f

Անկախ

Փաշինյան-Արմեն Սարգսյան տանդեմը, հենվելով ուժայինների վրա, բռնազավթել է իշխանությունը.Խոսրով Հարությունյան


Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ, նախկին վարչապետ Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց. «Ընդդիմությանը դրդում են «Մարտի 1-ի» կրկնության»։

-Մոտենում է իշխանափոխության հանգեցրած իրադարձությունների 3-րդ տարելիցը։ Ի՞նչ կարող եք ասել այդ առնչությամբ։

-Երեք տարի շարունակ հասարակական կյանքի ոչ մի ոլորտում առաջխաղացում չի եղել, միայն համատարած փլուզում բոլոր ուղղություններով: Ստեղծված իրավիճակը ոչ թե առաջին դեմքերի անձեռնհասության հետևանք է, այլ 30 տարվա ընթացքում ստեղծված ամենը փլուզելու կանխամտածված ծրագրի արդյունք։ Պատերազմից հետո պրոֆեսիոնալները վստահաբար արձանագրել են պարտության միտումնավոր լինելը, տանուլ տալու դիտավորությունը։ Թվում էր, թե այսքան կորուստներից հետո (մարդկային և տարածքային) ժողովուրդը ոտքի կկանգնի. ակտիվ ռազմական գործողությունները դադարել են, իսկ մենք, ավաղ, շարունակում ենք պարտվել, Հայաստանի տարածքի ռազմավարական կարևոր բարձունքները Փաշինյանն արդեն հանձնել է ադրբեջանցիների վերահսկողությանը՝ «բանավոր ըմբռնման» հիման վրա, թեև, ինչպես պարզվեց, ըմբռնումից բացի կա կոնկրետ փաստաթուղթ։ Բացառված չէ, որ հրապարակվեն նաև այլ փաստաթղթեր, իսկ առայժմ ես չեմ դադարում զարմանալ, որ այն սպառնալիքները, որոնք իրենց մաշկի վրա զգում են Շուռնուխի բնակիչները, չեն անհանգստացնում երևանցիներին ու այլ մարզերի բնակիչներին…

-Հայրենիքի փրկության շարժմանը հաջողվեց փողոց դուրս բերել 20 հազար մարդու, վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկան Կաթողիկոսները, նախագահը, ԳԱԱ նախագահությունն ու ԵՊՀ գիտխորհուրդը: Ինչո՞ւ չի հաջողվում փողոց դուրս բերել 40, 50, 100 հազար մարդու՝ հրաժարականի հարցը վերջնականապես լուծելու համար։

-Մեզ ասում են՝ ինչո՞ւ վճռական քայլերի չեք դիմում: Ընդդիմությանը դրդում են «Մարտի 1»-ի կրկնության։ Հարց. իսկ մեր հասարակությունը պատրա՞ստ է ևս մեկ անգամ վերապրել նման բան, ընդ որում՝ երբ այս անգամ ամեն ինչ կարող է շատ ավելի սարսափելի լինել։ Մեծապես կասկածում եմ։ Պետք է հաշվի առնել, որ անվտանգության և արտաքին սպառնալիքների առումով ներկայիս իրավիճակը միանգամայն անհամեմատելի է 2008-ին տիրող իրադրության հետ։ Ի լրումն ամենի՝ հայտնի չէ, թե կհաջողվի արդյոք արդյունք ապահովել. չէ՞ որ տեսնում ենք, թե ինչպես են ուժայինները սպասարկում Փաշինյանի շահերը՝ ամենօրյա ու ամենշաբաթյա շռայլ վարձատրության դիմաց։ Դրանք ահռելի գումարներ են։

«Ուրեմն եկել է Հայաստանի վերջը»

-Վարչապետը դիպուկահարների միջոցով արդեն ցույց տվեց, որ հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի, ցույց տվեց, որ պատրաստ է կրակել ժողովրդի վրա…

