Նիկոլ Փաշինյանը բացարձակ չունի ներքին լեգիտիմություն, որովհետև երկրի ներսում բոլորը հայտարարել են, որ նա պրոբլեմ է այս երկրի համար։ Սա պետք է ժողովուրդը հասկանա, «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, տեղեկացնում է Aysor.am–ը։
«Ով էլ դժվարանում է հասկանալ, ես պատրաստ եմ նստել և երկար բացատրել: Ես այլևս ունեմ լիքը ազատ ժամանակ, որովհետև կատարեցի իմ խոստումը, դիմում գրեցի և դուրս եկա համալսարանից», - ասել է Արա Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելիս Սաղաթելյանը հայտարարել էր հետևյալը. «Դադարեցնելու եմ իմ մանկավարժական գործունեությունը և այլևս դաստիարակելու եմ այս երկրում մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»։
Սաղաթելյանի խոսքով՝ քանի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանություն են, այս երկիրը ոչ մի առաջընթաց չի ունենալու և վնաս է կրելու։
«Եվ մենք պետք է իմանանք, որ այդ վնասը կրում են և այն 1 մլն 700 հազար ընտրողները, որոնք երբեք Փաշինյանին ձայն չեն տվել, և մոտավորապես այն 650 հազարը, որոնք վստահել են Նիկոլ Փաշինյանին, խաբված են, հիասթափված են, և այն 200 հազարը, որոնք մինչև այսօր մոլորության մեջ են։ Բոլորիս վրա է ազդում այդ շարունակական պարտությունը և դա շարունակվելու է ամեն օր, քանի այդ թիմը երկրի ղեկավարության մեջ է։ Այս իրավիճակներում լուծումը քաղաքակիրթ աշխարհում մեկն է լինում, իրենք չգնացին այդ ճանապարհով և հրաժարական չտվեցին, բայց մենք պետք է հասնենք դրան՝ ընտրությունների միջոցով։ Իշխանություն պետք է գան նոր մարդիկ։ Նոր մարդը նա է, ով սրանց հետ կապ չի ունեցել։ Մենք պետք է անենք դենիկոլիզացիա, բայց մենք չենք կարող մարդկանց հետապնդել, պետք է մարդկանց հնարավորություն տալ հասարակություն վերադառնալ արժանապատիվ կերպով», - ասել է Արա Սաղաթելյանը։
Հարցին, թե իրենց թիմը ձգտում է իշխանության, Սաղաթելյանը պատասխանել է. «Մեր թիմը երբեք չի ձգտել իշխանության՝ շատ պարզ պատճառով, մենք միշտ եղել ենք պահանջված՝ պետական համակարգից դուրս»։