոհվել է մոտ 10 հազար մարդ: Նշանակում է՝ օրական 250 մարդ: Վիրավորների թիվը, որոնցից շատերը հաշմանդամ են դարձել ցմահ, երեք անգամ ավելի մեծ է: Միայն Ղարաբաղի հայերից պատերազմը փախստական և տեղահանված  դարձրեց ավելի քան 100 հազար մարդու: Պատերազմից հետո երեք ամսվա ընթացքում տուն է վերադարձել միայն նրանց կեսը: Ադրբեջանը գիտակցաբար և անհիմն ահռելի վնասներ է հասցրել Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներին: Ոչնչացվել են հիվանդանոցներ, եկեղեցիներ, դպրոցներ, բնակելի շենքեր և այլն: Սպանված և  գերեվարված հայերը ենթարկվել են խոշտանգումների, կտտանքների և գազանությունների, ընդհուպ գլխատումը և այլն:

Այս դաժան վիճակագրությունն առայժմ պաշտոնական չէ, քանի որ ոչ միայն դե յուրե, այլև անգամ դե ֆակտո, ըստ երևույթին, մոտ ժամանակներս դա չենք իմանա, և ամենայն հավանականությամբ չենք իմանա երբեք: Որովհետև, օրինակ, Ադրբեջանը՝ իր ամբողջատիրական համակարգով,  նախկինում էլ աչքի չի ընկել նրբանկատությամբ նման հարցերում, իսկ այժմ նրան՝ որպես «հաղթող» ագրեսորի ավելի քան երբևէ ձեռնտու է, ինչպես ասում են, «տակով անել» այդ ամենը, ամենից առաջ իր ժողովրդից:

Հայաստանը փաստացի պարտության և դրա հետևանքով պետական-քաղաքական ճգնաժամի պատճառով այսօր ի վիճակի չէ  հայտնելու իր արդյունքներն ու գնահատականները, արժանապատվորեն պաշտպանելու  չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի շահերը թե՛ եռակողմ ձևաչափով, թե՛ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում:

Իր հերթին Ռուսաստանի Դաշնությունը (բացառված չէ՝ մեծ քաղաքականության մեջ իր շահերից ելնելով) առանձնապես շահագրգռված չէ կռված կողմերից ստանալու համապատասխան ճիշտ տեղեկություններ, որպեսզի կայացնի իր վճիռը, սկզբունքային գնահատական տա պատերազմին և դրա մասնակիցներին: Ասենք՝ նաև իր հատուկ ծառայություններին, ԱԳՆ-ին, ինչպես նաև Ռուսաստանի մասնակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, որը բացահայտ ձեռ քաշեց այս պատերազմից և ի վիճակի չեղավ դադարեցնելու տևական արյունահեղությունը:

Մեր երկրին, որպես միջնորդի ղարաբաղյան կարգավորման գործում, ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով իրոք «հաջողվեց դադարեցնել մարտական գործողությունները, հասնել լիակատար հրադադարի և սկսել կայունացման գործընթացը»: Հայտնի է, որ արդեն 2020 թ. նոյեմբերի 10-ին դեռևս Ադրբեջանի կողմից չգրավված հայկական բնակավայրեր ռուսական խաղաղապահ ուժեր մտան:

Ուշագրավ է, որ Ռուսատանն անակնկալ, սիրիական տարբերակով, ստանձնեց նաև ողջ մարդասիրական և տնտեսական բեռը հայկական Ղարաբաղում, այդ թվում և փախստականների ու տեղահանվածների վերադարձը, այդ բոլոր անմիջական պարտականություններից  զերծ պահելով Ադրբեջանին՝ որպես ագրեսոր-«հաղթողի» և Հայաստանին՝ ղարաբաղցիների հարազատին: 2020 թ. դեկտեմբերի 28-ին Ռուսաստանը, առանց նախապայմանների, Հայաստանին անհատույց տրամադրեց 10 միլիոն եվրո օգնելու համար Ադրբեջանի բանակի գրաված տարածքներում հայրենի տներն ու քաղաքները լքած փախստականներին:

Մինչև հիմա Ռուսաստանի ղեկավարությունը լռության է մատնում շատ հարցեր, որոնց պատասխանի կարիքն ունեին ռուսները պատերազմի օրերին և դրանից հետո: Ինչո՞ւ տեղեկատվություն չկա մարտերին Ադրբեջանի կողմից մասնակցած 2000 իսլամական զինյալների մասին (Ռուսաստանում արգելված)`բերված Սիրիայից, ինչը վկայվել է պաշտոնապես: Եվ առհասարակ որտե՞ղ են նրանք հիմա: Իսկ ինչպե՞ս որակել Թուրքիայի մարտական ջոկատների և այլ զինվորականների մասնակցությունը: Ադրբեջանի օգտագործած ֆոսֆորային ռումբերը, այլ արգելված զենքերի օգտագործումը: Ինչո՞ւ մինչ օրս տեղեկություններ չկան պատերազմական գործողությունների գոտուց դուրս՝ Հայաստանի երկնքում, ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ուղղաթիռը կործանելու և մեր երկու օդաչուների զոհվելու գործով հետաքննության արդյունքների մասին: Գոնե այս հարցերը հաստատ ոչ ոք չի մոռացել:

Անմտություն է չնշել, որ Ադրբեջանի կողմից XX-XXI դդ. սառեցված կոնֆլիկտի լուծումը ագրեսիվ ճանապարհով հարուցեց աշխարհակարգի չափազանց վտանգավոր ճգնաժամ: Ադրբեջանի պատերազմը չճանաչված ԼՂՀ-ի դեմ ապշեցրեց ոչ միայն ռուսական, այլև միջազգային հանրությանը: Աննախադեպ է, բայց փաստ, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ասում են բռնցքամարտիկների լեզվով, բոլորին նոկաուտ արեց: Իսկ Ռուսաստանը, այդուհանդերձ, որպես մրցադատավոր ռինգում, փաստորեն անձայն Ադրբեջանին «հաղթող» ճանաչեց, մնում էր, որ նրա ձեռքը վեր բարձրացներ և գլխին դափնեպսակ դներ: Ի՞նչ է, մի՞թե այդպես չէ: Ցանկալի է հուսալ, որ դեռևս այդպես չէ:

Կարելի է պնդել, որ Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմն անդառնալի վնաս հասցրեց յալթայան աշխարհակարգին, Հելսինկյան համաձայնություններին, ազգամիջյան խաղաղությանը Ղարաբաղում, աշխարհաքաղաքականությանը և ուժերի հավասարակշռությանը Հարավային Կովկասում և առհասարակ ողջ Մերձավոր Արևելքում:

Հեյդար Ալիևը Իլհամ Ալիևի գործողությունների դեմ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման խնդրում

Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը, դեռևս 1993 թվականին, լինելով Նախիջևանի մեջլիսի նախագահը, «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցի ընթացքում թղթակցի հարցին («Ձեր անվան հետ Ղարաբաղում շուտափույթ խաղաղության հաստատման հույս են կապում: Բայց ձեզ չի՞ թվում, որ ով էլ գա իշխանության Ադրբեջանում կամ Հայաստանում, այն պատերազմով կպահի») համոզված պատասխանել է. «Բացարձակապես համաձայն չեմ այդ տեսակետին: Դա ձեռնտու է նրանց, ովքեր իրականում երկու կողմից էլ բիզնես են անում պատերազմում և փող են լվանում՝ ձեռք բերված իրենց ժողովրդի արյունով: Ես վստահ եմ, որ Ղարաբաղում հնարավոր է հասնել խաղաղության, ուրիշ ճանապարհ չկա: Եվ դրան հասնելու հնարավորությունները բնավ սպառված չեն»:

Եվ հարկ է նշել, որ Հեյդար Ալիևը խոսքի տեր մարդ էր: Նա միակ ադրբեջանցի քաղաքական գործիչն է, որ քիչ թե շատ հստակ է արտահայտվել ղարաբաղյան պատերազմի դեմ, իսկ Նախիջևանը, որն այն ժամանակ գլխավորում էր նա, պատերազմին փաստացի չի մասնակցել, անգամ սադրանքներ չի արել Հայաստանի Հանրապետության հետ սահմանին:

Այո, նա հայկական հարցում հրեշտակ չէր, Ղարաբաղի հայերի համար նաև «հարազատ հայր»  կամ «խաղաղության աղավնի» չէր: Նրա «ավանդն» է Նախիջևանի հայերի այսպես կոչված «սպիտակ ցեղասպանությունը»: Նրա Ադրբեջանի ղեկավարման տարիների (1969-1982 թթ.) և այդ ինքնավար մարզում աշխատանքի արդյունքում 1991 թ. ոչ մի հայ չէր մնացել (Виктор Кривопусков. Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР. Четвертое издание, исправленное и дополненное. - М.:МГОФ «Знание», 2018. - 488 стр.):

Բայց հենց նա դադարեցրեց առաջին պատերազմը, որով, ըստ էության, փրկեց ադրբեջանական բանակը ջախջախումից: Այն ժամանակ ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերը ադրբեջանական ագրեսիայի դեմ, ուշադրություն եմ հրավիրում, չէին գրավել 7 շրջանները, ինչպես այսօր պնդում է Իլհամ Ալիևը, այլ հետ տվեցին իրենց օղակող սահմանները՝ ստեղծելով անվտանգության գոտի, այսինքն՝ կենդանի ուժի բաց և փակ  թիրախներին և այլ չզրահապատված թիրախներին հարվածելու համար նախատեսված, 122 մմ տրամաչափի, հրաձգության առավելագույն 40 կմ հեռահարությամբ «Գրադ» ռեակտիվ համակարգի արկերից ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտին անհասանելի տարածություն: 1994 թ. մայիսին Հեյդար Ալիևը, որ Ադրբեջանի նախագահն էր դարձել, ղարաբաղյան պատերազմի դադարեցման հարցում օգնության խնդրանքով դիմեց Ռուսաստանին: Այն ժամանակ Բիշկեկի համաձայնությունը անժամկետ զինադադարի մասին Ադրբեջանը ստորագրեց անմիջականորեն ԼՂՀ-ի հետ:

Չափազանց կարևոր է նշել, որ Հեյդար Ալիևի նախագահության ընթացքում ղարաբաղյան հարցի կարգավորումը փաստացի վարվում էր դիվանագիտական մակարդակով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում: Ի տարբերություն Աբուլֆաս Էլչիբեյի՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին նախագահի, որ սանձազերծեց առաջին ղարաբաղյան պատերազմը, և Իլհամ Ալիևի, որը Ադրբեջանի նախագահության առաջին իսկ օրերից մշտապես  խախտում էր հրադադարը, ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը, այլ բազմակողմ և երկկողմ պայմանավորվածություններ՝ ձեռք բերված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ երկրորդ պատերազմով ագրեսիվ, միակողմանի կերպով առհասարակ ոտնահարեց Կովկասի աշխարհակարգը:

Ո՞վ է պատասխան տալու Ղարաբաղի ողբերգության համար

Իլհամ Ալիևը երկրորդ ղարաբաղյան պատերազմն անարդարացիորեն համեմատեց 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հետ: Ենթադրում եմ՝ դրանով նա ցանկանում էր ցույց տալ իր մեծությունը: Նմանություն, իհարկե, կա, բայց միայն այն, որ ինչպես Հիտլերը 1941 թ. հունիսի 22-ին ուխտադրուժ հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, Ադրբեջանը նույն կերպ սեպտեմբերի 27-ին՝ կիրակի առավոտյան, ուխտադրուժ գրոհեց ԼՂՀ-ի վրա նրա ինքնապաշտպանության բանակի հետ բիշկեկյան համաձայնությամբ սահմանված  շփման գծի ողջ երկայնքով և միակողմ ոչնչացրեց միջազգային նորմերն ու անվտանգության կանոնները Կովկասի այդ սառեցված կոնֆլիկտի տարածաշրջանում:

Ռուսաստանը մոսկովյան հայտարարությունում (իսկ այդ մասին  պաշտոնապես ուրիշ փաստաթղթեր չկան) չի որոշել ո՛չ պատերազմը հրահրողին, ո՛չ հաղթողին, ո՛չ պարտվողին, ամենագլխավորը՝ պատասխանատվությունը, և ոչ միայն անմիջական մասնակիցների: Չեն պարզվել նաև Հարավային Կովկասի շրջանում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հսկողության  ներքո գտնվող աշխարհակարգի փլուզման շատ այլ առանցքային հարցեր: Վլադիմիր Կազիմիրովը «Ո՞վ խախտեց Լեռնային Ղարաբաղում անժամկետ զինադադարը » հոդվածում (ИА REGNUM 17 янв. 2021 г., «Անկախ», 18 հունվ. 2021 թ. ) գրում է. «Զինադադարի մասին կարևորագույն փաստաթղթի կողմերից մեկի անձնական պատասխանատվության անհրաժեշտություն կա այն խզելու և, անշուշտ, 2020 թ. պատերազմի ահռելի թվով զոհերի համար: Դրա մեղավորի անունը պետք է նրա հետագա կյանքում արձանագրվի կենսագրությունում սև, չջնջվող ներկով: Որքան էլ ուրախալի լինի Ռուսաստանի՝ որպես այդ կոնֆլիկտի հիմնական միջնորդի դերի հաստատումը, որքան էլ ծանր լինեն ռուսական խաղաղապահների խնդիրները և տրանսպորտային հանգուցալուծումների որոնումները, այս հարցը շրջանցել չի հաջողվի: Կարծես ոչ մի խախտում էլ չի եղել, եղել են պարզապես դրա հետևանքները»:

Ռուսաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այս հարցը չի կարելի թողնել առանց հստակ պատասխանի, այն բնավ թելադրված չէ միայն մեկ քաղաքագետի «զուտ հետաքրքրասիրությամբ», այն հուզում է ողջ ռուսական հասարակայնությանը: Խոսքն ամենից առաջ պատերազմի մասին է, անգամ ոչ թե Սիրիայում, որից մենք բավականաչափ տեղյակ ենք, և որը մեծամասնությունը գիտակցաբար պաշտպանում է, այլ հետխորհրդային տարածությունում ձևավորված պետությունների միջև, մեր մերձավոր հարևանների՝ միջպետական հզոր տնտեսական, ռազմա-քաղաքական կապերով և նրանց ժողովուրդների հետ պատմական կապերով, որոնց միլիոնավոր ներկայացուցիչներ մեր բազմազգ երկրի քաղաքացիներ են:

Վլադիմիր Կազիմիրովը նույն հոդվածում իրավացիորեն նշում է. «Գրեթե բոլորի համար հստակ է, թե ով է մեղավորը. Ադրբեջանի ղեկավար, զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը: Մեղավոր է անհատապես: Հնարավո՞ր է այս պարագայում անտարբերություն ցուցաբերել՝ քողարկելով այն, թե ով այս անգամ անտեսեց ոչ թե օրենքը, այլ երկու պետությունների հարաբերությունների ակնհայտ նորմը՝ ճանաչված թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե՛ ՄԱԿ-ի կողմից»: Իսկ պատերազմը Ղարաբաղում ոչ միայն ուխտադրուժ էր, այլև անողոք:

Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը փաստորեն պատերազմով պատառոտեցին և արդի պատմության հետնաբակը նետեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի 26-ամյա պատմությունը, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման նրա բոլոր սկզբունքները՝ սկսած մադրիդյանից: Այդ ամենը, պարզվեց, Ադրբեջանի համար ոչինչ էին:

Առայժմ գնահատման նշաններ չի ցույց տալիս ՄԱԿ-ը  այդ կոնֆլիկտին վերաբերող միանգամից չորս բանաձևերի (№№ 822, 853, 874 и 884) առնչությամբ՝  ընդունված առաջին պատերազմի թեժ ժամանակ՝ 1993 թ. ապրիլի 30-ից մինչև  նոյեմբերի 12-ը, որոնք այժմ լիովին կորցրել են պիտանիությունը: 2020 թ. սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի պատերազմի կապակցությամբ գումարված նիստում նույնպես չմատնանշեց մարտական գործողությունները սկսող մեղավորին, գնահատական չտվեց արգելված զենքերի և իսլամական զինյալների կիրառմանը, այլ ընդամենը կոչ արեց դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Փոխարենը Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը, ստելով ղարաբաղյան կոնֆլիկտը մեկնաբանում է որպես Հայաստանի ագրեսիա Ադրբեջանի դեմ: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պետք է կատարվեն անհապաղ, երբեմն նույնիսկ ընդունվելուց հետո մի քանի ժամվա ընթացքում, իսկ չորս բանաձևերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ՝ ընդունված 20 տարի առաջ, այժմ մնում են թղթի վրա:

Ռուսաստանն անհայտ պատճառներով թույլ է տալիս Ադրբեջանին այս հարցերի հետ կապված, ինչպես ասում են, ջրից չոր դուրս գալ: Իսկ Թուրքիան, ըստ երևույթին, Ղարաբաղի պաշտպանության բանակի ջախջախման մեջ ունեցած ավանդի համար ընդգրկված է հետպատերազմյան խաղաղության պահպանման հսկողության Ռուս-թուրքական կենտրոնի գործունեության մեջ, կենտրոնի, որը Ստեփանակերտից 30 կմ հեռավորության վրա է: Նա այնքան  համարձակ է դարձել, որ օրերս պետական  TGRT հեռուստաալիքի եթերով ցույց են տվել առաջիկա 30 տարիներին թուրքական ազդեցության ոլորտների ընդլայնման կանխատեսում-քարտեզը: Ենթադրվում է, որ 2050 թվականին նրա մեջ կմտնեն Բալկանների, Հյուսիսային Աֆրիկայի, Անդրկովկասի, Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի  մի շարք պետություններ: Ներկայացված փաստաթղթում նշված են նաև որոշակի տարածքներ Ռուսաստանի հարավից, որոնք կհայտնվեն Անկարայի ազդեցության տակ: Դրանց թվում են Ղրիմը, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերը, Աստրախանի և Ռոստովի մարզերը, Հյուսիսային Կովկասի և Կալմիկիայի Հանրապետությունները, ինչպես նաև Թաթարստանը, Բաշկիրիան, Չուվաշիան, Ալթայի երկրամասը և Լեռնային Ալթայի Հանրապետությունը, Բուրյաթիան, Տիվան, Յակուտիան: Ըստ այդ պլանների՝ ամերիկացիներն արդեն պատրաստ են «թույլ տալ» թուրքերին, որպես իրենց արբանյակ-գործընկերներին, ազդեցության տարածքային ոլորտների ընդլայնման գործողությունները՝ չնայած հարևանների ինքնիշխանությանը:

Հայերին խոստացել են բացել փակ սահմանները, եթե նրանք ընդունեն պարտությունը և ընդմիշտ հրաժարվեն պատմական հողերի բոլոր  հավակնություններից, ինչպես նաև համաձայնեն չճանաչված ԼՂՀ-ի փաստացի լուծարմանը:

XXI դարում Ադրբեջանի՝ սառեցված կոնֆլիկտի լուծման ագրեսիվ ուղին առաջացրել է յալթայան աշխարհակարգի հերթական և բարդ ճգնաժամը: Պարզվում է, որ ադրբեջանական օրինակով կարելի է այսուհետև պատերազմի, կեղծիքի և ուխտադրժության միջոցով միակողմ անտեսել ցանկացած միջազգային, երկկողմ և բազմակողմ սկզբունք ու համաձայնություն: Եվ դրա հետևանքով ոչինչ չի լինի, ո՛չ պատժամիջոցներ, ո՛չ էմբարգո, ո՛չ այլ միջազգային միջոցներ:

Թվում էր, թե պատմությունը, այդ թվում և Յալթա-45-ը, չի կարելի դուրս մղել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումից: Այդ դիրքորոշումը արտահայտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թ. հոկտեմբերի 22-ին «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում: Ճշմարտությունը նրա «Սումգայիթում, այնուհետև նաև Լեռնային Ղարաբաղում կատարվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի նկատմամբ» ձևակերպման մեջ է: Ոչ ոք չի կարող ժխտել, որ պատմությունն առկա է կոնֆլիկտներում, ընդ որում, դրանց մասնակիցների վարքագծի մենթալիտետով ու մշակույթով հանդերձ: Այդ մասին նույնպես խոսվել է 1945 թվականի Յալթայի խորհրդաժողովում: Այս առումով ապացուցելու բան էլ չկա: Մենթալիտետը, վարքագծի մշակույթը միջթնիկական հարաբերություններում պատմականորեն ձևավորված երևույթներ են, որոնք չեն կարող չազդել կոնֆլիկտների ընթացքի վրա: Հանրահայտ օրինակը՝ երիտասարդ հայ սպայի սպանությունը Բուդապեշտում և մարդասպանի հերոսացումը, ինչը տեղ է գտել Ադրբեջանի Հանրապետությունում: Հայ գերիների և զոհվածների գլխատումները, նրանց ծաղրումը եզակի դեպքեր չեն Ադրբեջանում: Նրանք հայտնի են աշխարհին Սումգայիթով, Բաքվով, հանրապետության շատ քաղաքներով ու գյուղերով, 1992-1994 թթ. առաջին պատերազմով, ապրիլյան քառօրյա մարտերով: Ուրիշ հասարակություններում կամաչեին իրենց քաղաքացիների նման արարքների համար, հատկապես՝ սպաների: Ադրբեջանում հպարտանում են: Առանց պատմության ներառման յուրաքանչյուր «եզակի փաստ» չի կարող համարժեք ընկալվել: Դժվար չէ հասկանալ, որ «պատմության բացառումը», որպես կանոն, նրա օգտին է, որին այն (պատմությունը) ձեռնտու չէ: Իրական պատմության տեղը բռնում են դրա նենգափոխված վարկածները: Իմ այս տեսակետը ավելի մանրամասն կարելի է կարդալ իմ «Ով  պատասխան կտա Լեռնային Ղարաբաղի ողբերգության համար» հոդվածում, որը հրապարակվել է 2020 թ. դեկտեմբերի 3-ին:

Ի՞նչ ճգնաժամ պետք է հանգուցալուծել Ղարաբաղում, տարածքայի՞ն, թե՞ ազգամիջյան

Եթե կիրառենք 1945 թ. Յալթայի և Հելսինկիի ձևվածքը Ադրբեջանի արտաքին պետական սահմանների ապահովման համար, ապա պետք է միանգամայն ուրիշ խոսակցություն լինի: Ավելին, Իլհամ Ալիևը երկրորդ պատերազմն անվանում է հակաահաբեկչական գործողություն: Եթե Ադրբեջանի Հանրապետության սահմանները, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ճանաչել են Ռուսաստանի Դաշնությունը և ՄԱԿ-ըխախտել է ԼՂՀ-ն, ուրեմն նա հանդես է գալիս որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ: Այսինքն՝ Ադրբեջանը պետք է վերանայի անհիմն հավակնությունները, իսկ Ռուսաստանը, ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը, բնականաբար, չպետք է պաշտպանեն դրանք: Կամ էլ խոսակցություն պիտի վարի ազգամիջյան հողի վրա ներհանրապետական կոնֆլիկտի  մասին և Ղարաբաղի հայերի ազգային անվտանգության իրավունքի ճանաչման ու ԼՂՀ-ի անկախության ճանաչման դեմ պայքարի մասին, կամ Իսկ եթե այդպես է, ապա Հելսինկիի «տարածքային ամբողջականության սահմանների» սկզբունքը Ադրբեջանի դեպքում կիրառելի չէ:

Ավելորդ չէ հիշել, որ Ադրբեջանի առաջին պատերազմը իր իսկ չճանաչած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ (1992-1994 թթ.) նենգաբար սանձազերծվել է, ապշել կարելի է, ԽՍՀՄ-ի փլուզման հենց երկրորդ օրը (հունվարի 2-ի վաղ առավոտյան) իբր ազգամիջյան կոնֆլիկտի հանգուցալուծման և տարածքային ամբողջականության վերականգնման համար: Այն ժամանակ այդ խնդիրները պատերազմը չլուծեց: Ահա 2020 թվականի պատերազմն էլ չհանգցրեց ադրբեջանա-հայկական կոնֆլիկտը, որն ընկած էր և ընկած է դրա հիմքում: Ղարաբաղի հայերը երբեք չեն հավակնել և չեն հավակնում բուն Ադրբեջանի տարածքին, թեպետ հանուն պատմական ճշմարտության պետք է հիշել ավելի քան 5 հազար քկմ, ընդ որում ամենաբերքատու հողերի մասին, որոնք 1921 թ. համարվում էին  դաշտային հայկական Ղարաբաղ՝ իր մեծաթիվ հայ բնակչությամբ գյուղերով: Արժի հիշեցնել, որ պատերազմը չվերացրեց, այլ ավելի խորացրեց սառեցված ազգամիջյան ճգնաժամը: Այն ավելացրեց նոր հակասություններ փոխադարձ ռևանշի համար և ոչ միայն մասնակից երկրների, այլև արդեն, ինչպես տեսնում ենք, նաև Թուրքիայի համար:

Արմատականը տարածաշրջանի ապագա ճակատագրի համար, ինչ էլ որ ասեն Բաքվում և անգամ Մոսկվայում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցն է: Դրա արդարացի լուծումը, կարելի է համարձակ ասել, արժանի կլինի Նոբելյան մրցանակի: Ադրբեջանի այլընտրանք չընդունող հռետորաբանությունը՝  հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի և զարգացման համար որևէ երաշխիքի բացակայությամբ, չի տեսնում և չի լսում միայն կույրն ու խուլը: Դա ակնհայտ է և՛ Ռուսաստանի համար, և՛ ՄԱԿ-ի, և ողջ ժողովրդավարական աշխարհի համար: Այդ մասին ես արդեն ասել եմ ս.թ. հունվարի 25-ին «Երկրամաս» տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում («Ղարաբաղի հայերին պետք է միասնական և կենարար Հայաստան, որը սերտ կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ»): Հետևաբար, չնայած Ադրբեջանի և Թուրքիայի ագահությանը այս հարցում, խաղասեղանին պետք է դրված լինի միայն մի պայման՝ Ղարաբաղի ժողովրդի անվտանգ կյանքի և ինքնանկախ զարգացման իրավունքը, նրա պատմական արժեքների պահպանումը՝ ստեղծված հազարամյակների ընթացքում, այդ թվում և համաշխարհային գանձարանը մտնող արժեքները:

Այժմ գլխավորը պետք է լինի «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»: Այլ միջազգային սկզբունքները, ինչպիսիք են «ուժի չկիրառումը» և «տարածքային ամբողջականությունը», ինչպես անցյալում, այնպես էլ ներկա դարում մեկ անգամ չէ, որ ստուգվել են ոչ միայն «ատամով», այլև հազարավոր հայերի և ադրբեջանցիների կյանքի գնով: ԼՂՀ-ի ինքնուրույնության հարցը հարկ էր քննարկել՝ չհետաձգելով որևէ հեռանկարով, այլ բարձր քաղաքական կամքի ոգով և Լեռնային Ղարաբաղի հայերի գոյության ողջ պատմական գործոնի հետ ընդհանրությամբ:

Ղարաբաղի հայկական, ոչ թե ադրբեջանական պատմական ճշմարտության վկաները, հատկապես Իլհամ Ալիևի՝ որպես իր երկրի պատմության նենգափոխման և աննախադեպ հայատյացության գլխավոր գաղափարախոսի համար հանդես են գալիս անտիկ պատմաբան Ստրաբոնը (64/63 թթ. մ. թ. ա., «Աշխարհագրություն» Strabon. Geographika. Vol. 1-Х / Hrsg. von S. L. Radt. Gottingen, 2002) և մյուս անտիկ հեղինակները, ինչպես, օրինակ՝ Պլինիոս Ավագը, Դիոնիսիոս Կասիոսը, Կլավդիոս Պտղոմեոսը: Նրանց հետ պարսից Շահ Աբաս Մեծը, որ XVI դարի սկզբին վասալային հողերի լավագույն ղեկավարման համար ստեղծել է հինգ հայկական ղարաբաղյան մելիքությունները, ռուս մեծ դիվանագետ, բանաստեղծ, դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովը (չափածո «Խելքից պատուհասը» պիեսը), սպիտակ գեներալ Անտոն Դենիկինը (Деникин А. И. Очерки Русской Смуты — 1925․ Том 4. Глава XVIII. Азербайджан), նշանավոր ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը և նրա «Ֆայտոնչին» բանաստեղծությունը և շատ ուրիշ պատմաբաններ, ճանապարհորդներ, աշխարհագրագետներ,  գրողներ և գլխավորը՝ անթիվ-անհամար փաստաթղթեր աշխարհի արխիվներում ու թանգարաններում:

Չի կարելի մոռանալ Գյուլիստանի (1813 թ.) և Թուրքմենչայի (1828 թ.) հաշտության պայմանագրերը Ռուսական կայսրության և Պարսկաստանի (Իրան) միջև, ԽՍՀՄ սահմանադրության պայմանների պահպանման մասին Խորհրդային Միության փլուզման և Ադրբեջանական ԽՍՄ-ը Ադրբեջանի Հանրապետության անցնելու ժամանակ, որը դարձավ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության  (1918 - 1921 թթ.) իրավահաջորդը, որում խոսք անգամ չէր կարող լինել հայկական Ղարաբաղի մասին: Ինչպես նաև հանրաքվեները ԼՂԻՄ-ում 90-ական թվականներին և ԼՂՀ-ում XX և XXI դարերում:

Ղարաբաղի հայության ինքնորոշման կամարտահայտությունը դիտարկելիս հնարավոր է թվում երեք տարբերակներից մեկի ընդունումը:

Առաջին տարբերակ՝ լիակատար ինքնուրույնության ընձեռում, ընդ որում, առանց որևէ պայմանի և հանրաքվեների: Միջազգային հանրությունը ԼՂՀ-ի ինքնորոշման իրավիճակը պետք է ընկալի Կոսովոն անկախ պետություն ճանաչման նմանությամբ: Ինչ վերաբերում է հանրաքվեներին, ապա դրանք Ղարաբաղում արդեն անցկացվել են և ոչ մեկ անգամ: Արդյունքները հայտնի են, դրանք կարելի է ընդունել անձայն: Ի՞նչ հանրաքվեի մասին  կարող է խոսք լինել 50 տարի անց, ինչպես նախատեսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մադրիդյան և այլ նախագծերը: Թերևս միայն այն հաշվարկով, որ  տասնամյակների ընթացքում ադրբեջանցիների թիվը ԼՂՀ-ի տարածքում բարձր ծնելիության հաշվին 1991 թ. 23 տոկոսից կբարձրանա 100 տոկոսի N թվականին:

Կամ էլ, երբ հայերին, հարկ է բաց խոսել, Ադրբեջանը և Թուրքիան՝ որպես երկու երկիր, բայց մի ժողովուրդ, լրիվ դուրս կմղեն Ղարաբաղից: Ինչպես, օրինակ՝ Հեյդար Ալիևի հայտարարություններով արվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որը ստեղծվել էր 1921 թ., ինչպես հայտնի է, հենց Թուրքիայի պարտադրանքով իբրև թե հայերի համար: Այնտեղ դեռ խորհրդային տարիներին ոչ մի հայ չմնաց, փոխարենն այժմ տեղակայված է թուրքական զինվորական խմբավորում, որտեղից էլ, բացառված չէ, խփվել է մեր 102-րդ ռազմաբազայի մարտական ուղղաթիռը, զոհվել է երկու ռուս սպա, երրորդը ծանր վիկրավոր է:

Երկրորդ տարբերակ՝ ԼՂՀ-ի միացումը Հայաստանի Հանրապետությանը, կարելի է ասել, ադրբեջանա-թուրքական սկզբունքով. մեկ ժողովուրդ՝ մեկ պետություն:

Երրորդ տարբերակ՝ նույնպես կենսունակ: Կասկած չկա, որ այն արտացոլում է ԼՂՀ-ի հայերի կամքը՝ վերադարձնել իրենց նախնիների հպատակությունը, մտնել Ռուսաստանի Դաշնության՝  որպես ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության  իրավահաջորդի կազմը: Իսկ եթե այդպես է, ապա Գյուլիստանի հաշտության պայմանագրում հստակ գրված է, որ Լեռնային Ղարաբաղն ընդմիշտ անցնում է Ռուսաստանի կազմ 1813 թ. հոկտեմբերի 13-ից:

Ռուսաստանի վերադարձով Լեռնային Ղարաբաղ, ի դեմս խաղաղապահների, իրատեսական է թվում անցյալի բոլոր սխալներն ուղղելը, ապահովելը հայերի ինքնորոշման և անժամկետ անվտանգության իրավունքները: Իսկ Ադրբեջանը իսկական բարիդրացիական հարաբերություններ հաստատի հայկական պետության հետ: Սա է իսկական ճշմարտությունը, որ ընտրել է Ռուսաստանը դեռ 300 տարի առաջ և վճարել մեր նախնիների կյանքով արյունահեղ մարտերում հանուն քրիստոնյա հայ ժողովրդի փրկության: Ցանկալի է հավատալ Ղարաբաղի հայության երջանիկ ուղուն, ընդ որում՝ Յալթա-45-ի ոգով:

Ըստ էության, ողջ ժամանակակից աշխարհը, որպիսին մենք նրան գիտենք, յալթայական է: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Յալթայի նոր խորհրդաժողով կամ Յալթա-2 անցկացնելու գաղափարը միջազգային անվտանգության գործող մեխանիզմի արդյունավետությունը վերադարձնելու ճիշտ ուղղություն է: Այլապես բոլորս կստանանք Երրորդ համաշխարհային պատերազմ: Ի՞նչ տարբերություն, թե որտեղ այն կսկսվի: Բայց, ինչպես ասում են, Աստված չտա, որ այն սկսվի հարևանների հետ մեր սահմաններից: Վ. Պուտինը երկարաժամկետ խաղաղություն պահպանելու իրական տարբերակ է առաջարկել դեպի համաշխարհային աղետը չսահելու համար, որի մասին, ի թիվս այլոց, զգուշացնում էին 1945 թ. Յալթայում երեք մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի ղեկավարները: Եվ դա բնավ չափազանցություն չէ:

 

 

Աշխարհում արցախյան պատերազմ Յալթա-1945 Զեկույց Վիկտոր Կրիվոպուսկով

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին