Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքում անդրադարձել է մարտի 5-ին կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանը և դրա արդյունքներին։ Նա գրում է․
-1.Ինչպես և ակնկալվում էր, մարտի 5-ին Իդլիբի խնդրի շուրջ Մոսկվայում տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունները բավականին բարդ էին։ Դրա վկայությունը շուրջ 6 ժամ տևած հանդիպումն էր, ձեռք բերված պայմանավորվածության ժամանակավոր բնույթը։
2.Երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածության ակնհայտ ցուցիչներ են Էրդողանի գլխավորած բազմամարդ՝ 1 ամբողջ ինքնաթիռ պատվիրակության այցը, նաև բուն բանակցություններից առաջ՝ հրապարակային զրույցի ընթացքում, երկու ղեկավարների մտահոգ տեսքն ու փոխադարձ աչքերի մեջ նայելուց խուսափելու հանգամանքը։
3.Ստորագրված հուշագիրն իրավական առումով ընդամենը հավելում է դեռևս 2018թ․ սեպտեմբերի 17-ին Սոչիում կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության, ինչը նշանակում է, որ Իդլիբի հիմնախնդրի կարգավորման գործընթացում բովանդակային փոփխություն չի նախատեսվում։ Նոր փաստաթղթի առանցքային կետն անմիջապես հրադադարի հաստատումն է հակամարտ ուժերի զբաղեցրած դիրքերում․ ասել է, թէ՝ վերադարձ նախկին դիրքերին, ինչպես պահանջում էր Անկարան, չի լինելու։
4.Ձևի և բովանդակության համեմատության մեջ՝ ձևական առումով որքան էլ թուրքական կողմը զիջեց՝ Ռուսաստանի մերժումից հետո հրադադարի խնդրանքով նման բարձրաստիճան պատվիրակությամբ աճապարելով Մոսկվա, այդուհանդերձ, բովանդակային առումով շահեց՝ հասնելով Իդլիբի ազատագրման ռազմագործողության կասեցմանը և սեփական դիրքերի պահպանմանը։ Բովանդակային առումով Ռուսաստանի ստացած առավելությունները(եթե դրանք կան), դեռևս չեն երևում։
5.Ռուս-թուրքական վերջին լարվածությունը լուրջ փորձություն էր երկկողմ հարաբերությունների համար։ Վստահաբար, այն իր սթափեցնող ազդեցությունն է ունենալու երկու երկրների միջև հետագա փոխգործակցության զարգացման վրա։
6.Մոսկվայի հուշագիրը ժամանակավոր բնույթ է կրելու, քանի որ չի պարունակում Իդլիբի հիմնախնդրի կարգավորման հստակ լուծում։ Կողմերի պարտավորությունները գրեթե նույնն են, նոր հավելումները նախկինների տրամաբանության մեջ են։ Սիրիական հիմնախնդրի վերջին ռազմական թնջուկը շարունակում է չկարգավորված մնալ՝ դրանով իսկ խոչընդոտելով հակամարտության հանգուցալուծման գործընթացին։