-Խոսքը ոչ այնքան իր իշխանությունը երկարաձգելու Փաշինյանի ցանկության մասին է, որքան գլոբալ ծրագրի իրականացման, որի էությունը հանգում է նրան, որ Հայաստանի և հայության կենսական շահերի հաշվին դուրս մղեն Ռուսաստանին տարածաշրջանից, կրճատեն նրա ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում: Սա է իշխանության ծրագրային գլխավոր խնդիրը։ Սկզբում մենք Փաշինյանին վերաբերվում էինք որպես անձեռնհաս, ոչ բանիմաց և քաղաքական գործերում անփորձ գավառացու։ Փաստերը ցույց տվեցին, որ նա ոչ թե պարզապես պոպուլիստ է, որին հաջողվել է խցկվել իշխանություն, այլև մի անձ, որը զբաղված է հստակ ծրագրի իրականացմամբ։ Որպես ապացույց՝ վկայակոչեմ մեր օրերում արդիական մի փաստ։ Դեռ նոր էր զբաղեցրել վարչապետի պաշտոնը (2018թ. մայիսի 8), երբ արդեն հունիսին նախաձեռնեց փոփոխություններ մտցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Փոփոխությունները նախատեսում էին Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հնարավորություն վարչապետի հայեցողությամբ։ Փաշինյանն այն ժամանակ արդեն գիտեր, որ վաղ թե ուշ բախվելու է բանակի դիմադրությանը։

Կան հետևողականորեն իրականացվող ծրագրի այլ օրինակներ ևս։ Բոլորը հիշում են կարգավորման շուրջ բանակցություններին Արցախի Հանրապետության ղեկավարների մասնակցության վերաբերյալ թեզը։ Այդ թեզին հաջորդեց նախագահ Բակո Սահակյանին դիմելիս «մարզպետ» անվանելը, իսկ ավելի ուշ Ստեփանակերտում Փաշինյանը հնչեցրեց «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը, որը փակուղի մտցրեց բանակցային գործընթացը։ Ուշադրություն դարձրեք, եթե Փաշինյանը կարևորում է ինչ-որ խնդիր կամ գործոն, ապա դա ազդանշան է առ այն, որ շատ շուտով այդ հարթությունում մեզ սպասվում են մեծ խնդիրներ։ «Արցախը Հայաստան է, և վերջ». արդյունքում Արցախից գրեթե ոչինչ չի մնացել, այսօր իշխանության ներկայացուցիչները նույնիսկ չեն այցելում Ստեփանակերտ։ Երբ նա սկսեց կրկնել, որ Սյունիքը հայոց պետականության առանցքն ու ողնաշարն է, ես անմիջապես ասացի, որ շուտով այնտեղ խնդիրներ են լինելու... Այսօր բանը հասել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքներին։ Մեզ ասում են, թե միջանցքի հետ կապված անհամաձայնության դեպքում մեզ կհարկադրեն։ Նրանք կարող են կատարել իրենց սպառնալիքը, քանզի, կրկնեմ, Փաշինյանը նրանց է հանձնել Սյունիքի բոլոր ռազմավարական բարձունքները։ Այսօր նա խոսում է «նոր Հայաստանի» կառուցման մասին, ուրեմն եկել է Հայաստանի վերջը։ Սրանք բանավոր ծածկագրեր են, պետք է կարողանալ վերծանել դրանք:

-Ի՞նչ անել:

-Ողջ մտավորականությունը (գիտական և ստեղծագործական) ոտքի է կանգնել։ Հասարակական կառույցները խոսում են վարչապետի շուտափույթ հրաժարականի անհրաժեշտության մասին։ Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որ Զինված ուժերը ապահովում են պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, ի դեմս Փաշինյանի մատնանշելով թիվ 1 սպառնալիքը այդ գործառույթների կատարման համար։ Շատերը սպասում էին, որ Գլխավոր շտաբի կողմից վարչապետի հրաժարականի պահանջին կհաջորդեն կոնկրետ գործողություններ։

-Իսկ դուք չէի՞ք սպասում:

-Ոչ: Եթե հիշում եք, հայտարարության մեջ նշված էր զանգվածային ակցիաների ուժային ճնշման անթույլատրելիությունը։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Գլխավոր շտաբի պետը, գիտակցելով անձնական պատասխանատվությունը, ժողովրդին ասում է, որ բոլոր ուժային կառույցների զինված ստորաբաժանումները, որոնք ռազմական դրության պայմաններում գտնվում են իր օպերատիվ ենթակայության տակ, ցուցում են ստացել զենք չկիրառել։ Ինձ համար դա ազդանշան էր, որ Գլխավոր շտաբի պետն այդպիսով ապահովում է փողոց դուրս եկած զանգվածների կամարտահայտման ազատությունը։ Այդ ժամանակ պետք էր կոնկրետ քայլեր սպասել ընդդիմությունից։ Հիշո՞ւմ եք մարտի 1-ի հանրահավաքը Բաղրամյան պողոտայում, որը շատ ավելի պատկառելի էր, քան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միտինգը։ Այդ ժամանակ կարելի էր օգտվել փողոցային ակցիաների մասնակիցների թվից և ստիպել վարչապետին հրաժարական տալ։ Ավաղ, դա տեղի չունեցավ, իշխանությունը մեզ այլ ելք չթողեց, քան գնալ առճակատման։ Բայց մենք երբեք այդ ելքից չենք օգտվի և արկածախնդրության չենք դիմի։ «Մարտի 1»-ի կրկնությունն անթույլատրելի է։

«Ընդդիմության համար նախագահը հուսալի գործընկեր չէ»

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք երկխոսության վերաբերյալ նախագահի նախաձեռնությունը:

-Կասեմ, որ նրանք Փաշինյանի հետ իրականացնում են նույն ծրագիրը։ Ես կասկած չունեմ, որ Փաշինյան-Արմեն Սարգսյան տանդեմը, հենվելով ուժայինների վրա, բռնազավթել է իշխանությունը։ Վարչապետի հակասահմանադրական բոլոր արարքները ձեռնարկվել են նախագահի լուռ թողտվությամբ, ներառյալ՝ Գլխավոր շտաբի պետի հակասահմանադրական պաշտոնազրկումը, մինչդեռ Օ.Գասպարյանը սահմանադրականություն էր հաղորդել գործընթացներին՝ հասկացնելով, որ զորքեր չի մտցնելու և այդպիսով ապահովելու է զանգվածների ազատ կամարտահայտումը։ Դա ճիշտ և կշռադատված դիրքորոշում էր, ոչ ի վնաս երկրի անվտանգության։ Սահմանադրական կարգը պահպանելու փոխարեն՝ նախագահը հերթական անգամ անտեսեց իր պարտականությունները, ընդ որում՝ արդեն այն բանից հետո, երբ ինքն է պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Ներկա իրավիճակի համար նա պատասխանատվություն է կրում վարչապետի հետ հավասար։ Ընդդիմության համար նախագահը հուսալի գործընկեր և անկողմնակալ միջնորդ չէ բախման գլխավոր մասնակիցների միջև քննարկումներում։ Այդ պատճառով Հայրենիքի փրկության շարժումը հրաժարվեց մասնակցել նրա նախաձեռնած քննարկումներին։

-Ազգային-ազատագրական պայքարը պետք է լույս ունենա թունելի վերջում. ե՞րբ է այն երևալու:

-Երբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին հեռուստատեսությամբ հետևող մարդիկ միանան ընդդիմությանը։ Ժամանակն է հասկանալ, որ խոսքը ոչ թե ապաշնորհ իշխանությանը գործունակով փոխարինելու փորձի մասին է, այլ ազգային-ազատագրական պայքարի, ուստի յուրաքանչյուր ոք պետք է գա Բաղրամյան պողոտա և վառի իր մոմը։ Նրանք, ովքեր տանը նստած կտրուկ ու վճռական քայլեր են պահանջում մեզանից, իրենց պասիվությամբ ջուր են լցնում վարչապետի ջրաղացին։

«Գնալ արտահերթ ընտրությունների, կնշանակի՝ լեգիտիմ ճանաչել Փաշինյանի քաղաքականությունը»

-Տեղի՞ն կլինի կանխատեսել Փաշինյանի հրաժարականն առաջիկայում:

-Պատրանք կա, թե նրանից կարելի է ազատվել արտահերթ ընտրությունների միջոցով, իբր՝ դա քաղաքակիրթ ճանապարհ է։ Իմ կարծիքով, այդ ճանապարհը չի համապատասխանում այն իրականությանը, որում բոլորս հայտնվել ենք։ Փաշինյանն ունի զրո լեգիտիմություն, հետևաբար՝ զրո հնարավորություն հավակնելու իշխանության։ Նրան պետք է պաշտոնազրկել և պատասխանատվության ենթարկել օրենքի անունից։ Որպեսզի խուսափենք նույնի կրկնությունից պետության ապագա ղեկավարների պարագայում։ Գնալ արտահերթ ընտրությունների, կնշանակի՝ լեգիտիմ ճանաչել Փաշինյանի քաղաքականությունը։ Դա կնշանակի, որ իր արած ամենը մենք համարում ենք ոչ թե ձախողում ու դավաճանություն, այլ ճղճիմ անհաջողություն։ Սա աններելի և անթույլատրելի մոտեցում է մեր ազգային արժանապատվության վերականգնման տեսանկյունից։

-Շարժման ներկայիս մարտավարությունը կարո՞ղ է ցանկալի արդյունք արձանագրել տեսանելի հեռանկարում:

-Ինչպե՞ս կարելի է տեղի ունեցած ամենից հետո մնալ տանը և հանրահավաքի չգալ գոնե 2-3 ժամով։ Չի մնացել ոչ մի կազմակերպություն, որը դեմ չի արտահայտվել իշխանությանը։ Նախագահները, Կաթողիկոսները, հասարակական մասնահատվածը... Մենք առաջին անգամ ենք բախվել մի իշխանության, որը թքած ունի ժողովրդի վրա։ Այստեղից հետևություն. սա իշխանություն չէ, այլ գործակալական ցանց, որն իրականացնում է արտաքին ուժերի ծրագիրը։ Վերջին մի քանի ամիսներին մենք ականատես ենք Թուրքիայի և Ադրբեջանի արդեն երկրորդ համատեղ զորավարժություններին։ Ինչո՞ւ են պատերազմը շահած բանակները մեկը մյուսի հետևից լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնում հարձակողական սցենարով։ Ենթադրենք, թե նրանց նպատակը Հայաստանը չէ, բայց նույնիսկ այդ դեպքում խոսքը տարածաշրջանում իրենց ռազմաքաղաքական ներկայությունը մի քանի անգամ ուժեղացնելու մտադրության մասին է։ Դա կարելի է անել միայն հայկական տարածքների հաշվին։ Եթե ենթադրենք, թե այս անգամ թիրախը Իրանն է, ապա միևնույն է, նշյալ ծրագրի իրականացումը հնարավոր է միայն Սյունիքի միջով։ Ես համամիտ չեմ, թե պատերազմը Հայաստանի տարածքում իրական է միայն հեռավոր ապագայում։ Տեսեք, թե ինչպես է իրեն պահում Էրդողանը։ Նա բանակցություններ սկսեց Եգիպտոսի հետ, որոշեց չեզոքացնել խնդիրներն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, կարգավորում է հարաբերությունները Ֆրանսիայի հետ, բանակցություններ վարում Հունաստանի հետ... Այդ ուղղություններով նրան հանդարտություն է պետք, հետևաբար՝ կենտրոնացնում է ուշադրությունն այլ ուղղությամբ և զորավարժություններ անցկացնում: Եթե արևելյան ուղղությամբ նա հանդարտեցնում է իրավիճակը, նշանակում է, որ նոր կարևոր խնդիր է դրել իր առջև։

Բացառված չէ, որ այդ խնդիրը կապված Է Իրանի հետ, բայց նույնիսկ այդ դեպքում Իրանի մեկուսացումը հնարավոր է միայն Սյունիքի նկատմամբ ռազմական վերահսկողության պայմանով։ Ասում են՝ «ռուսները դա թույլ չեն տա», բայց Ռուսաստանն այսօր Ուկրաինայում ընթացող հակամարտության ճնշման տակ է, նրա ռեսուրսներն անսահման չեն։ Ռուսաստանը կարող է հայտնվել դժվարին ընտրության առջև... Նախքան պատերազմը Փաշինյանը գլխատեց Արցախի Պաշտպանության բանակը, այսօր նա նույնն է անում Հայաստանի բանակի հետ։ Դա գլոբալ ծրագրի մասն է։ Մենք կորցնում ենք պետությունը։ Եթե մարդիկ մտածում են իրենց զավակների ու թոռների ապագայի մասին, ապա նրանց տեղը Բաղրամյան պողոտայում է։

Եվ էլի մի բան. 3 տարի շարունակ Հայաստանում եղել է միայն մեկ պետական ինստիտուտ, որն աշխատել է հստակ ու արդյունավետ։ Դա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ինստիտուտն է, և թող որևէ մեկն ասի ինձ, թե իշխանության այսպիսի վերաբերմունքն այդ ինստիտուտի և Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ հենց նույն գլոբալ ծրագրի մասը չէ։ Թող նախագահը պատասխանի ինձ. թույլատրելի՞ է արդյոք այս պայմաններում կրճատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը...

 

Խոսրով Հարությունյան հարցազրույց վարչապետի հրաժարական Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են. Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»
Շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճում
ՀՀ-ում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան
Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. դպրոցի տնօրենը կվերականգնվի իր պաշտոնին
Ավելին
Ավելին