Տարածաշրջանի իրավիճակը քննարկման կենտրոնում է: Այդ իրավիճակը փոխվել է նոյեմբերի 10-ից հետո: Այս մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:
Նա ողջունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի սահմանումը եւ խորին ափսոսանք հայտնեց մարդկանց մահվան եւ վիրավորման դեպքերի առնչությամբ: Նրա խոսքով՝ հայտարարության իրականացումը հնարավորություն կտա առաջ շարժվել հակամարտության կարգավորման գործընթացում:
Որպես ԵԱՀԿ գործող նախագահ նա շեշտեց Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի կարեւոր աշխատանքը երկարաժամկետ եւ տեւական խաղաղության որոնման գործում: Միեւնույն ժամանակ, Լինդեն հայտարարեց, որ չլուծված հարցեր են մնում:
«ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է խաղում առաջընթացի որոնման գործում: Այս փուլում կարեւոր է հումանիտար եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Անհրաժեշտ է վստահության մթնոլորտ եւ տեղում հասանելիություն ստեղծել»,-շեշտեց նախարարը՝ նշելով նաեւ կանանց դերը:
Նշենք, որ Անն Լինդեի մեսիջը հասցեագրված է Ադրբեջանի իշխանությանը: Բաքուն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ խոչընդոտում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասանելիությունն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ: